Էլ զիջելու տեղ չունենք, Արցախը ընտրել է պապերի գերեզամանները ու տղաների թաթախված արյամբ ներծծված հողը պաշտպանելու տարբերակը. ԱՀ ԱԺ պատգամավոր
Հանդիպում
«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
-Պարոն Բալայան, արդեն 40 օր է, ինչ Արցախը գտնվում է փաստացի շրջափակման մեջ, արցախցիները շարունակում դիմակայել օր-օրի սրվող հումանիտար աղետին, բայց որքա՞ն կկարողանա դիմակայել Արցախը, երբ թշնամին ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում, իսկ Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավոր ՀՀ-ն ասում է, որ կանգնած է Արցախի կողքին բացառապես հումանիտար խնդիրները մեղմելով:
- Գիտեք դժվար է, բայց ժողովուրդը բառիս բուն իմաստով մաքառում է, և փորձում է հաղթահարել հումանիտար աղետը՝ փորձելով շարունակել իր հողին տիրություն անել, իր բոլոր ռեսուրսներով, ապրելով իր հայրենիքում։ Մարդիկ այդպես են տրամադրված։ Մենք իրավունք չունենք ուրանալ հազարավոր հայորդիների անձնազոհությունը, որոնք պայքարեցին ու անմահացան հանուն հայրենիքի: Եղած հնարավորություններով շարունակում ենք պայքարել, Արցախը արցախցիների համար սոսկ բնակավայր է, սա մեր հայրենիքն է, եւ ժողովուրդը պայքարելու նչ էլ, որ պատահի: Արցախը ընտրել է պապերի գերեզամանները ու տղաների թաթախված արյամբ ներծծված հողը պաշտպանելու տարբերակը, արդեն շատ ենք զիջել, էլ զիջելու տեղ չունենք:
Դրան, զուգահեռ, ՀՀ իշխանությունների փափուկ վերաբերմունքը, կամ ընդհանրապես անտարբեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ, ինչ-որ չափով ոգևորում է հակառակորդին՝ նոր սադրանքների դիմելու հարցով, և իրավիճակը միշտ լարված պահելու համար: Առանց մտածելու, որ այս ամենը մի օր էլ կանգնելու է ՀՀ քաղաքացու դռանը և այս ամենը կանխելու համար կա մեկ ճանապարհ՝ մարդ պետք է իր ազատությունը, անկախությունը, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով պաշտպանի։ Իշխանության մոտեցումն էլ դրան պետք է նպատակաուղղված լինի: Պատերազմից հետո անընդհատ շրջանառության մեջ էր դրվում, որ Արցախը բեռ է ՀՀ քաղաքացիների համար, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ 2 առումներով՝ թե տնտեսական, թե անվտանգային, որովհետև վերջիվերջո Արցախը տնտեսական միավոր է, որը նպաստում էր Հայաստանի տնտեսական աճին, սոցիալական հարցերի լուծմանը, և այլն, իսկ մյուս կողմից էլ նաև ամենակարևոր անվտանգային համակարգն է։ Այդ բեռը դրված էր Արցախի Հանրապետության վրա, այսինքն թշնամին հիմա կանգնած է ՀՀ քաղաքացու դռանը:
-Լավ, մեկ ամիս, երկու ամիս, ի վերջո ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը:
-Մենք տրամադրված ենք ինչպես ասած պայքարի, այնպես չէ, որ ժողովուրդը տրամադրված է պայքարել եւ զոհվել: Ժողովուրդը տրամադրված է պայքարել եւ ապրել, սա արցախցու պայքարի բանաձեւը: Որ ասեք, որոնք են պայքարի գործիքները նորից կրկնելու եմ` մեր տունը պաշտպանելու կամքն է:
-Պարոն Բալայանը, Փաշինյանը ասաց, որ ինքը պատրաստ է լիարժեք բանակցել Հայաստանի անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը:
-Իսկ Փաշինյանը Ալիեևին հարցրել է, արդյո՞ք Ադրբեջանը կխոսի, նա ցանկանում է մեզ հետ խոսել զուտ համայնքի մակարդակով, ինչն անընդունելի է և Նիկոլ Փաշինյանն էլ դրա մասին գիտի, որ Արդբեջանը չի խոսի Արցախի հետ: Ադրբեջանի վրա ճնշում պիտի լինի, գործնական քայլեր պետք է լինեն, որպեսզի այս 120 հազար բնակչությանը ոչնչացնեն ըստ էության: Սա պատերազմի շարունակությունն է տարբեր մեթոդներով, այստեղ 30 հազար երեխա է ապրում, ըստ էության ցեղասպանության է նման: Կարծում եմ, որ այն երկրները, որոնք տարածաշրջանով հետաքրքրված են, պետք է գործնական քայլեր ձեռնարկեն, որովհետև նման զարգացումները հայտնի չի՝ լոկալ կմա՞ն, թե կվերածվեն մասնշտաբային կոնֆլիկտների, որոնք նոր խնդիրներ կառաջացնեն աշխարհի մեծերի համար, իմ կարծիքով:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ