«Թքողական» քաղաքականության շարունակությունը եւ կառավարության «աչքալուսանքը»
Ներքաղաքական
Տարիներ շարունակ բնապահպանները պայքարում են, որպեսզի Ամուլսարը չշահագործվի եւ չվնասի շրջակա միջավայրը, բայց ինչպես ասում են՝ «անձնական ոչինչ, միայն բիզնես», բնականաբար, գերշահույթն ու ֆինանսը գերակայում է ընդհանուրի ցանկություններին ու շահին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրելու: Ըստ նախարարի, Ամուլսարը շուտով կշահագործվի: Քերոբյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտի ակտիվությունը նվազել է:
«Դուք գիտեք, որ մենք փորձում ենք տնտեսական կառուցվածքը փոխենք այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ, բայց հանքարդյունաբերության նվազումը նպատակ չէ: Հանքարդյունաբերության նվազումը, ըստ էության, տեղի է ունեցել երկրորդ խոշոր հանքի կանգնած լինելու պատճառով, այսինքն՝ Թեղուտի հանքավայրի, որի սեփականատերը եւ փոխկապակցված գործընկերները բոլորը հայտնվել են սանկցիայի տակ, եւ այդ պատճառով ընկերությունը հնարավորություն չի ունեցել իր տնտեսական գործունեությունը իրականացնել: Մենք աշխատում ենք իրենց հետ, փորձում ենք այնպիսի լուծումներ գտնենք, որ թույլ կտան՝ հանքը վերաշահագործվի: Մենք կստորագրենք նաեւ մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը: 50 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել եւս մի հանքի շահագործում, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կային»,- հայտարարել է ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ` նկատի ունենալով «Ամուլսարի» հանքը:
Փաստացի մեր երկրում երկու խոշոր հանքավայր, որոնց շահագործմանը տարիներ շարունակ դեմ են եղել ակտիվիստ-բնապահպանները, կաշխատեն, թե ինչպես կգնահատվի բնությանն ու տարածաշրջանի մարդկանց հասցված վնասները, դա արդեն հարցի մյուս կողմն է:
Նշենք նաեւ, որ դեռ մի քանի տարի առաջ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ լուրջ բանավեճ էր ծավալվել բնապահպանների եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հոր՝ Գեւորգ Թորոսյանի միջեւ:
«Թորոսյանի հայրը էն մարդն ա, որ համալսարանում Ամուլսարի ծրագրի քննարկման ժամանակ հարձակվեց փորձագետների, գիտնականների եւ հասարակական գործիչների վրա, որոնք ներկայացնում էին հանքի շահագործման մեծ ռիսկերը: Կրկնում եմ այդ անձի խոսքերը՝ դուք ո՞վ էք, որ վարչապետը ձեզ լսի, իմացեք, վարչապետը ձեզ եւ ձեր խոսքը հաշվի չի առնում, Ամուլսարը շահագործվելու է»,- թե՛ իր ֆեյսբուքյան էջում եւ թե՛ տարբեր հարցազրույցներում այս մասին բարձրաձայնել է բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ:
Ի դեպ, դեռեւս 2021թ.-ին, Թորոսյան Գեւորգը պաշտոն էր ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում՝ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում: Իսկ դրանից առաջ աշխատել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալությունում: Իսկ բնապահպանները Արսեն Թորոսյանին դիմում-նամակով խնդրել էին, որպեսզի նա տա եզրակացություն հանքի շահագործման հետ կապված, սակայն ստացել էին «ոչինչ չասող» պատասխան, այսինքն՝ չկա հանքի շահագործման հետեւանքով առաջացած ռիսկերի վերաբերյալ եզրակացություն:
Հիշեցնենք, որ Գեւորգ Թորոսյանը պնդում էր, որ Ամուլսարի հանքը շահագործելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությանը օրինական է տրվել ընդերքօգտագործման թույլտվություն:
«Իրենք ինչքանով դեմ են շահագործմանը, ես էլ այնքանով կողմ եմ, որ հանքը շահագործվի»,- լրագրողների հետ զրույցում նշել էր ԳԵՎՈՐԳ ԹՈՐՈՍՅԱՆԸ եւ դրանով էլ ավելի հստակեցրել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցի իր դիրքորոշումը:
Ընկերության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել էին, որ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական եւ ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների վրա, օգտվել են աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից եւ վստահեցնում էին, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի:
Ինչեւէ, տեւական պայքարից ու ահազանգերից հետո, անգամ վտանգների մասին բարձրաձայնումները մնացին օդում: Իսկ Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի: Կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության եվ Եվրասիական զարգացման բանկի հետ:
Ստացվում է, որ կառավարությանը չխոչընդոտեց բազմաթիվ ահազանգերը, քրեական գործերը եւ պայքարը:
«Այս գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու եւ անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար: Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը եւ դրա դիմաց չի վճարելու որեւէ բան, բայց փոխարենը ապահովելու է գործարքի՝ որոշակի ռիսկերից ապահովագրումը», - տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ