Թատրոնի 90-ամյա պատմության մասին պատմող գիրքը Երեւանից Ստեփանակերտ տեղափոխելու խնդիր ունենք. Հարությունյան
Մշակութային«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Հարությունյան, թատրոնում այս պահին ի՞նչ նոր ստեղծագործական ծրագրեր կան:
— Այս պահին մեր ստեղծագործական կյանքը շատ հագեցված է: Նույնիսկ ստեղծված իրավիճակում, երբ փակ է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, մենք որոշել ենք, որ մեր ստեղծագործական կյանքը չի կանգնելու: Ուզում ենք մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, նշել առաջնախաղով՝ Գուաչիդզեի «Բակում կատաղի շուն կա» բեմադրությամբ, որի ռեժիսորն է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը:
— Իսկ փակ ճանապարհը, Թատրոնի միջազգային օրը նշելու հետ կապված, խնդիր չի՞ առաջացնի:
— Խնդիրներ, իհարկե, կան, բայց մենք մեր ուժերի չափով փորձում ենք հաղթահարել ստեղծված դժվարությունները: Սակայն փակ ճանապարհի հետ կապված հարցեր կան, որ մեզնից չի կախված: Եթե նույնիսկ մեր ներկայացման գովազդի համար աֆիշա էլ պատվիրեմ, միեւնույնն է, չեմ կարող տեղափոխել Ստեփանակերտ, որովհետեւ ճանապարհները փակ են: Իսկ առանց գովազդի՝ ներկայացումն արդեն իսկ մեզ համար խնդիր է: Որպեսզի կիսադատարկ դահլիճում չխաղանք, մարդիկ պետք է տեղեկացված լինեն, որ ներկայացում է լինելու: Թատերասեր մարդիկ, որոնք հաճախ են լինում մեր ներկայացումներին, աֆիշա չլինելու պատճառով այս պահին տեղեկացված չեն: Դրանից բացի՝ մեր թատրոնը 2022 թվականին նշել է իր 90-ամյակը, եւ մենք Երեւանում մեր թատրոնի 90-ամյա պատմության մասին շատ հետաքրքիր գիրք ենք պատվիրել, որտեղ նկարազարդ կան մեր բոլոր բեմադրությունները, թատրոնի նախապատմությունը, դերասանների, ռեժիսորների կենսագրությունները: Ներկա պահին գիրքը պատրաստ է: Ծրագրել էինք մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, երկու միջոցառում անցկացնել՝ առաջնախաղը եւ գրքի շնորհանդեսը: Բայց այսօր մենք գիրքը Երեւանից Ստեփանակերտ տեղափոխելու խնդիր ունենք: Փորձում ենք գտնել դրա հնարավոր միջոցները: Եթե կան մարդիկ, որոնք կկարողանան օգնել մեզ գիրքը Ստեփանակերտ տեղափոխելու հարցում, շատ շնորհակալ կլինենք:
— Բացի Թատրոնի միջազգային օրը նշելուց, կա՞ն նոր մտահղացումներ:
— Այո, կան… Մայիսի 3-ին նախատեսված է հյուրախաղեր Իրանում, բայց ճանապարհը փակ լինելու պատճառով՝ չգիտենք՝ կմեկնե՞նք, թե՝ ոչ: Մեզ հետ պետք է նաեւ դեկորները տանենք՝ ուղեբեռ ունենք: Այսինքն՝ դա միայն մի քանի հոգու մեկնելու հետ կապված հարց չէ… Հիմնականում մեր բոլոր խնդիրները կապված են փակ ճանապարհի հետ:
— Ներկա պահին թատրոնից դուրս՝ ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում:
— Արդեն կամաց-կամաց մարդիկ բլոկադայի պայմաններին հարմարվել են: Հերթից հերթ են գնում: Կարող է չորս ժամ հերթ կանգնեն, մեկ կիլոգրամով գնան տուն: Բայց ի՞նչ կարող ես անել, եթե սա է մեր իրականությունը: Թատրոնի փորձերը փորձում ենք այնպես կազմակերպել, որպեսզի մարդիկ իրենց առօրյա հոգսերով զբաղվելու ժամանակ էլ ունենան…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ