Ցուցահանդես՝ «Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով
ՄշակութայինՄարտի 5-20-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում կներկայացվի «Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով Համահայկական մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսը։
Համահայկական մրցույթ-փառատոնը ԳԱԿ-ի ամենամյա նախագծերից է և անցկացնում է 2009թ.-ից՝ մեծ ընդունելություն ունենալով ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սփյուռքում։ Մրցույթ-փառատոնի նպատակն աշխարհասփյուռ հայ երեխաներին ու պատանիներին արվեստի շուրջ համախմբելը, հայ մշակույթին ու արվեստին ծանոթացնելը և նրանց ներկայանալու հնարավորություն ընձեռելն է։ Նախագծի շարունակականության շղթան ընդհատվեց 2020թ․-ին՝ համավարակի և մեր երկրին պատուհասած պատերազմի պատճառով։ Սակայն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, 2021թ․ վերականգնեց կարճատև ընդհատված ավանդույթը՝ նոր ձևաչափով և ընթացակարգով։ Ստեղծագործականին զուգահեռ այն ստացավ ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ։
2022 թվականին մրցույթ-փառատոնը նվիրված էր ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված հնագիտական ժառանգությանը: Գեղագիտության ազգային կենտրոնն իր սաների համար 2021թ․-ին նախաձեռնեց համանուն կրթական նախագիծ, որն ամփոփվեց 2022թ․ ամռանը՝ հատուկ ցուցադրությամբ։ Հիմնվելով այդ նախագծի փորձի և գրանցած հաջողության վրա՝ ԳԱԿ-ն ընդլայնեց այն՝ ներկայացնելով համահայկական մրցույթ-փառատոնի ձևաչափով։
Մրցույթ-փառատոնին գրացվել են 3113 հայ երեխաներ ու պատանիներ Հայաստանից, Արցախից և աշխարհի 14 երկրներից (ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Բելգիա, Գերմանիա, Էստոնիա, Լեհաստան, Լիբանան, Հորդանան, Շվեդիա, ՌԴ, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա)։ Մասնագիտական ժյուրիի կողմից ցուցահանդեսին մասնկացության համար ընտրվել է 158 աշխատանք՝ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Լիբանանից, Սիրիայից, ՌԴ-ից և Վրաստանից։
Վերակազմող, ճարտարապետ Ռուբեն Սարգսյանի կողմից հինգ օր առցանց դասընթացներ են ացկացվել մասնակիցների համար՝ ծանոթացնելու նրանց թանգարանում ներկայացված նյութին և պատմական այդ շերտի մանրամասներին։ Առցանց դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու տպավորությունները մասնակիցներն ամբողջացրել են կերպարվեստի զանազան տեխնիկաներով և արվեստի ժամանակակից ուղղություններով ստեղծված աշխատանքների տեսքով՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։
Մասնագիտական ժյուրին ընտրել է լավագույնները, որոնք էլ կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի շրջանակում։
Ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին։
Համահայկական մրցույթ-փառատոնն իրականացրել են Գեղագիտության ազգային կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։