Կիբերհանցագործները կրկին թիրախավորել են ռուսական թատրոնը
ՄշակութայինԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հայտարարությամբ է հանդես եկել` զգուշացնելով հանդիսատեսին, որ կիբերհանցագործները ստեղծել են թատրոնի կեղծ կայք, որի միջոցով վաճառում են նաեւ տոմսեր: Ընդ որում` սա առաջին դեպքը չէ, այս մասին «Իրավունքը» զրուցել է թատրոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:
— Մոտ երկու շաբաթ առաջ եւս թատրոնը կրկին հայտարարությամբ էր հանդես եկել` զգուշացնելով հանդիսատեսին կեղծ կայքի մասին: Ի՞նչ է կատարվում:
— Շատ անսպասելիորեն իմացանք, որ մեր թատրոնի ֆեյք կայք է ստեղծվել: Այս մասին տեղյակ ենք պահել ոստիկանությանը, որքանով տեղյակ եմ, կիբերբաժինն է զբաղվում այս հարցով եւ անում են, ինչ հնարավոր է: Բայց ցավն այն է, որ այդ կայքը փակվեց, ու բացվեց մեկ այլ կայք: Ու, փաստորեն, իբր մեր թատրոնի անունից, թեպետ ոչ մեր ներկայացումների, տոմսեր են վաճառվում: Ընդ որում` օնլայն տարբերակով ոչ միայն տոմսի գումար են շորթում, այլ նաեւ այն գումարները, որոնք կան մարդկանց քարտերի վրա:
— Այսինքն` այս կիբերհանցագործության զոհ դարձել է ոչ միայն թատրոնը, այլ նաեւ հանդիսատե՞սը: Ի՞նչ պետք է անի հանդիսատեսն այդ դեպքում:
— Այն բոլոր տուժածները, որոնք զանգահարում են մեր թատրոն, ասում ենք` միանգամից զանգահարեք ոստիկանություն, որովհետեւ մենք որեւէ կապ չունենք: Այս խնդիրը սկսվեց մեր թատրոնից, բայց հիմա բոլոր թատրոններով անցել ենք լրիվ ուրիշ «դարաշրջան»: Հիմա օնլայն տարբերակով ցանկացած գործարքից պետք է զգույշ լինենք եւ զգոն: Այո՛, մեր օրերում շորթումները կատարվում են ոչ թե գրպանից, այլ էլեկտրոնային տարբերակով:
— Ստացվում է, որ այս խնդիրը կարող է բախել յուրաքանչյո՞ւր թատրոնի դուռը:
— Ոչ միայն թատրոնները, այլեւ ոչ մեկս ապահովագրված չենք, որ նման ոչ պարկեշտ մարդկանց զոհը կարող ենք դառնալ:
— Ի՞նչ կհորդորեք հանդիսատեսին, որը ներկայացման տոմս է գնում օնլայն տարբերակով: Ինչպե՞ս զգուշանան:
— Մենք աշխատում ենք առցանց տոմսարկղերի հետ: Շատ վստահ կարող են օգտվել tomsarkgh.am, tkt.am, ticketon.am կայքերից եւ, բնականաբար, մեր տոմսարկղից: Պարզապես, բոլորս պետք է ավելի զգույշ եւ զգոն լինենք, որովհետեւ մտել ենք նոր դարաշրջան, որտեղ հանցագործությունները կատարվում են նաեւ օնլայն տիրույթում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ