Հայաստանի ոչնչացման օպերացիան շարունակվում է
ՄիջազգայինՀռոմի ստատուտի վավերացման թեման աչքի առաջ վերածվում է հերթական կլոունադայի: Երկար աղմուկից հետո ՀՀ իշխանությունները, ի դեմս ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի, հայտարարեցին, թե` Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները եւ կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: Այսինքն, էլ Պուտինին չե՞ն ուզում ձերբակալել...
ՀՈՂԵՐ՝ ԱՌԱՆՑ ԿՐԱԿՈՑԻ
Ավելի վաղ ենթադրել էինք, որ կգա պահը, երբ նիկոլյան խունտան կփորձի Պուտինին ձերբակալելու սպառնալիքների կարգի ծայրահեղ արեւմտամոլական քայլը կապել Ադրբեջանի հետ, թե վավերացնում են, որ հանցագործ ազերիներին հետո կարողանան դատել: Ու Արշակյանն էլ դա էր պնդում. «Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը...»: Չէ, սա մանիպուլյացիա է, ոչ մի նման ռեալ հնարավորություն չկա: Լաչինի հետ կապված նույն Հաագայի դատարանի որոշում կայացրեց. ո՞ւր է պատասխանատվությունը:
Նաեւ, Արշակյանը փորձում է բացատրել, թե ինչու էին իրենց որոշ պատգամավորներ մինչ այս հայտարարում, թե այդ վավերացումը Պուտինին ձերբակալելու հնարավորություն է տալիս. «Կարծում եմ, մեր խմբակցության պատգամավորը տպավորվել է ռուսական մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչի համար ցավում եմ: Բնականաբար՝ իշխող կուսակցությունը եւ թիմը նման մտադրություն կամ ցանկություն չունի...»: Այսինքն, պետք էր այդքան ժամանակ սպասել, որ ասեին, թե իրենց պատգամավորը (համապատասխան տերմինը չենք օգտագործում) այդքան խեղճուկրակ տպավորվողի մե՞կն է: Բա մեկը, որ կարող է այդպես «տպավորվել» եւ պետությանը հսկայական վնաս տալ, ի՞նչ է անում խորհրդարանում:
Կարճ ասած, ըստ Արշակյանի. «Կարծում եմ՝ կկարողանանք այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին»: Երկու հարց: Ինչո՞ւ է այս մասին խոսում հենց Արշակյանը ու ինչո՞ւ երկար պաուզայից հետո:
Արշակյանի հարցը պարզ է. պետք եղավ, վաղը-մյուս օրը Ալենը կամ Նիկոլը կհայտարարեն, թե, ընդհակառակը, դա Արշակյանն էր «տպավորվել սոցիալական ցանցերից», եւ նրա ասածները «իշխող կուսակցության եւ թիմի կարծիքը չեն արտահայտում»: Պետք եղավ, կհաստատեն, թե, այո, մենք ենք Արշակյանին հանձնարարել, որ այդ տեսակետը հնչեցնի: Տիպիկ նիկոլյան ոճ, կախված նրանից, թե վաղը որ կողմ է պետք շրջվել:
Երկրորդը, ինչու այսօր: Այստեղ նախ չմոռանանք, որ Արշակյանի այդ ճառը հաջորդեց առանց կրակոցի Տեղ գյուղի հողերը ազերիներին տալու պատմությանը, որն ակնհայտորեն չի հիացրել ո՛չ Մոսկվային եւ ո՛չ էլ՝ Թեհրանին: Շատ պարզ պատճառով:
Թե ինչու Տեղ գյուղի հողերը տվեցին, կարելի է կապել նաեւ Նիկոլի վերջին հայտարարություններից մեկի հետ: Հիշենք, փետրվարի 8-ին նա հստակ հայտարարեց, թե ինչ է ընկալում Հայաստանի սահման ասելով. «Ինչու՞ է հնարավոր դարձել Եվրամիության քաղաքացիական առաքելության գործուղումը, որովհետեւ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ ու համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, նրանք ընդունել են ի գիտություն եւ հաստատել են: Իրենք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու, դիտելու»:
Դեռ այդ հայտարարությանը զուգահեռ առիթ ունեցանք կարծիք հայտնել, որ դա մեկ բան է նշանակում՝ հայ ժողովրդի թիկունքին սահմանազատում: Եվ հիմա, երբ Պրահայում գաղտնի պայմանավորվել են, այն է՝ «Եվրամիությունը հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը», ու հիմա էլ ազերիներն առանց մեկ կրակոցի գալիս, Տեղ գյուղի մոտ նստում են ինչ-որ հատվածում, ապա դա խոսում է այն մասին, որ այդ առաջընթացը հենց «Եվրամիությունը հստակ գծագրած սահմանի» մասին գաղտնի պայմանավորվածության համաձայն է:
Թե ինչ սահմանի մասին է խոսքը, բացատրում է մեր աղբյուրը. «Այս չորս-հինգ օրերի ընթացքում Տեղ գյուղի գյուղացիների հետ հանդիպման ու նրանց զրույցների ժամանակ ակնհայտ խոսվում էր, որ սա դավաճանական քայլ է եղել գործող իշխանությունների կողմից, եւ լավ էլ իմացել են, որ թուրքը անարգել մտել է Տեղի հողատարածքները: Տեղի գյուղացիների պահանջը մեկն էր` ապահովել զենքով ու դուրս շպրտել թուրքերին իրենց պապեկան հողերից: Եվ քանի որ անգիր գիտեմ այդ տարածքների մասին, որ մանկությանս 16 եւ ավելի տարիները այդտեղ եմ անցկացրել, այժմ գտնվում է թուրքի հսկողության տակ: Գյուղի տարեց մարդիկ պատմում են, որ դեռեւս 30-ական թվականներից մինչեւ 50-ական թվականներն այդ հողերի հանդեպ ոտնձգություններ են արել ազերիները, որոնց չի հաջողվել տիրանալ: Իսկ արդեն սեփականաշնորհումից հետո այն տրամադրվել է Տեղի գյուղացիներին: Ցավն այն է, որ այս ստոր գործարքը եղել է Նիկոլի ու Ալիեւի գաղտնի պայմանավորվածությունը, եւ արդյունքում եղավ այն, ինչն այսօր մենք տեսնում ենք: Եվ թող զարմանալի չթվա, որ այսպես կտոր-կտոր զիջելով, վաղը թուրքերը հասնելու են Երեւան»:
ԻՆՉՈՒ ԱՐԳԵԼԱՓԱԿԵՑԻՆ ՀԱՊԿ-Ի ՄՈՒՏՔԸ ՍԱՀՄԱՆ
Սրա իրավական գնահատականը, իհարկե, կարող է տրվել միայն իշխանափոխությունից հետո, թեեւ ակնհայտ է, որ խոսքը ապօրինի սահմանազատման մասին է: Սակայն մինչ այդ, խնդրին մյուս կողմից նայենք: Իր ելույթում Նիկոլը հերթական անգամ խոսեց, թե ինչու ՀԱՊԿ առաքելությանը չեն թողնում Հայաստանի սահմաններ. «Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարեւոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել...»: Սա հին «բլեֆն» էր, որի պատասխանը քանիցս տրվել է: Եթե ընդունվում են Ալմա-Աթայի համաձայնագրով սահմանված խորհրդային սահմանները, ապա դրա բոլոր հստակ քարտեզները կան Մոսկվայում: ՌԴ-ն քանիցս է դա ասել, այսինքն, որ այն բանից հետո, երբ Նիկոլն ու Ալիեւը միասին դիմեցին Պուտինին, թե՝ ընդունում ենք Ալմա-Աթայի համաձայնագիրը, դրանով նաեւ մեկ մետրի ճշգրտությամբ հստակ էր, թե որն են նրանք համարում Հայաստանի եւ Ադրբեջանի սահման, այսինքն, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Բայց եթե Եվրամիությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ամերիկացիները, էլ ավելի կոնկրետ՝ անգլոսաքսերը «հստակ գծագրել են» սահմանը ու հիմա առանց կրակոցի հանձնում են հողեր, որոնք դրան համապատասխան են եւ որոնք Մոսկվայում եղած խորհրդային քարտեզներով Հայաստանի տարածքում են, արդեն շատ ավելի պարզ է դառնում, թե ինչու ՀԱՊԿ-ը այդ տարածքներ չպետք է մտնի: ՀԱՊԿ-ը կգործեր խորհրդային սահմաններին համապատասխան, եւ այդ դեպքում «Եվրամիության հստակ գծագրած» սահմաններն իրականություն դարձնել հնարավոր չէր լինի:
Այսպիսով, այս ողջ պատմությունը եկավ նորից հուշելու, որ իրականում Նիկոլն ու Ալիեւը շարունակում են խաղալ՝ «Եվրամիությունը հստակ գծագրել է» տրամաբանության շրջանակներում: Այսինքն, որ կամաց-կամաց այս ամենը տանելու է նույն արեւմտյան սխեմայով «խաղաղության պայմանագրին», որի վերջնանպատակը պետքարտուղար Բլինքենը պարզ ներկայացրել է՝ պետք է Իրանի սահմանները ՆԱՏՕ-ական բազաներով լցնել:
Բնական է, որ առավել եւս Տեղ գյուղի պատմության ֆոնին Մոսկվան եւ Թեհրանը պարզ հասկանում են, թե բազում մեսիջներից հետո անգամ այս ամենը դեպի ուր է գնում: Գումարած, Պուտինին կալանավորելու մասին պատմությունը, որը, չնայած, միգուցե ուշադրություն շեղող քայլ էր. նախ այդ ակնարկը կփոխանցենք, հետո Արշակյանը կասի, թե ինչ կալանավորել, ինչ բան, ու այդ ընթացքում «Եվրամիության գծած սահմանների» հարցը մի քիչ առաջ կգնա:
Այդպես է, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Սակայն այս պահին մեկ բան է հստակ: Նախ, ՌԴ-ից եկած ազդակները շատ հստակ էին. Մոսկվան այս ամենը սկսում է համարել ՌԴ-ի եւ անձամբ Պուտինի դեմ թշնամական քայլ, որի տակից դուրս գալու հարցում Նիկոլը լուրջ խնդիրներ ունի: Առավել եւս, որ ինչպես Լիսագորի, այնպես էլ Տեղ գյուղի դրվագներին արագորեն խառնվեցին ռուս զինվորականները` ցույց տալով, որ Նիկոլին չեն թողնի քեֆը տվածի պես Ալիեւին հողեր տա:
Ու նաեւ այս ամենի ֆոնին արագորեն փոխվում է տարածաշրջանային ֆոնը, եւ լուրջ հարցականներ կան, թե Արեւմուտքը կկարողանա՞ Իրանի դեմ օպերացիան շարունակել: Իսկ եթե ոչ, ապա կկորի նաեւ հետաքրքրությունը Նիկոլի հանդեպ, եւ այդ պահին պետք է նաեւ պատասխաններ տալ Պուտինին ձերբակալելու ծրագրերի մասով: Այսինքն, Արշակյանի հայտարարությունը կարելի է նաեւ համարել Նիկոլի վախեցած տակտիկական պաուզան:
Չնայած, երեկ Նիկոլի Էդմոնը հպարտացել էր, թե իրեն ընդունել են Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում եւ խորհրդարանում. «Միացյալ Թագավորության խորհրդարանում բրիտանական ուղեղային կենտրոնների համար կազմակերպված հանդիպմանը ներկայացրել եմ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի եւ վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաեւ քննարկվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության»: Դե, եթե «բրիտանական ուղեղային կենտրոններ», ապա դա հուշում է, որ Հայաստանի ոչնչացման օպերացիան շարունակվում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

