Թուրքիայի նպատական է մեր տարածաշրջանը վերցնել իր հսկողության տակ. այստեղ Ադրբեջանը գործիք է. Սաֆրաստյան
Միջազգային
«Թուրքիայի նպատակն է տարածաշրջանը վերցնել իր հսկողության տակ ու թուլացնել Հայաստանը, այս ամենի համար Ադրբեջանն է դարձել գործիք»,- «Իրավունքի» հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ: Ըստ նրա` մեր միակ ռազամավարական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են, պետք է հրատապ լուծել ու կարգավորել հարաբերությունները:
— Լաչինի միջանցքը փակ է շուրջ երեք ամիս, ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը:
— Ադրբեջանն ուզում է ճնշումը Հայաստանի վրա ուժեղացնել ու նախապատրաստում է արցախահայության էթնիկ զտումն ու ցեղասպանությունը:
— Այս իրավիճակում որքանո՞վ է հնարավոր Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:
— Երկխոսությունը չի կարող լինել, քանի դեռ չկա միջազգային միջնորդություն եւ ձեւաչափ, այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այդ երկխոսությունը պետք է լինի արցախահայության իրավունքները պաշտպանելու նպատակով, իսկ ամենակարեւոր իրավունքը արցախահայության ինքնորոշման իրավունքն է: Դրա շուրջ կարող է լինել երկխոսություն միջազգային ընդունված ձեւաչափի պայմաններում:
— Ի՞նչ իմաստ ունեն միջազգային տարբեր կառույցների արձագանքը կամ որոշումները, ինչպես օրինակ՝ Հաագայի դատարանի որոշումը, որը ոչինչ չփոխեց արցախահայության համար:
— Այստեղ ամեն ինչ հաշվարկ է, նմանատիպ որոշումները միանգամից ազդեցություն չեն ունենում, բայց պետք է փորձել օգտագործել նաեւ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա, իսկ դրան հասնելու համար դատարանի նմանատիպ որոշումները կարեւոր նշանակություն ունեն, իհարկե, դա միանգամից որեւէ բան չի փոխում, բայց այդ լծակները չօգտագործելը սխալ կլինի: Պետք է հնարավորինս ընդլայնել նման շփումները ու համագործակցությունը, սա անհրաժեշտություն է:
— Դուք նշում եք, որ պետք է Հայաստանը նման որոշումներից օգտվի, ինչպե՞ս, օրինակ՝ իշխանությունները կարո՞ղ էին որեւէ կերպ օգտվել այս որոշումից եւ որոշակի քայլեր անել, ինչը չարվեց:
— Իմ կարծիքով՝ պետք է փորձել համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, գտնել նրանց հետ շահերի ընդհանրություն, բացատրել խնդիրները, պայքարել Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայկական դիվանագիտության դեմ: Պետք է դա ավելի ակտիվ ու ընդլայնված անել եւ շատ կարեւոր է օգտագործել սփյուռքահայությանը, որովհետեւ այն ունի իր լծակները:
— Կարելի՞ է եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» փուլում տուժում է Արցախը ու արցախահայությանը:
— Թուրքիան պահանջատեր է, 30 տարուց ավելի այդպես է, իմ ընկալմամբ՝ քաղաքական վերնախավը, անկախ նրանից` ընդդիմություն է, կամ ինչ քաղաքական ուժ է, ինչ սերունդ է, 30 տարուց ավելի է այս մոտեցումը միասնական է ու նույնն է: Այս մոտեցումը հետեւյալն է՝ Հայաստանը ավելի շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու առումով ու դրա համար պետք է գնա զիջումների, եւ եթե Հայաստանը չի գնում այս զիջումների, պետք է պահել սահմանը փակ, հարաբերություններ չհաստատել ու ճնշում գործադրել Հայաստանի վրա: Իսկ այս ճնշումները մենք տեսնում ենք, այն արտահայտվում է Թուրքիայի կողմից նախապայմաններով, կապված ե՛ւ Արցախի, ե՛ւ ցեղասպանության հետ, վերջին երկու տարում ավելացել է Զանգեզուրի միջանցքը, հետո Էրդողանը սկսեց խոսել ոչ թե նախապայմանների մասին, այլ նշեց, որ ունենք պահանջ Հայաստանի նկատմամբ: Սա է իրողությունը, այնպես որ, Թուրքիայի այս քաղաքականությունը կշարունակվի: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք պետք է գնանք Թուրքիայի հետ բանակցությունների, եթե հասկանում ենք, որ Թուրքիայի համար ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է կարեւոր, այլ զիջումներ ստանալը: Եթե մենք հրաժարվենք բանակցություններից, ոչ մի բան չենք շահի, Թուրքիայի քաղաքականությունը կշարունակվի ու դրան կավելանա այն, որ ամբողջ աշխարհում կհայտարարի , թե Հայաստանը ոչ կառուցողական է ու չի ուզում հարաբերությունները կարգավորել: Մենք պետք է մասնակցենք բանակցություններին, բայց շատ լավ հասկանանք, թե Թուրքիան ինչ է ուզում: Պետք է շատ լավ պատկերացնենք, թե մեր շահերը որոնք են եւ այս շահերի բնագավառում զիջումներ հնարավոր չէ, որովհետեւ այն նաեւ մեր ինքնության մասն են կազմում, օրինակ՝ ցեղասպանության ու արցախահայության խնդիրները, ինչպե՞ս կարող ենք այս հարցերում ենթարկվել Թուրքիայի պահանջներին:
— Ի՞նչ է պետք անել:
— Պետք է բոլոր տեսակի դիվանագիտական միջոցները օգտագործենք` ե՛ւ միջազգային կառույցների հետ, ե՛ւ տարբեր քաղաքական ուժերի, եւ՛ Թուրքիայի հետ: Պետք է հասկանանք, որ ունենք մեկ ռազմավարական դաշնակից, որը Ռուսատանն է եւ հիմա շատ դժվար պայքար է մղում Ուկրաինայում: Ռուսաստանը բոլոր դեպքերում այնպես չի վարվում, ինչպես կուզենայինք, բայց ՌԴ ռազմաքաղաքական դաշինքը մեր անվտանգության ու գոյության ամենակարեւոր նախապայմանն է: Ուստի՝ պետք է բոլոր խնդիրները, որոնք ՌԴ-ի հետ առաջանում են, բանակցությունների միջոցով, բարեկամական հարաբերությունների շրջանակում լուծել, որովհետեւ՝ առանց ռազմաքաղաքական դաշինքի՝ Հայաստանը չի կարող գոյատեւել մեր տարածաշրջանում` ունենալով Թուրքիա ու Ադրբեջան:
— Այս բարդ իրավիճակում հակառուսական քայլ չէ՞ր ԵՄ դիտորդներին Հայաստան բերելը: Ինչպե՞ս սա կընկալվի Ռուսաստանի աչքում:
— ԵՄ դիտորդները ոչ մի վնաս մեզ չեն բերի, չեն խանգարում մեզ, կարող են ինչ-որ չափով զսպող դերակատարում ունենալ: Դրանք լրացուցիչ գործոններ են, որ պետք է փորձենք օգտագործել, եւ կարող է մի փոքր օգուտ լիներ, բայց հիմքը ՌԴ հետ դաշնակցային ռազմավարական հարաբերություններն են:
— Ըստ Ձեզ` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դեռ մի բան էլ հանգեցնելու է ինչ-ինչ տարածքների զիջմա՞ն, ո՞րն է այս գործընթացի նպատակը:
— Այո, Թուրքիայի նպատակը դա է, կամ էլ ընդհանրապես որպես պետություն վերացնել Հայաստանը: Ամբողջ խնդիրն այն է, որ կարողանանք վտանգի դեպքում ճիշտ որոշումներով ու քայլերով դիմակայել: Իսկ որ Ադրբեջանի այս ագրեսիվ քաղաքականությունը կա, համոզված եմ, որ Թուրքիայի հիմնական ռազմավարությունն է: Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին իր նպատակի համար, որն է մեր տարածաշրջանը վերցնել իր հսկողության տակ: Եվ այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս որպես գործիք, ինչի համար հարկավոր է թուլացնել Հայաստանը, վերացնել Արցախի հիմնահարցը, եւ արցախահայությանը էթնիկ զտման ենթարկել: Հիմա տեղի է ունենում պայքար տարածաշրջանի համար:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ