Ադրբեջանը միայն Արցախով չի սահմանափակվելու, առաջիկա ծրագրերում Իրանի նկատմամբ հավակնություններ ունի. Վարդանյան
Միջազգային
Արդյո՞ք Իրանում իրավիճակի սրացումը կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի համար եւ, ի վերջո, ո՞րն է Արցախի կարեւորությունը Իրանի համար: «Իրավունք»-ի հետ զրույցում այս թեմաներին է անդրադարձել իրանագետ ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ նշելով, որ գործնականում Իրանին ձեռնտու է եղել մինչեւ 2020 թ-ի ստատուս քվոյի պահպանումը, այսինքն՝ այն, որ Արցախում եւ հայ-իրանական սահմանին լինի հայկական վերահսկողություն:
- Իրանում իրավիճակի սրացման հարցում կա՞ն խոշոր խաղացողներ, ովքեր այդտեղ կոնկրետ շահ են հետապնդում:
- Իրանն ունի շատ հակառակորդներ, թշնամիներ, տարածաշրջանային հակառակորդներ, հիմնական մրցակիցը ԱՄՆ-ն է, տարածաշրջանում՝ Իսրայելը, հակառակորդներից է նաեւ Սաուդյան Արաբիան, եւ, բնականաբար, Իրանի անկայունությունը նրանց օգտին է՝ որքան ներքին անկայուն վիճակ լինի Իրանում, այնքան Իրանը խրված կլինի ներքին խնդիրների մեջ ու արտաքին դաշտում ակտիվ չի լինի, կլինի դիրքերի թուլացում: Արեւմուտքը, Միացյալ նահանգները գուցե ինչ-որ ակնկալիքներ ունեն, որ Իրանում կլինի իշխանափոխություն եւ այդկերպ կկարողանան Իրանից ինչ-որ զիջումներ կորզել, կամ այլ կերպ բանակցել: Իրանի ցույցերի հետ կապված՝ կարող ենք ասել, որ դրսից եւս շատ մեծ քարոզչական աջակցություն կար:
- Այս ամենում ո՞րն է Ադրբեջանի դերակատարումը, կսրվի՞ Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները:
- Իրան-Ադրբեջան հարաբերություններն արդեն իսկ սրված են, միշտ են եղել խնդրահարույց, իրենք ունեն մի շարք խնդիրներ՝ սկսած Ադրբեջանում շիաների նկատմամբ տարվող քաղաքականությունից վերջացրած Կասպից ծովի բաժանման խնդրով: Կարեւոր խնդիրներից է նաեւ Իրանում անջատողականություն հրահրելու Ադրբեջանի փորձերը եւ այլն: Խնդիրները բազմազան են ու խորքային: Այդ խնդիրներին երկու տարիների ընթացքում գումարվել են նորերը, օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի հարցը, որին Իրանը կտրականապես դեմ է հանդես գալիս, հենց դա է պատճառը, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում աննախադեպ ծավալների են հասել հակաիրանական քարոզչությունը: Այս քարոզչությունն էլ ավելի է սրվել վերջին ամիսներին: Մասնավորապես՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո, այսօր Ադրբեջանը Իրանին թշնամի պետություն է ընկալում եւ հենց այդ քարոզն է տանում իր երկրի մամուլում: Այս երկրների հարաբերությունները խիստ լարված են, չնայած՝ Իրանը դեռ փորձ է անում ինչ-որ մեղմ հայտարարություններով կամ դիվանագիտական ճանապարհով որոշակի լուծում տալ խնդրին, բայց ադրբեջանական կողմը նման ցանկություն չունի: Ադրբեջանն այսօր վերածվել է ոչ միայն հակաիրանական հարթակի, այլ հենց ինքն է հակաիրանական քարոզչություն տանող առաջամարտիկ երկրներից մեկը: Մենք չենք կարող բացառել, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել հակաիրանական տարբեր գործողությունների, մանավանդ որ նախկին տարիներին եւս մամուլը միշտ գրել է այդ մասին, որ Իսրայելը Ադրբեջանի միջոցով տարբեր գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ: Օրինակ՝ 2014թ-ին Նաթանզի միջուկային օբյեկտում իսրայելական հետախուզական ԱԹՍ հայտնաբերվեց, Իրանից հայտնեցին, որ այն Ադրբեջանի տարածքից է թռիչքը գործել: Երբ սրված են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, մենք չենք կարող բացառել, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել հակաիրանական գործողությունների, իսկ ինչ վերաբերում է վերջին հարձակմանը, ապա նշեմ, որ այն եղել է կվադրոկոպտերներով, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ՝ այն Իրանի ներսից է օդ բարձրացել, որովհետեւ այդ դրոնները չունեն այնքան հզորություն, որ մի երկրից հասնեն Իրանի խորքը, ամենայն հավանականությամբ՝ Իսրայելը տեղում իր ունեցած գործակալական ցանցի միջոցով է այդ հարձակումն իրականացրել:
- Իրանում իրավիճակի սրացումը եւ լարվածությունը որեւէ կերպ կանդրադառնա՞ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։
- Իրանի շուրջ լարվածությունն, անշուշտ, կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա, քանի որ Իրանն այն երկրներից է, որը հանդես է գալիս Զանգեզուրի միջանցք կոչվածի դեմ եւ Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցման օգտին, հետեւաբար՝ մեզ համար կարեւոր է, որ Իրանը լինի ուժեղ ու ազդեցիկ, մենք ունենք ընդհանուր շահեր եւ սպառնալիքներ: Մեր վրա բացասական առումով մեծ ազդեցություն կունենա Իրանի շուրջ իրադրության վատթարացումը, եւ այդ պարագայում Իրանը հազիվ կարողանա զբաղվել իր ներքին խնդիրներով եւ չի կարողանա խոչընդոտել կամ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ թե՛ Զանգեզուրի հարցում, թե՛ որեւէ այլ հարցում, որտեղ մեր շահերը համընկնում են:
- Իրանում լարվածության ֆոնին որո՞նք են Հայաստանի քայլերը, ի՞նչ է պետք անել:
- Ադրբեջանը մեծ հակաիրանական քարոզչություն է տանում նաեւ միջազգային հարթակներում, նույն դեսպանի տան վրա հարձակումը օգտագործելով՝ իրենք փորձում են միջազգային կառույցներում Իրանի դեմ ինչ-որ դատապարտող հայտարարություններ ընդունել, եւ տվյալ պարագայում Հայաստանը կարող է, օրինակ, միջազգային հարթակներում Իրանին աջակցել եւ ցույց տալ, որ Ադրբեջանը կեղծ քարոզչություն է տանում, որովհետեւ այդ նույն քարոզչությունն Ադրբեջանը մեր դեմ էր տանում, հետեւաբար մենք այսօր մեր ուժերը կարող ենք համատեղել: Շատ կարեւոր է քարոզչական հարթակներում հայ-իրանական ուժերի համատեղումը, որովհետեւ դա շատ կարեւոր ու առանցքային ոլորտներից է, որն այսօրվա աշխարհում կարողանում է ազդել որոշումների կայացման վրա, մանավանդ հիմա, երբ ադրբեջանաթուրքական դաշինքի եւ նրանց աջակիցների կողմից շատ խիստ հակաիրանական ու հակահայկական արշավ է տարվում, Հայաստանը եւ Իրանը միմյանց ջանքերը պետք է միավորեն եւ քարոզչական դաշտում միասին հանդես գան:
- Այս պարագայում Իրանի համար Արցախն ի՞նչ նշանակություն ունի։
- Արցախյան հակամարտության հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ Արցախը ճանաչելով հենց Ադրբեջանի մաս: Բայց գործնականում Իրանին ձեռնտու է եղել մինչեւ 2020 թ.-ի ստատուս քվոյի պահպանումը, այսինքն՝ այն, որ Արցախում եւ հայ-իրանական սահմանին լինի հայկական վերահսկողություն, եւ այն որ պատերազմից հետո Ադրբեջանը օկուպացրեց մեր տարածքների մի մասը, Իրանում հստակ մատնանշում են, որ իրենց սպառնալիքներ կան այդ շրջաններից: Հետեւաբար, Իրանում գիտակցում են այն նշանակությունը, որն ունի հայկական Արցախը, այսինքն՝ իրենք հիմա էլ հստակ գիտակցում են, որ Բաքվի ու Անկարայի ծրագրերը ավելի հեռուն են գնում, Սյունիքի եւ նաեւ հետագայի համար Իրանի նկատմամբ հավակնություններ ունեն:
- Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը միայն Արցախով չի սահմանափակվելու, առաջիկա ծրագրերում կա՞ Իրանը։
- Այո՛, Ադրբեջանը միայն Արցախով չի սահմանափակվելու, առաջիկա ծրագրերում Իրանի նկատմամբ հավակնություններ ունի, բայց այդ ծրագրերը կարելի է ասել մի փոքր ավելի երկարաժամկետ կտրվածքի համար են, որովհետեւ այս պահին առաջնային խնդիրը Արցախն ու Սյունիքն են, բայց սա չի նշանակում, որ Իրանի ուղղությամբ իրենք քայլեր չեն ձեռնարկում: Հիմա արդեն Ադրբեջանի պետական լրատվամիջոցներով, անգամ բարձրաստիճան պաշտոնյաներն են խոսում Հարավային Ադրբեջան կոչվածի մասին, որը ենթադրում է Իրանի հյուսիսարեւմտյան նահանգները, խոսում են իբրեւ Իրանում 40 մլն ադրբեջանցիների բնակվելու մասին եւ այլն: Իրենք արդեն պարարտ հող են ստեղծում հասարակության մեջ հետագա բոլոր գործողությունների համար, նույն քարոզչությունը տանում են նաեւ Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ Հայաստանը հռչակելով Արեւմտյան Ադրբեջան: Բայց Իրանի դեպքում, պետք է նշել, որ Իրանի թյուրքախոսների թվաքանակը առավելագույնը կարող է լինել 10 մլն, եւ իրենք իրենց իրանցի են համարում: Ավելին, երբ խոսք է լինում միավորվելու մասին, նրանք ընդգծում են, որ այդ Ադրբեջանն է, որ պետք է միանա Իրանին:
- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանն ու Իրանը։
- Հայաստանը եւ Իրանը պետք է մեկտեղեն ջանքերը քարոզչության ոլորտում, միջազգային հարթակներում միմյանց աջակցեն: Կարեւոր են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը, այդ թվում՝ գիտական, տնտեսական, ռազմական: Երբ խոսում ենք հայ-իրանական համագործակցության զարգացման մասին, շատ կարեւոր է նկատի ունենալ, որ այս զարգացումը պետք է համաչափ ու երկկողմ լինի: Եթե խոսում ենք առեւտրի ծավալների մասին, շատ կարեւոր է ֆիքսել, որ դրանք չպետք է աճեն միայն Իրանից ներկրումների հաշվին, այլ Հայաստանը եւս պետք է կարողանա շատ ապրանք արտահանել Իրան: Ունենք երկու ժողովուրդների ճանաչելիության խնդիր, եւ պետք է աշխատանքներ տարվեն այն ուղղությամբ, որ ոչ միայն Հայաստանում Իրանին եւ իրանցուն ավելի լավ ճանաչեն, այլեւ՝ հակառակը:
ՍՅՈՒԶԻ ԱՍԱՏՐՅԱՆ