Բավակա՛ն է արդեն, սեւից պետք է դուրս գանք. Անիտա Հարությունյան
ՄշակութայինԻսկական գեղեցկուհիներ, հրաշք փոքրիկներ, շքեղ եւ նորաձեւ հագուստներ, իսկ վերջում` հրավառություն… Այսպիսին էր հայաստանյան նորաձեւության այս տարվա թերեւս ամենասպասված առաջին միջոցառումը: Ժամանակ առ ժամանակ իր համարձակ ֆոտոշարքերով համացանցը ցնցող մոդել Անիտա Հարությունյանը եւ իսպանացի դիզայներ Դանիե Մորելոն ստեղծել են 50-ից ավել առօրյա եւ տոնական լուքեր՝ թե՛ փոքրիկների, թե՛ մեծերի համար, ընդ որում՝ ոչ միայն կանացի, այլեւ չանտեսելով նաեւ տղամարդկանց:
«Իրավունքի» հետ զրույցում ԱՆԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ ընդամենը երկու ամսում որոշել ու կազմակերպել են շքեղ ցուցադրություն:
— Երկու ամսվա ընթացքում էլ ընտրել ենք մոդելների, որոնք այդ կարճ ժամանակահատվածում սովորել են քայլել պոդիումում: Նախ մեր առաջ խնդիր էինք դրել հասկանալ, թե այսօրվա մեր երիտասարդ աղջիկները, կանայք ինչպիսի հագուստների կարիք ունեն, որոնք Երեւանում, կարելի է ասել, դեռ չկան:
— Փաստորեն, հագուստների մոդելավորմամբ ինքնե՞րդ եք զբաղվել:
— Հագուստների մոդելավորումն ինքս եմ արել` Դանիե Մորելոյի հետ: Փորձել ենք կարճ ժամանակում համատեղել մեր ուժերը եւ կազմակերպել ցուցադրությունը: Եթե անկեղծ ասեմ, ինքս էլ չէի պատկերացնում, որ այդքան արագ կկարողանայինք կազմակերպել, բայց, կարելի է ասել, սպասվածից ավելի լավ ստացվեց:
— Հանրությունը համակերպվի՞ այն մտքի հետ, որ մոդել Անիտա Հարությունյանը զիջում է իր դիրքերը մոդելավորող Անիտա Հարությունյանին:
— Ճիշտն ասած, վերջին հարցազրույցներում հաճախ ինձ ասում են` ինչո՞ւ եք հեռանում մոդելինգից: Ես էլ կատակում եմ, որ ժամանակն է զիջել տեղը մեր երիտասարդ սերնդին: Իրականում չեմ զիջում մարմնի կառուցվածքով ոչ մի մոդելի եւ համատեղելու եմ մոդելինգը` դիզայնի հետ: Շատ եմ կարեւորում դիզայներական աշխատանքը, որովհետեւ այնպիսի հագուստներ ենք ներմուծելու հայաստանյան իրականություն, որոնք կընդգծեն հայուհիների գեղեցիկ կազմվածքը:
— Իսկ ինչպե՞ս ստացվեց իսպանացի դիզայների հետ համագործակցությունը:
— Թեպետ անծանոթների հետ ինտերնետային նամակագրություններն այդքան էլ լուրջ չեմ ընդունում, բայց Դանիե Մորելոյի հետ ծանոթացել ենք սոցցանցի միջոցով: Նա սրտանց համաձայնել է համագործակցել ինձ հետ: Ավելին` ցուցադրությանն անձամբ պետք է ներկա լիներ, ուղղակի, այս անգամ չկարողացավ: Հաջորդ ցուցադրությանը խոստացել է, որ անպայման ներկա կգտնվի: Նա օգնել է ինձ հագուստների ընտրության հարցում, դուք ինքներդ էլ տեսաք, որ մեր համագործակցության արդյունքում կարողացել ենք ստանալ, իսկապես, յուրօրինակ ոճ, որը Հայաստանում չկա: Դանիե Մորելոն պատրաստակամություն է հայտնել երկարատեւ աշխատել մեզ հետ, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Այսօր արտասահմանյան հայտնի դիզայներները գրեթե չեն համագործակցում հայ դիզայներների հետ: Այս հարցում թող ամպագոռգոռ չհնչի, բայց հաջողակ եմ ինձ համարում:
— Իսկ ի՞նչն է նորաձեւ 2023 թվականին` հագուստների համար ի՞նչ կտորներ, գույներ կառանձնացնեք:
— Հիմնականում կառանձնացնեմ կապույտը, կանաչը, վարդագույնը, դեղինն, ինչու ոչ, մանուշակագույնը: Բավակա՛ն է արդեն, սեւից պետք է դուրս գանք: Մեր հայ աղջիկները հաճախ սեւ գույնի զգեստներ են հագնում, որը կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ: Վառ գույները շատ կարեւոր են, որովհետեւ երբ այդպիսի գույներով հագուստներ ես կրում, կյանքն էլ է գունավորվում: Նկատել եմ, որ նոր սերունդը կենտրոնացած է փայլուն քարերով շորիկների վրա, ինքս էլ եմ հավանում, նույնիսկ կրում եմ շատ մեծ հաճույքով: Այնպես որ, խորհուրդ կտամ չխուսափել ավելի փայլուն, շքեղ, տոնական, կոկտեյլային զգեստներից:
Նշենք, որ նորաձեւության ցուցադրության երեկոյի հատուկ հյուրերի շարքում էին Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, շոումեններ դերասան Աշոտ Կարապետյանը եւ Արթուր Կարապետյանը, դերասանուհի Անահիտ Մութաֆյանը եւ այլք: Իսկ հաղորդավարի պարտականությունները ստանձնել էր դերասան Մակար Գալստյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ