«Լուկա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Ռոտերդամում եւ Օստենդում
Մշակութային
Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։
Պետական աջակցություն ստացած խաղարկային կինոնկարը՝ «Լուկան», Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համաարտադրողն է (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանը։
Կինոնկարի երկու գլխավոր դերակատարներից մեկը դերասան Սամվել Թադևոսյանն է։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը եւ բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ «Լուկան» Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։
«Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերայի առիթով Ռոտերդամ և Օստենդ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը և հայկական կողմից՝ պրոդյուսեր Անջելա Ֆրանգյանը:
Ցուցադրությանը ներկա էին գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից: