«Դերասանուհու մահվան մեջ մեր բաժին մեղավորությունն ունենք բոլորս»
ՄշակութայինԱյսօր վերջին ծափերին կարժանանա ՀՀ վաստակավոր արտիստ ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: 75-ամյա դերասանուհին 16 օր դիմացավ հիվանդանոցում՝ այլեւս ուժ չգտնելով պայքարելու միայնության, անարդարության դեմ… Նրա մարմինը կամփոփվի հայրենի Գյումրիում: Իսկ երեկ հասցրեց վերադառնալ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական հարազատ թատրոն ու բեմ բարձրացավ՝ միայն թե արդեն դագաղի մեջ: Կոպի՞տ է ասված, բայց ինքն էլ իր բնավորությանը հատուկ չէր խորշի իրավիճակը ներկայացնել ինչպես կա՝ առանց փաթեթավորելու իրականությունը կեղծ պաթոսով ու սին սրտաճմլիկ խոսքերով: Դերասանուհու ուզածը միայն դեր ունենալն էր, սա էր համարում իր միակ բուժումը: Սակայն ծննդյան հոբելյանին ընդառաջ՝ նա «նվեր» ստացավ ծանուցում, որ այն թատրոնից, որի հիմնադիրներից է, իրեն ազատում են աշխատանքից: Բախեց դռները Երեւանի քաղաքապետարանի, որտեղից իջել էր հրամանը, փորձեց ԿԳՄՍ նախարարության ղեկավարության թասիբը շարժել, կոշտ ու քաղցր խոսքով ամոթանք տվեց ղափլանյանականներին, բայց արժանացավ միայն փակ դռների, ու կյանքն արժեզրկվեց իր համար, իսկ մահը դարձավ միակ ելքը: Այո՛, տեղի ունեցավ խմբակային «հանցագործություն», նրան «սպանեցին» հանրային անտարբերությամբ՝ գերատեսչություններից սկսած մինչեւ հարազատ գործընկերներ:
ՈՐՆ Է ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌԸ
«Հայրեններ» գրքի հեղինակ, հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ վերջիններից մեկն էր, ով այցելել էր «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Լուսինե Կիրակոսյանին: «Իրավունքի» հետ զրույցում նա փակագծեր բացեց՝ հանդիպման մանրամասների վերաբերյալ:
— Որքան էլ հիմա դժվար է խոսել այդ մասին, բայց կպատմե՞ք, թե վերջին օրերին ի՞նչ վիճակում էր դերասանուհին…
— Շատ դրամատիկ եւ ցավալի է, բառեր չեմ գտնում ասելու: Երբ մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ Լուսինե Կիրակոսյանը գտնվում է հիվանդանոցում, այցելեցի նրան հենց հաջորդ օրը: Վերակենդանացման բաժանմունքում հազիվ եմ ճանաչել նրան, որովհետեւ շնչառական ապարատ էր իրեն միացված, եւ պալատում եւս վեց հիվանդ կար: Բայց գիտակցությունը տեղն էր, ինձ անմիջապես ճանաչեց եւ սկսեց խոսել:
— Պարոն Խուրշուդյան, իսկ ի՞նչ էին ասում բժիշկները, մի՞թե փրկելու շանսեր չկային:
— Բժիշկներից մեկն ինձ ասաց, որ իրեն փոքր-ինչ կամակոր է պահում, եւ խնդրեց, եթե հնարավոր է, համոզել նրան, որ բժիշկների ասածները լսի: Իր մոտ երկկողմանի թոքաբորբ էր, եւ քանի որ ուներ նաեւ շաքարային դիաբետ, բժիշկների ամբողջ մտավախությունն այն էր, որ թոքերի ու շաքարային դիաբետի խնդիրը սրտի վրա չազդի, որի դեպքում արդեն ապրելու հավանականությունը շատ փոքր կլիներ: Կարծում եմ՝ հենց այդպես էլ եղել է:
ԻՆՉ ԷՐ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ
— Իսկ ի՞նչ խոսեցիք Լուսինե Կիրակոսյանի հետ, ի՞նչ էր պատմում, ի՞նչ էր ցանկանում:
— Շատ էր զարմացել, որ այցելել էի: Անմիջապես սկսեց գանգատվել ձանձրույթից, որ անընդհատ պառկած է: Ասում էր. «Մամիկոն ջան, ձանձրույթից առաստաղի բոլոր քառակուսիները հաշվել եմ՝ 82 հատ են»: Հումորը չէր կորցրել անգամ այդ պահին: Ես ձեռքը բռնել էի ու հորդորում էի, որ լսի բժիշկներին, իսկ ինքը խոսում էր միայնությունից: Իրեն շատ մենակ ու լքված էր զգում, պատմեց, որ մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը երկու անգամ գիտակցության կորուստ էր ունեցել դրսում: Մոտ երկու շաբաթ արդեն հիվանդ էր եղել եւ երկրորդ գիտակցության կորստից հետո՝ ընկերուհին էր ստիպելով հիվանդանոց բերել (ի դեպ, չիմացա, թե որ ընկերուհին):
— Ձեր այցից հետո՝ գրառում էիք կատարել սոցցանցում եւ հորդորել էիք Լուսինե Կիրակոսյանի խաղընկերներին, կոլեգաներին լինել նրա կողքին, գոտեպնդել…
— Գիտեք, շատ ազդվեցի իր հետ հանդիպումից հետո: Երբ վերադարձա տուն, անմիջապես Ֆեյսբուքում գրառում արեցի՝ դիմելով, խնդրելով ու հորդորելով Լուսինե Կիրակոսյանի կոլեգաներին, դերասանական ոլորտի ներկայացուցիչներին, որ գնան նրան տեսակցության: Իմ կարծիքով՝ հորդորներս արձագանք չգտան, եւ հիմա այնքան ցավ եմ ապրում, որ բոլորը սկսեցին տարբեր գրառումներով հանդես գալ միայն Լուսինե Կիրակոսյանի մահից հետո, այնինչ դերասանուհին իր վերջին օրերին ցանկանում էր, որ գոնե այդ մարդկանց հետ թեկուզ հինգ րոպեով շփում ունենար: Մինչդեռ իր կյանքն ավարտեց հիվանդանոցում՝ միայնության մեջ: Շատ դրամատիկ էր…
«ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՇԱՏ ՏԱՆՋՎԵՑ»
— Կարծում եք՝ հնարավոր կլինե՞ր երկարացնել նրա կյանքը, եթե տեսներ, որ այցելուների պակաս չունի, ուշադրության կենտրոնում է, միայնակ չէ:
— Ըստ իս, այո, որովհետեւ այնքան ներուժ ու կորով ուներ իր մեջ: Ամեն դեպքում, կյանքի վերջին տարիներին դերասանուհին շատ տանջվեց, եւ այդ առումով կարծում եմ՝ մեր բաժին մեղավորությունն ունենք բոլորս՝ հասարակությունը: Վստահաբար կարող եմ ասել, որ բոլորս էլ ունենք այնպիսի ավագ ընկերներ, ովքեր մեր ուշադրության կարիքն ունենում են, եւ հաճախ ենք միմյանց ասում՝ մի հատ զանգիր, իր հետ խոսի՝ շատ լավ կզգա: Իրոք, սա Լուսինե Կիրակոսյանի օրինակով կարող եմ ասել: Մի զանգն անգամ մեծ ազդեցություն էր թողնում, ուժ էր տալիս, շարժառիթ էր ստեղծում, որպեսզի ոտքի կանգնի, ոգեւորվի, առաջ նայի: Մինչդեռ այս պարագայում ոչինչ չարվեց, մեր կողքին՝ Երեւանում, յուրաքանչյուրիցս մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիվանդանոցում դերասանուհին հանգչեց օտարության մեջ՝ լինելով ինքը բոլորիս կողքին, բոլորիս մտերիմը: Եվ հիմա ցանկանում եմ, որ Լուսինե Կիրակոսյանը, որպես բոլորիս համար վեր հառնող մի բարի հրեշտակ, իր օրինակով ցույց տա եւ զգոնացնի, որպեսզի չկրկնենք այս սխալը: Մեր կողքին ապրող մեծերին՝ լինի դերասան-դերասանուհի, թե շարքային տատիկ ու պապիկ, միայնակ չթողնենք, բոլորս օգնենք, նրանց կողքին լինենք, ինչ-որ չափով բարություն անենք: Բարի արանքները երբեք չպետք է հետաձգել, որովհետեւ բարությունն անհաղթ է:
— Այնուամենայնիվ, այն ապրումները, որը Դուք ունեք հիմա, փաստում է, որ Լուսինե Կիրակոսյանն իրականում այդքան էլ միայնակ չէր եւ հարուստ էր Ձեզ պես մարդկանցով:
— Շատ հայտնի մարդկանց եմ ճանաչել աշխատանքի բերումով, նրանց պատվել ենք, տարբեր անվանակարգերում մրցանակներ ենք հանձնել, մեծարման երեկոներ ենք կազմակերպել, բայց այս դեպքն ինձ համար մի առանձնահատուկ ողբերգություն է, որովհետեւ անմիջապես եմ հետը շփվել իր վերջին օրերին: Անընդհատ հիշում եմ, թե ինչպես էի ձեռքը բռնել ու փորձում էի համոզել, որ ինքն ուժեղ է, կարող է: Այսօր մի տեսակ ներսս ամբողջությամբ խառնվել է իրար: Մենք թույլ ու անօգնական էինք նրա կյանքի համար պայքարում եւ, ցավոք, մահը հաղթեց մեզ: Դրա համար ասում եմ՝ սիրե՛ք իրար, ինչքան կարող եք բարություն գործեք եւ հոգատար եղեք միմյանց հանդեպ: Այնպես չէ, որ մեզնից յուրաքանչյուրս հրեշտակ է, բայց կյանքի մայրամուտում գոնե պարտավոր ենք որոշակի առումով նեցուկ լինել մեր մեծերին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ