Ղարաբաղյան շարժման մեկնարկը. իրականություն եւ կեղծիքներ
Թեմա«Ղարաբաղ կոմիտեի» եւ ԿԳԲ-ի միջեւ ի՞նչ կապ կար` վա՞խ էր, ինֆորմացիայի աղբյուր, թե՞ իրականում եղել են կասկածներ կոմիտեի որոշ անդամների նկատմամբ, թե նրանք կարող էին գաղտնի համագործակցել: «Ղարաբաղ կոմիտեի» անդամ, այսօր` ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ մեզ հետ զրույցում այս կերպ պարզաբանեց.
-Երբ «Ղարաբաղ կոմիտեում» ձեւավորվեց 11 հոգուց կազմը, եւ աշխատանքը դրվեց փաստորեն պրոֆեսիոնալ հիմքերի վրա, մեր մեջ այլեւս նման խնդիր չկար: Իսկ մինչ այդ, հատկապես կազմկոմիտեի աշխատանքների շրջանում, անընդհատ այդ կարգի հարցեր կային, որ մեզ հանկարծ չվախեցնեն կենտրոնի, Կենտկոմի, ԿԳԲ-ի, զանազան գործակալների, անգամ հոգեկան հիվանդների գոյությունը, որոնք իհարկե կային: Անգամ այդպիսի մոտեցում կար` թե տեսեք երկրում ինչքան հոգեկան հիվանդներ կան հաշվառված (20 հազար թիվն էին ասում), բայց սա մեզ չպետք է վախեցնի: Եթե դու ազգային ծանրագույն խնդիր ես լուծում դեռ հզոր կայսրության մեջ, պետք է գնաս ինքնազոհության ու նման կարգի խնդիրներից էլ չվախենաս: Չէ որ այդ կարգի խնդիրներից վախը կբերեր ուղղակի նրան, որ ոչինչ չանեինք: Վախով, կասկածով լցված մարդիկ, սովորաբար մեզնից հեռու են եղել: Իսկ ժողովուրդը տրամադրված էր` անկախ այսպիսի խնդիրներից, մնալ մեզ հետ եւ գնալ դեպի գործնական լուծումեր: Ամեն դեպքում, այն ժամանակ էլ մեզ քննադատողներ, դատապարտողներ եղել են` թե՛ քաղաքական հիմքի վրա, թե՛ անձնային, բայց էլի եմ ասում` նրանք եղել են մեզնից հեռու մարդիկ: Ու այսօր էլ չեմ կարծում, թե այդ կարգի «քննադատությունները» շարունակողներն օգտակար բան են անում:
– Ի դեպ, քննադատողների, դատապարտողների շարքում ժամանակին հայտնվեց նաեւ «Ղարաբաղ կոմիտեի» անդամ եւ Ձեր ընկեր Համբարձում Գալստյանի այրին` Նատալյան, որի բաց նամակում մասնավորապես ասված էր, որ ամուսնու սպանության կազմակերպիչներն «ունեն մեկ ընդհանուր անվանում` «Ղարաբաղ կոմիտե»:
– Նատաշան մեր ընկերն է, ու մինչեւ հիմա էլ շատ լավ ենք վերաբերվում նրան, եւ ըմբռնումով մոտենում իր ասածին: Այո, նա մեղադրում էր «Ղարաբաղ» կոմիտեին, նկատի ունենալով, որ կոմիտեի աշխատանքները դադարեցվելուց հետո անդամները տարբեր քաղաքական մոտեցումներ ունեին եւ պայքարում էին իրար դեմ: 1991թ. անկախության հանրաքվեից եւ նախագահական ընտրությունից հետո նոր իշխանություններ ձեւավորվեցին, եւ «Ղարաբաղ կոմիտեի» աշխատանքը վերջնականապես դադարեց: Դրանից հետո կոմիտեի անդամները տարբեր ուղղությունների կրողները դարձան, ինչը նպաստում էր, որ քաղաքական պայքարի մեջ սրություն լինի եւ այդ սրությունն օգտագործվի նաեւ իրար դեմ: Նատաշայի գրածը ճիշտ կլինի կարդալ Վանո Սիրադեղյանի գրածի կողքին, որտեղ վերջինս, որը ինչ-որ չափով մեղադրվում է Համբարձում Գալստյանի սպանությունից առաջ իրականացված հալածանքների մեջ, իրականում նույն բանն է ասում: Այսինքն` հենց կոմիտեի անդամների միջեւ հակադրությունը պատճառ եղավ, որ ինչ-որ ուժեր մտածեն՝ վերջնականապես կռվեցնել կոմիտեի անդամներին եւ հասնել լուրջ արդյունքների: Դրա համար սպանեցին Համբարձումին, որպեսզի մեղքն ընկնի կոմիտեի ուրիշ անդամների վրա: Ես` որպես կոմիտեի անդամ եւ Համբարձումի շատ մոտիկ ընկեր, ասում եմ, որ այս առումով Նատաշան ճիշտ է: Բայց, ինչ կարող ենք անել... Համբարձումի սպանությունն առ այսօր բացահայտված չէ, իրավական առումով կոնկրետ սպանողներն էլ հայտնի չեն: Իհարկե, մենք մեր կարծիքն ունենք, առնվազն ինչ-որ բան գիտենք այդ մասին, թե ինչպես եղավ, ով արեց, ինչպես արեց ու ինչու արեց: Եվ Վանո Սիրադեղյանի գրածն ուղիղ ճշմարտություն է, թեպետ եւ նա անուններ չի տալիս, որովհետեւ քրեական գործը կարճվեց, եւ այս սպանությունը մնաց չբացահայտվածների շարքում: Տա՛ Աստված, որ մի օր բացահայտվի, ինչը կարեւոր է մեր ժողովրդի եւ ընդհանրապես` պատմության համար, որպեսզի այս կարգի դեպքերը վերջնականապես բացահայտվեն ու բացառվեն, իսկ մարդիկ իմանան, թե իրական մեղավորն ով է:
(Շարունակելի)
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
