«Պարոն Ազնավուր» ֆիլմում Շառլ Ազնավուրին կմարմնավորի Թահար Ռահիմը
Մշակութային«Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմում, որը նվիրված է մեծն երգչի 100-ամյակին, գլխավոր դերը վստահվել է 41-ամյա Թահար Ռահիմին:
Ալժիրական արմատներով ֆրանսիացի դերասանը «Սեզար», «Ոսկե գլոբուս» եւ BAFTA մրցանակների է արժանացել «Մարգարե» եւ «Մավրիտանացին» ֆիլմերի համար: Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմում մարմնավորել է Նազարեթ Մանուկյանին:
Կենսագրական «Պարոն Ազնավուր» ֆիլմը նկարահանելու են Մեհդի Իդիրը եւ Ֆաբիեն Մարսոն (Grand Corps Malade): Ֆիլմի համապրոդյուսերն է Ազնավուրի կրտսեր դստեր՝ Կատյայի ամուսին Ժան-Ռաշիդ Կալուշը: Նա պատմել է, որ 2018-ին Ազնավուրին տեղեկացրել էր նրա մասին ֆիլմ նկարելու մտադրության մասին ու արտիստի դերում Ռահիմի թեկնածությանը հենց շանսոնյեն է հավանություն տվել: Ազնավուրի գաղափարն է եղել նաեւ այն, որ ֆիլմում հիմնականում տեղ գտնեն նրա կարիերայի սկզբնական շրջանի իրադարձությունները՝ զրոյից դեպի փառք:
«Ռահիմը կատարյալ է այդ դերի համար, քանի որ Ազնավուրի պես զգացմունքային է, էներգիայով ու կրքով է վերաբերվում իր աշխատանքին, նույնպես ստիպված է եղել դժվարություններ հաղթահարել՝ հաջողության հասնելու համար: Նա էլ ներգաղթյալների զավակ է եւ ապրել է մեծ ընտանիքում»,- նշել է Կալուշը:
Ֆիլմը պատմելու է 1950-ականներին Ազնավուրի կարիերայի վերելքի եւ նրա մտերմության մասին բազմաթիվ արտիստների հետ, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի, որի հետ հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում:
«Պարոն Ազնավուր» ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են ամռանը, ցուցադրվելու է 2024 թվականին:
Ազնավուրը սկսել է երգել ու խաղալ 9 տարեկանից, սակայն համաշխարհային ճանաչում որպես երգիչ ու բառերի հեղինակ ստացել միայն 30-ում: Նրա երգերը կատարել են Ռեյ Չարլզը («For Mama»), Բոբ Դիլանը («The Times We’ve Known»), Լայզա Մինելլին («What Makes a Man a Man»): Զուգերգերով է հանդես եկել հայտնի մի շարք երգիչների հետ, նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում, 2017-ին Հոլիվուդի փառքի ճեմուղում բացվել է նրա աստղը: Ամբողջ աշխարհում վաճառվել է երաժշտի ավելի քան 180 մլն սկավառակ:
https://bravo.am/news/77180