Ինձ համար անհասկանալի է` ինչպե՞ս կարելի է մտածել թատրոնը քանդելու մասին. Հակոբ Ղազանչյան
ՄշակութայինԱռանց ինտրիգների, բայցեւ կոտրված սրտով կայացավ 22-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին: Արցախը շրջափակման մեջ է, թատերական կյանքում, բառի բուն իմաստով, ԳՈՅապայքար. սա էր թերեւս այն առանցքային հարցերի հարցը, որոնք հուզում են թատերական գործիչներին եւ մասնագիտական տոնն էլ կարեւորում ոչ թե նշելու, այլ կարեւորի մասին բարձրաձայնելու համար: Իսկ ՀՀ կառավարության, ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի վերնախավից այդպես էլ որեւէ մեկի «երեսը չբռնեց» գալ եւ օրը տոնել թատերական գործիչների հետ, ինչպես եղել է միշտ:
«ԹԱՏՐՈՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՍԿՍՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ ԱՎԵԼՈՐԴ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ»
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ վստահ է, որ մենք ունենք հրաշալի ժամանակակից հայ թատրոն, հրաշալի դեմքեր, վարպետներ:
«Ունենք նաեւ հրաշալի արդեն միջին սերունդ, որոնց մի քանի տարի առաջ ասում էինք` երիտասարդներ: Եվ ամենակարեւորը` ունենք անկրկնելի երիտասարդություն` թատերական ինստիտուտը նոր ավարտած, ստեղծագործական ավյունով լցված, լուրջ ծրագրերով եւ հավակնություններով, ինչը շատ հաճախ ջղայնացնում է մեծերին, բայց նաեւ հրաշալի է, որ կան նրանք, մեր կողքին են եւ տարեցտարի զարմացնում են մեզ իրենց աշխատանքներով: Իհարկե, այս առումով ուզում են նշել այն հսկայական դերն ու ներդրումը, որն ունի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, որտեղ մեր վարպետների ղեկավարությամբ` սերունդ է կրթվում: Ես հաճախ եմ պրեմիերաների լինում եւ ամեն անգամ թե՛ դերակատարների, թե՛ ռեժիսորների աշխատանքը տեսնելով` ուղղակի հիանում եմ», - նշեց Ղազանչյանը:
ՀԹԳՄ նախագահը միանշանակ կարծում է, որ հայ թատրոնի վաղվա օրը տեսանելի է 100 տոկոսով:
«Այս առումով, իհարկե, կարող ենք հանգիստ լինել, ինչը չէր կարելի ասել 15 տարի առաջ կամ կդժվարանայինք ասել: Հետեւապես, ի սրտե ուզում եմ շնորհավորել բոլորիս` այս հրաշալի տոնի առթիվ: Անկախ նրանից, որ հայ ժամանակակից թատրոնը կամաց-կամաց սկսում է սովորել ավելորդ ցնցումների, այնուամենայնիվ, այն կա, գոյություն ունի եւ կլինի հավիտյան, ինչպես եղել է այս դարավոր մշակույթը», - շեշտեց ՀԹԳՄ նախագահը:
«ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԱՄԵՆ ՄԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Հակոբ Ղազանչյանն անդրադարձավ նաեւ թատերական կյանքում առկա խնդիրներին, մասնավորապես` ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության դրված նախագծին, համաձայն որի՝ նախատեսվում է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում, եւ ինչ «նորամուծություններ» են ժամանակ առ ժամանակ ի հայտ եկել եւ գալիս: Ցավոք, ինչ-որ բամբասանքներ ենք սկսում լսել թատրոնների մասին, բայց ժամանակը ցույց տվեց, որ ամեն մի բամբասանք ընթացքում դառնում է իրականություն, եւ սկսում ես զարմանալ, թե ո՞ւմ է պետք այս ամենը, ի՞նչ իմաստ ունի, ինչի՞ համար է արվում: Ամենեւին այն կարծիքին չեմ, որ թատրոններում ամեն ինչ լավ է, թատրոններն այնքան իդեալական են աշխատում, որ ոչինչ այնտեղ փոփոխել չի կարելի: Բայց նաեւ ինձ համար անհասկանալի է` ինչպե՞ս կարելի է այս կամ այն անհաջողությունը հիմք ընդունելով` մտածել թատրոնը քանդելու մասին», - ընդգծեց ՀԹԳՄ նախագահը:
Հակոբ Ղազանչյանի գնահատմամբ` «Գոյ»-ը տաղանդավոր թատրոն է:
«Փակ տարածքում ենք սկսել ապրել, ոչ մի քննարկում չի եղել: Հիշում եմ, երբ թատրոնի մասին օրենքը շրջանառության էր դրվել, մի քանի անգամ քննարկում եղավ Թատերական գործիչների միությունում, նախարարությունում, Ազգային ժողովում, մի խոսքով` աշխատանք էր տարվում: Կարծիք լսելուց չպետք է վախենալ, այն կարելի է ընդունել կամ չընդունել: Իհարկե, այդ օրենքը կոնկրետ մարդկանց պատճառով չընդունվեց, մինչդեռ արդեն պատրաստ էր եւ պետք է մտներ խորհրդարան: Ուղղակի, այն ժամանակ նույնպես սկսեցին վախենալ, որովհետեւ որոշակի պարտավորություններ էին դրվում ոչ միայն թատրոնի, այլեւ պետության առաջ: Այն մի պահ հանկարծ վախենալու թվաց, եւ այդ օրենքը մնաց մեկի դարակում ու չանցավ: Ուղղակի հիմա մտածում եմ` ո՞ւմ ուղեղում են ծնվում այս «էքսպերեմենտները», որոնց վերաբերյալ թեկուզ զրույց տեղի չի ունենում: Ուղղակի հանկարծ որոշվում է այդպես անել: Ո՞վ է որոշում, ի՞նչ հիմքերով, ինչո՞ւ քանի դեռ դրանք բամբասանքներ էին, նորմալ չեն զրուցում մարդկանց հետ», - վրդովված ասաց ՀԹԳՄ նախագահը:
«ՉԵՄ ԱՍՈՒՄ ՎԱՅՐԵՆԻՆԵՐԻ ՊԵՍ ԿՌԻՎ ՏԱՆՔ, ԲԱՅՑ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ»
Միեւնույն ժամանակ, Հակոբ Ղազանչյանը նշեց, որ պետք է թատերական գործիչները սովորեն դիմակայել այս ամենին:
«Չեմ ասում վայրենիների պես կռիվ տանք, բայց պետք է սովորենք դիմակայել եւ հասկացնել պետությանը, որ քննարկումների, հանդիպումների, զրույցների մեջ ոչ մի վատ բան չկա: Դրանից ավելի շատ իրենք են շահելու, քան թե մենք: Սա ավելի շատ իրենց է պետք, քան թե մեզ: Այնպես որ, եկեք պինդ մնանք եւ մտածենք, որ կգա մի պահ, երբ կգիտակցվի այն պարզ հանգամանքը, որ պատերազմից ոչ մեկը օգուտ չի քաղել: Պետք է նորմալ, քաղաքակիրթ դաշտում, մեկս մյուսին լսենք, հասկանանք եւ փորձենք ինչ-որ որոշումներ գտնել: Վերջին հաշվով` մենք նույն երկրի քաղաքացիներն ենք: Մենք Սահմանադրության առաջ բոլորս հավասար ենք եւ իրավունք ունենք, որպես շարքային քաղաքացի, մեր կարծիքն ունենալ` տարբեր երեւույթների մասին», - ակնարկելով թատերական գործիչների նկատմամբ` ԿԳՄՍ նախարարության չհայտարարված պատերազմը` ասաց ՀԹԳՄ նախագահը:
Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
