Երկվության մեջ են. դատեն՝ կխայտառակվեն աշխարհով մեկ, չդատեն՝ էլի կխայտառակվեն. Դավիթ Մշեցի
ՄշակութայինՔառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից, բանաստեղծ Դավիթ Մշեցու նկատմամբ շարունակվում է քրեական հետապնդումը՝ սոցցանցում կատարած գրառման համար, ինչից իբր վիրավորվել է Նիկոլ Փաշինյանը: Օրեր առաջ տեղի ունեցած հերթական դատական նիստի մասին «Իրավունքը» մանրամասներ է պարզել հենց ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒՑ:
— Ինչպե՞ս անցավ հերթական դատական նիստը:
— Անցավ այնպես՝ ինչպես սպասում էի, այն է՝ հերթական հետաձգումով: Ճիշտն ասած, առավոտյան դատի գնալուց ընկերոջս հետ քննարկում էինք՝ էս անգամ ի՞նչ են բստրելու: Պարզվեց՝ դատախազը տարեկան հերթական արձակուրդի մեջ է ու առանց նույնիսկ դատարանին տեղեկացնելու՝ չի ներկայացել: Ես էդ մասին իրազեկվում եմ դատական նիստից առաջ: Ու սա արդեն օրինաչափ է, եւ էս ձեռագիրը գոնե ինձ համար տեսանելի էր քրգործն հարուցելու պահից, որովհետեւ հենց սկզբից պարզ էր. Անսեռ քամին, հերթական ջղաձգության նոպայի տակ, հիշել էր իրեն առաջադրած ջհուդաթուրքական ուժերի պատվերը եւ իր ճղճղան հնչյունների տակ պարողներին հրամայել էր դատական գործ հարուցել իմ հանդեպ: Սրանք էլ շտապելով՝ մի գործ կարեցին, որը եթե կիրառելի լինի, ապա սկսած Անսեռ քամուց ու իր հնչյունների մերկապար պարող անտառից, վերջացրած ՀՀ բնակչության 99 տոկոսով պիտի ցմահ ազատազրկվեն: Հիմա էս երկվության մեջ են. դատեն՝ կխայտառակվեն աշխարհով մեկ, չդատեն՝ էլի կխայտառակվեն, չհաշված, որ Անսեռ քամու պատվերը կատարած չեն լինի: Էս ձգելն էլ, կարծում եմ՝ բացառապես մի միտում ունի, այն է՝ գաճաճ թփերով հաստաբուն կաղնուն հունից հանեն, որպեսզի կարողանան մի խելքին մոտ գործ կարեն:
— Մեկ տարի է զրկված եք ազատ տեղաշարժի իրավունքից: Ի՞նչ եք կարծում՝ նման քայլի նպատակը ո՞րն է:
— Արդեն նշեցի, որ նման քայլի նպատակը նախ ինձ տարբեր մանիպուլյացիաներով հունից հանելն է, որ կարողանան մի խելքին մոտիկ գործ կարել, եւ երկրորդ՝ սա ավելի շատ դրսի պատվեր է, այլ կերպ ասած՝ մեր պատմությունը ցույց է տվել, որ թշնամին, երբ վարձում է մեր իշխանություններին, տարածքային պահանջների հետ մեկտեղ պահանջում է բոլոր էն մարդկանց գլուխները, որոնք հաղորդ են իրենց ազգային ինքնությանն ու էությանը եւ վտանգ են ներկայացնում իրենց գիտելիքներով ու գործունեությամբ: Իրականում սրանք ընդամենը մեզ վրա նետված քարն են, մինչդեռ էդ քարով խփողը լրիվ ուրիշ տեղ է նստած այս էլ 25 դար: Եվ վստահ եմ, որ էս ցուցակում միայն ես չեմ, ու դեռ շատերի հերթը գալու է՝ ըստ համարների, ոնց որ եղավ Ցեղասպանության ժամանակ, 37 թվին, Սեւակի ու Մինասի շրջանում եւ լինում է հիմա:
— Նման դատական գործեր հարուցելով՝ որեւէ մեկը կարո՞ղ է Ձեզ զրկել ազատ խոսքի իրավունքից:
— Ժողովրդական խոսքն ասում է՝ «կուզիկին միայն գերեզմանը կփրկի», բանաստեղծների մասով անգամ գերեզմանը չի փրկում, քանզի նրանք գերեզմանում ոչ միայն չեն ուղղվում, այլ ավելի են ծռում ու ահաբեկում բոլոր նրանց սերունդներին, որոնք մեղանչել են իրենց դեմ:
— Այսօր ամենաշատն ի՞նչն է Ձեզ բարկացնում, որի մասին չեք կարող լռել:
— Անկեղծ ասած՝ ոչինչ էլ չի բարկացնում, քանզի մեր հանրությունն ընկել է մեր էպոսի Դավթի օրը. կհիշեք՝ էպոսում մի դրվագ կա, որ Մսրա Մելիքը Դավիթին գցում է հորը ու սպասավորին ասում՝ ոսկորոտ միս տա Դավիթին, թող կուլ տա, խեղդվի: Դավիթը միսն ուտելուց ոսկորը զգում է ատամի տակ, հանում ու խփում է զնդանի պատին, որից արեւի շողը թափանցում է խուց: Դավիթը՝ չիմանալով արեւն ու շողն ինչ են, կռիվ է տալիս էդ լույսի դեմ էնքան՝ մինչ հոգնում, ընկնում է հուսահատ: Մեր հանրությունը էդ նույն վիճակին է. ցանկացած խելացի ու փաստարկված միտք ու մտածող այ էդ լույսի պես խորթ է իրեն, հետեւապես բարկանալ մի հանրության վրա, որը մտքի ու լույսի ընկալումը չունի, առնվազն հիմարություն կլինի: Էս հանրության վրա երեւի թե պիտի կիրառվի Օշոյի տեսությունը, որն ասում է՝ «Հորում ապրողներին ինչքան ուզում ես բացատրի արեւի տակ ապրելու բարվոքությունը, մեկ է՝ չեն հասկանա, քանի որ արեւի ընկալումը չունեն, նրանց այնտեղից հանելու միակ տարբերակը, դա ահաբեկելն է մի բանով, որի ընկալումն ունեն, օրինակ՝ կրակով, երբ ասես, որ հրդեհ է, անմիջապես կփախնեն հորից դուրս ու կհայտնվեն արեւի տակ, որտեղ էլ կզգան արեւի տակ ապրելու զվարճանքը…»: Կարճ ասած՝ առանց բարկանալու անում եմ այն, ինչի համար արարվել եմ, ու թող լինի այն՝ ինչ պիտի լինի…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ