«Ճակատագրական նորալուսնի օրը» աշխարհի համար իրոք դարձավ ճակատագրական
Միջազգային21.03.2023-ը եւ դրան հաջորդող մեկշաբաթյա ժամանակահատվածը պայծառատեսների, աստղագուշակների, մոգերի, շամանների եւ այդ կարգավիճակի «մասնագետների» համար առանձնահատուկ փուլ է: Ու ոչ միայն նրա համար, որ Նովրուզն է` արեւապաշտական Նոր տարին, որն անցել է իսլամին պարսիկներից: Նաեւ ոչ նրա համար, որ գիշերահավասարի օրն է:
Պարզապես, այս տարի Նովրուզին եւ գիշերահավասարին գումարվել են նաեւ մի շարք այլ երեւույթներ: Հանրագումարում, «հնագույն գաղտնի գիտելիքների տերերը»՝ էզոթերիկները, հատկապես այս տարվա մարտի 21-ին (սկսած մարտի 20-ի երկրորդ կեսից) ավելացնում են այլ հանգամանքներ եւս, այդ թվում` օրը համընկնում է Խոյի նշանի տակ նորալուսնի ու աճող լուսնի հետ, եւ այլն: Արդյունքում, այս մեկշաբաթյա փուլը համարվում է առանց այդ էլ սրված էներգետիկա ունեցող 2023թ.-ի ամենաէներգետիկ փուլը: Այլ կերպ ասած՝ էզոթերիկները 21.03.2023թ.-ն անվանում են Ճակատագրական նորալուսնի օր:
ՆԱԽԱԳԱՀ ՍԻԻ ԱՅՑԸ` ՇՐՋԱԴԱՐՁԻ ԿԵՏ
Շրջանցելով օրվա «պայծառատեսական» կողմը՝ այնուամենայնիվ, պետք է ֆիքսել, որ 21-ին (սկսած մարտի 20-ի երկրորդ կեսից) իրոք նկատվում են գործընթացներ, որոնք արդարացնում են «Ճակատագրական նորալուսնի օր» ասվածը, եւ, ինչպես ենթադրվում էր, կարող է ոչ միայն այս, այլ երկար տարիների համար ճակատագրական դառնալ: Կամ, ով իմանա, միգուցե այնպես էր արված, որ այդ ամենը համընկնե՞ն: Առավել եւս, որ խոսում ենք Չինաստանի մասին, որտեղ կոմունիստականն ու միստիցիզմով եւ սիմվոլիզմով ազգայինն առավելագույնս են միահյուսվել…
Ամեն դեպքում, միստիցիզմ, թե ինչ, բայց փաստն այն է, որ մարտի 20-ի երկրորդ կեսից սկսված Պուտին-Սի բանակցությունները, որոնք տեղափոխվեցին մարտի 21, իրոք կարող են «Ճակատագրական նորալուսնի օր», այսինքն` համաշխարհային պատմության շրջադարձային կետի մեկնարկ դառնալ: Իհարկե, կարելի է նաեւ հակառակն ասել, որ եթե ռուս-չինական հարաբերությունները դառնան շրջադարձային, ապա դրա մեկնարկը պետք է համարել 2022թ.-ի փետրվարին Պուտինի Չինաստան այցն ու այնտեղ երկու նախագահների ներկայացրած մեծ հռչակագիրը: Սակայն փաստն այն է, որ դրան հաջորդած պատերազմական ժամանակաշրջանում ամերիկյան ճնշումները Պեկինի վրա համոզելու փորձերը չէին դադարում, ու դրանք կարող էին նաեւ հաջող լինել: Սակայն այս մարտի 20-21-ին ֆիքսվեց, որ գոնե մինչ այս պահն այդ փորձերն էֆեկտիվությամբ աչքի չեն ընկել: Ընդ որում, մի փոքր առաջ ընկնելով՝ նկատենք, որ ամերիկյան այդ արշավը, թերեւս, դեռ կշարունակվի, թեեւ որոշ դետալներ եկան հուշելու, որ էֆեկտիվություն սպասել պետք չէ: Օրինակ, նման դետալ կարելի էր համարել Պուտին-Սի առաջին մոտ 5-ժամյա բանակցություններին հաջորդած հայտարարությունը Սպիտակ տնից: Թե, Բայդենը Չինաստանի առաջնորդի հետ հեռախոսազրույցի ծրագրեր ունի: Ու հենց Սպիտակ տունն էլ խոստովանեց, որ դեռ չի ստացվում. «Զրույց կունենան համապատասխան ժամանակ, քանի որ հիմա Չինաստանի առաջնորդը զբաղված է»: Կարճ ասած, եթե նախագահ Սին Պուտինի հետ երկարաշունչ հանդիպումների արանքում կամ տուն վերադառնալուց հետո ժամանակ գտավ, կխոսի Բայդենի հետ: Կրկնենք, Բայդենի, իրեն աշխարհի ամենահզոր երկրի առաջնորդ համարողի: Ու սա արդեն իսկ ցուցիչ է, որ աշխարհում իրոք ընթանում է դերերի փոփոխության փուլ:
Նկատենք, անգամ արեւմտյան առաջատար քարոզչամեքենայի հրապարակումներում` կապված Պուտին-Սի բանակցությունների հետ, «կարմիր թելով» նույն միտքը` գլոբալ փոփոխությունների գաղափարն է անցնում: Բերենք օրինակներ: The Times. «Պուտինն ու Սի Ցզինպինը խոստանում են չհնազանդվել ԱՄՆ «բռնապետությանը»»: NBC News. «Միջազգային քրեական դատարանի կողմից ռուս առաջնորդի նկատմամբ կալանավորման հրամանագրի լույսի ներքո՝ Սի Ցզինպինի այցը Ռուսաստան կարող է լինել ավելի ուժեղ համերաշխության դրսեւորում»: BBC. «Երբ Սի Ցզինպինը մի քանի օրից հեռանա Մոսկվայից, Պուտինը կա՛մ անհանգստացած կլինի Չինաստանի կողմից աջակցության թուլացմամբ, կա՛մ կոգեւորվի մոլորակի երկու ամենահզոր մարդկանցից մեկի աջակցությամբ: Երկրորդ տարբերակը ավելի հավանական է թվում»: CNN. «Չինաստանի առաջնորդի համար այս խիստ հրապարակված պետական այցը Ռուսաստան ժամանակին հնարավորություն է ցուցադրելու Պեկինի աճող դիվանագիտական ազդեցությունը համաշխարհային հարթակում եւ նրա վճռականությունը մարտահրավեր նետելու ԱՄՆ-ի գերիշխող աշխարհակարգին»:
Նույն տրամաբանությունն է նաեւ ՌԴ-Չինաստան թեւի այլ առաջատար երկրների մոտ: Օրինակ, նախագահ Ռայիսին, Նովրուզի հետ կապված ելույթում, հատուկ ընդգծեց երկու էական գործոն: Նախ` ««Հավասարակշռված դիվանագիտություն» նշանակում է, որ մենք չենք ներքաշել այն երկրներին, որոնք վարանում են համագործակցել Իրանի հետ: Սակայն նոր աշխարհին եւ նոր կարգերին միանալու հետաձգումը հանգեցնում է նրան, որ նման երկրները կարող են կորցնել իրենց դերն ու տեղը… Իրանի աշխարհագրական դիրքը ռազմավարական է եւ անփոխարինելի: Իշխանության փոխանցումը մեծ Ասիա` նոր աշխարհակարգի կարեւորագույն հատկանիշներից է»: Ինչպես նաեւ, որ հայտնի գլոբալ ծրագրերը նոր իրավիճակում մնում են առաջնային. «Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք ռազմավարական ճանապարհների ակտիվացումը եւ մեր աշխարհագրական դիրքից օգտվելը մեր հիմնական ռազմավարություններից է»:
Իհարկե, վերջնական եզրահանգումների համար դեռ պետք է սպասել նախագահ Սիի մոսկովյան այցի ամբողջական արդյունքներին, որոնց պաշտոնական ամփոփումը կլինի այսօր` այցի ավարտական օրը, իսկ ոչ պաշտոնականին դեռ սպասել է պետք: Սակայն այս պահին արդեն ակնհայտ է ռեակցիան ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուս-չինական բլոկում: Այն է. բոլորն արդեն անթաքույց են խոսում նոր աշխարհից: Այսիքն, ամերիկյան հեգեմոնիայի պահպանման հավանականությանը, փաստացի, անգամ ամերիկյան թեւում են ամենաքիչը լուրջ թերհավատությամբ վերաբերվում:
ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Այս պահին, թերեւս, հիմնական հարցերն այն են, թե ինչքան անցավ կամ ցավոտ կարող է լինել նոր աշխարհին գործնական եւ վերջնական անցումը, եւ, առհասարակ, ինչ է առաջարկվում եղածի փոխարեն:
Թե ինչ նոր աշխարհ են տեսնում Մոսկվան եւ Պեկինը, զգացվեց Պուտին-Սի նախօրեի հանդիպման ներածական մասում: Երկուսն էլ արտահայտվեցին գործող ՄԱԿ-ի համակարգի եւ դրանից բխող կարգերի պահպանման օգտին:
Ու որքան էլ տարօրինակ թվա, սակայն նույն բանի մասին խոսում է նաեւ ԱՄՆ-ն: Սակայն ամերիկյան արդի առանցքային դերակատարներից մեկը` Ջոն Քիրբին, նախ` Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրեց, թե նրանք խարխլում են միջազգային կարգը, որն աշխարհում հաստատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն թե Քեիրբին այսպես է բացատրում. «Երկու երկրներն էլ խարխլում են միջազգային կարգը՝ հիմնվելով այն կանոնների վրա, որոնք Միացյալ Նահանգները կառուցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Նրանք կցանկանային վերաշարադրել խաղի կանոններն ամբողջ աշխարհում»: Ու կարո՞ղ է Վաշինգտոնը նաեւ բացատրել, թե այդ ինչ «կանոնների» մասին է խոսքը: Եթե նկատի ունի ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ դրա վրա հիմնված միջազգային իրավունքի դաշտը, ապա դա ամենեւին էլ ԱՄՆ-ի կառուցածը չէ. դա կոլեկտիվ ստեղծագործություն է: Իսկ եթե դրանից զատ ԱՄՆ-ն նաեւ ինչ-որ «կանոններ» է ստեղծել, ապա դա արդեն իսկ ՄԱԿ-ի սկզբունքներին դեմ է: Չկա որեւէ նման կանոն, Արեւմուտքը պարզապես ամեն անգամ նման «կանոններ» է մեջբերում, երբ իրեն ինչ-որ բան է պետք: Օրինակ, այդ «կանոնները» թույլ են տալիս հարձակվել, ասենք, Իրաքի վրա, սպանել միլիոնավոր մարդկանց, կամ Կոսովոն հռչակել անկախ: Բայց այդ «կանոնները» չկան, երբ պետք է, ասենք, Արցախը կամ Դոնբասը հռչակել անկախ, ու ամեն անգամ բացատրում են` չէ, դրանք տարբեր բաներ են: Ինչո՞վ, որտե՞ղ է այդ տարբերությունը գրված, բացատրություն երբեւէ չի եղել:
Այդ «կանոնները» այն հորինվածքն են, որն ԱՄՆ-ն դրել է իր աշխարհակալության տակ ու հիմա բողոքում է, որ ինչ-որ մեկը կարող է պահանջել, թե` պետք է ապրել ՄԱԿ-ում գրված կանոնադրությամբ: Իսկ դա արդեն ԱՄՆ-ին ձեռնտու էչ: Օրինակ, ՄԱԿ-ի ոչ մի օրենք թույլ չի տալիս միակողմանի պատժամիջոցներ կիրառել` առանց Անվտանգության խորհրդի համաձայնության: Ու ի՞նչ վիճակում կհայտնվի ԱՄՆ-ն, եթե այդ «պատժամիջոցային գործիքը» չունենա: Առանց այդ ուժային լծակի, օրինակ, ի՞նչ է անելու այն 30 տրիլիոն դոլարանոց պարտքի հետ, որը շալակել է՝ փող տպել եւ աշխարհին պարտադրելու միջոցով:
Նոր աշխարհ չկա. Մոսկվան եւ Պեկինը պարզապես պահանջում են վերադառնալ նրան, ինչը հաստատվել է Երկրորդ աշխարհամարտի արդյունքում: Թերեւս, հենց դա է ռուս-չինական ներկա պայմանավորվածությունների առանցքը: Իսկ ԱՄՆ-ին մնում է երկու ճանապարհ. ընդունել եւ պայմանավորվել կամ գնալ Երրորդ աշխարհամարտի: Իսկ Մոսկվան եւ Պեկինը ընդամենը ցույց տվեցին ,որ երկու տարբերակին էլ պատրաստ են եւ կգործեն նույն դաշտում: Մնացածը Վաշինգտոնի որոշելիքն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

