Ինչ նոր նախապայման են առաջ քաշել ադրբեջանցիները

«Իրավունքի» արցախյան աղբյուրները որոշ մանրամասներ են ներկայացրել ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից: Մասնավորապես` վերջին հանդիպման ընթացքում, ի թիվս հայտնի պահանջների, Ադրբեջանի իշխանությունները` իբր «ոչ ինձ, ոչ քեզ» տրամաբանությամբ առաջարկել են առանց թոհուբոհի` ընդունել Կաշենի հանքավայրի շահագործման իրենց պայմանը:
Ադրբեջանական կողմը ասել է, թե դեմ չէ հանքավայրի շահագործմանը, բայց այնտեղ պետք է աշխատեն հավասարապես` ե՛ւ հայեր, ե՛ւ ադրբեջանցիներ: Այս պայմանը, բնականաբար, մերժվել է Արցախի իշխանությունների կողմից:
Ի դեպ, ավելի վաղ ներկայացրել էինք, որ նույն այդ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը առաջ է քաշել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ առհասարակ Արցախից հեռացնելու հարցը: Հիշեցրել են, որ նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնը լքելուց հետո` պետք է բացվեր Բերձորի միջանցքը: Սակայն, այն չի իրականացվել, որովհետեւ վերջինս շարունակում է մնալ Արցախում, ինչի մասին հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել: Ադրբեջանցիները սա համարում են պայմանի խախտում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ