Արցախում անհանգստացած են՝ Փաշինյանը, կարծես թե, փոխում է Հայաստանի վեկտորը. Հակոբ Հակոբյան
Ներքաղաքական
«Իրավունքը» զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
«ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ՍԿՍՎԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՈՎ ԵՎ ՉԻ ԷԼ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ՆՐԱՆՈՎ»
— Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իր ասուլիսի ժամանակ մեկ անգամ եւս պաշտոնապես անուղակիորեն հայտարարեց, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, եւ Արցախի ճակատագիրը պետք է որոշի տեղի ժողովուրդը: Այս պայմաններում ինչպե՞ս եք տեսնում հետագա շփումը Արցախի եւ նիկոլական Հայաստանի միջեւ:
— Կարծում եմ՝ Հայաստանը երբեք չի կարող լինել մեկ անձի ենթակայության տակ: Եթե այսօր ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, դեռ չի նշանակում, որ Հայաստանի հանրապետությունը դարձել է նիկոլական: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին եւ Արցախին ընդհանրապես, այս պայքարը չի սկսվել Նիկոլ Փաշինյանով եւ չի էլ ավարտվելու նրանով: Նիկոլ Փաշինյանը եթե շատ ցանկանա, կարող է ինչ-որ խոչընդոտ դառնալ այդ ճանապարհին, սակայն սա համայն հայության որդեգրած պայքարն է, որը սկսվել է դեռեւս 1988 թ.-ից եւ շարունակվելու է: Ներկայիս այս իրողություններն, իհարկե, խիստ դժվարացնում են արցախահայության պայքարը, սակայն, ըստ իս, սա ժամանակավոր բնույթ է կրում, եւ Նիկոլ Փաշինյանն ինքը ժամանակավոր բնույթ է կրում: Որեւիցե կերպ նա չի կարող կասեցնել այդ պայքարը, որովհետեւ մասնավորապես դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շուրջ 70 հազարանոց մեր հանրահավաքը ցույց տվեց, որ վերահաստատում ենք մեր մոտեցումը եւ պայքարելու ենք հանուն ազատ, անկախ եւ հայկական Արցախի:
— Արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը մատնացույց է անում, որ բավարար ֆինանսավորում Հայաստանը տրամադրում է Արցախին: Արդյոք Հայաստանի միակ պարտավորությունը սա է Արցախի հանդեպ:
— Իհարկե՝ ոչ: Այդ ֆինանսների ուղղելը դեպի Արցախի հանրապետություն շատ մեծ օգնություն է, որը ստանում ենք: Սակայն, կարծում ենք, որ Հայաստանը, որպես ճանաչված պետություն, ոչ միայն իր ֆինանսական հնարավորություններով պետք է օժանդակի Արցախի հանրապետությանը, այլ իր ունեցած ողջ գործիքակազմով, որոնք կարող է օգտագործել ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ բոլոր պետական գործողությունների մեջ: Արցախի հանրապետության միջազգային հարթակներում հանդես գալու հնարավորությունը միմիայն ՀՀ խողովակների միջոցով կարող է լինել, բանակցությունների ժամանակ Հայաստանն է ներկայացնում Արցախի հանրապետությունը, եւ ՀՀ իշխանություններն ուղղակի պարտավոր են իրենց բոլոր պետական գործիքակազմները ծառայեցնելու համայն հայության եւ մասնավորապես՝ արցախահայության դարավոր երազանքն ի կատար ածելու համար:
— Կա՞ մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ավելի հեռուն գնալ եւ Արցախին ֆինանսական աջակցությունից զրկել կամ արցախցիներին՝ ՀՀ անձնագրերից, քանի որ ակնհայտ է, որ նա Արցախից «ձեռքերը լվանում է»:
— Այն, որ Արցախից Նիկոլ Փաշինյանը եւ իր շուրջ հավաքված իշխանական խումբը « ձեռքերը լվացել են», դրա մասին վաղուց ենք ասել: Իսկ այն, որ նա կարող է անկանխատեսելի ինչ-որ գործողություններ անել, արդեն մեր համար, կարծես թե բնական է դարձել: Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախի համար պայքարելուց, բայց, անկեղծ ասած, չեմ կարող ենթադրություններ անել, թե ինչ քայլերի կարող է գնալ: Ամեն դեպքում, նորից ընդգծում եմ՝ Նիկոլ Փաշինյանով չէ պայմանավորված համայն աշխարհասփյուռ հայերի պայքարելու որոշումը: Կարծում եմ՝ մայր Հայաստանը, Արցախի հանրապետությունը եւ համայն հայությունը պետք է պատրաստ լինեն դիմագրավելու ցանկացած նման մարտահրավերների եւ խնդիրների, որոնք այսօր արդեն իսկ առաջացրել է Նիկոլ Փաշինյանը: Եվ միգուցե հենց վաղը ենթադրյալ այդպիսի խնդիրներ կարող է առաջանալ:
«ԱՐՑԱԽՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՔԱԳԾԻՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՆԳԻՍՏ ՆԱՅԵԼ»
— Այն, որ արդեն մեկ ամսից ավելի է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, մեղքի առյուծի բաժինը Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ռուսների «գրպանը գցեց»: Դրան էլ նախորդել էր այն, որ ծռերի ԱԺԲ-ն էր մեղադրում Ռուսաստանին՝ փորձելով շրջափակել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան: Ինչպե՞ս են այս ամենին վերաբերում Արցախում:
— Ինչ-որ չափով Արցախում Նիկոլ Փաշինյանի վարքագծին սկսել են ավելի հանգիստ նայել, որովհետեւ բոլորն էլ հասկացել են, որ 2018 թ.-ից սկսած ամեն տեսակի ձախողումներից հետո նա պատրաստ է բոլորին մեղադրել, ասել, որ դուք եք պատճառը եւ ոչ թե ինքը: Դրա համար այս վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ միջանցքի բացման պատասխանատվությունից խուսափելը՝ այն դնելով ՌԴ-ի վրա, մեզ համար նորություն չէ: Բայց մենք միանշանակ համոզված ենք, որ եթե այսօր հարաբերական անդորր կա եւ 120 հազար բնակիչ այս կամ այն ձեւով, համենայնդեպս, կարողանում է ապրել դեռեւս Արցախի հանրապետությունում, դրա մեջ մեծ դերակատարություն ունեն նաեւ ռուս խաղաղապահները: Ուստի՝ քարկոծելով ռուս խաղաղապահներին կամ դժգոհելով ու բողոքելով ՌԴ-ից որեւիցե լավ տեղ չենք հասնելու: Իհարկե, նաեւ չենք բացառում այն հանգամանքը, որ այսօր կա նաեւ միգուցե ավելորդ սպասելիքներ ՌԴ-ից, միգուցե որոշակի գործողություններ այնպես չի կատարվում, ինչպես կցանկանայինք, սակայն սա չի նշանակում, որ պետք է բողոքենք ու փնովենք դարավոր ռազմավարական դաշնակցին, ինչպես այսօր անում է ՀՀ իշխանությունը: Եվ սա կատարում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ զուտ, որպեսզի պատասխանատվությունն իր վրայից գցի: Դրա համար Արցախում այդքան նշանակություն չեն տալիս Նիկոլ Փաշինյանի այդ հակառուսական կեցվածքին, այլ հարց է, որ մարդիկ անհանգստացած են, որ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, փոխում է Հայաստանի վեկտորը ՌԴ-ից դեպի Արեւմուտք: Այստեղ մենք ավելի շատ խորքային վտանգներ ենք տեսնում, քան զուտ ՌԴ-ին մեղադրելը:
— Սա բացատրում է Նիկոլ Փաշինյանը նրանով, թե ստացվում է, որ ՌԴ-ի ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլեւ ընդակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար: Ըստ Ձեզ, հրաժարվելով ռուական ռազմական ներկայությունից՝ հնարավոր լինելո՞ւ է անփորձանք հարեւանություն անել Ադրբեջանի հետ:
— Նիկոլ Փաշինյանից դեռ ավելի առաջ եւս ունեինք այնպիսի ղեկավար, որը հայտարարում էր, թե Հայաստանի հանրապետության պաշտպանվածությունն իր անպաշտպանվածության մեջ է (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.): Կարծում եմ՝ նման թեզեր բացմիցս կշրջանառվեն տարբեր իշխողների կողմից եւ այս ամենը ներկայացվում է սին տրամաբանական կապեր գտնելով: Ես լսել եմ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, այդպիսի սին տրամաբանական կապերի միջոցով ցանկանում են ՀՀ հանրությանը գցել շփոթության մեջ: Դրա իրական իմաստն այն է, որ իրականությունը ժողովրդին ցույց տալու փոխարեն՝ կարողանա ինչ-որ ձեւ բացատրություն տալ այն մտքերին, որոնք ի վերուստ իր գլխում եղել է: Եթե դու ցանկանում ես հրաժարվել ՌԴ օգնությունից, ապա բազմաթիվ պատճառներ եւ հանգամանքներ կիարողանաս հորինել եւ ներկայացնել ժողովրդին: Բայց դրանք զուտ քաղաքական մանիպուլիացիաներ են եւ իրականության հետ որեւիցե կապ չունեն:
— Փաստացի այս պահին Արցախի անվտանգությունն ապահովում է եւ հումանիտար խնդիրները լուծում է ռուս խաղաղապահը: Այս առումով ստեղծված իրավիճակի որպես ելք՝ հնարավոր համարո՞ւմ եք Արցախը դիմի ՌԴ-ին՝ իր կազմի մեջ մտնելու խնդրանքով:
— Այս պահի դրությամբ՝ նման հարց չի քննարկվում: Այո, ռուս խաղաղապահներն այսօր իրականացնում են Արցախի հանրապետության անվտանգության հիմնական դերակատարումը եւ ներկայիս հումանիտար աղետի պայմաններում նաեւ որոշակի չափով մեղմում են հումանիտար խնդիրները, սակայն նման հարց քննարկման սեղանին չկա: Մենք գտնում ենք, որ այն համահայկական պայքարը եւ իղձերը, որոնք սկսվել են 80-ական թվականներից եւ, ինչու ոչ, դրանից էլ ավելի շատ առաջ, ազատ եւ անկախ հայրենիքում ապրելու իրավունքի իրացումն է: Իսկ թե ինչպես կզարգանան հետագայում իրադարձությունները, չեմ կարող ասել:
«ՉՊԵՏՔ Է ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ՆՐԱ 120 ՀԱԶԱՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆԱԿ»
— Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի հայտարարության մեջ կրկին դիմում կա միջազգային հանրությանը: Մեկ ամսից ավել շրջափակման մեջ գտնվող Արցախի ապաշրջափակման համար որեւէ քայլ չարած նույն միջազգային հանրությունից դեռ ի՞նչ կարելի է ակնկալել:
— Միջազգային հանրությունից, ՀՀ իշխանություններից եւ ընդհանրապես բոլորից չպետք է դադարենք ինչ-որ մի բան ակնկալել եւ պետք է պայքարը շարունակենք՝ անընդհատ առերեսելով միջազգային հանրությանը, ՀՀ իշխանություններին եւ մյուս պետություններին այն իրականության հետ, որ 21-րդ դարում տեղի է ունենում էթնիկ զտումներ եւ ցեղասպանության վտանգ կա: Պետք է անընդհատ այդ հարթակներին բերենք այն պատասխանատվության զգացման, որ այս աղետների պատասխանատուն դուք եք եւ պետք է պատասխանատվություն կրել դրա համար: Կարծում եմ՝ կգա ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի պահ, որ սա սթափեցնող կլինի: Վերադառնալով Ձեր հարցին՝ նշեմ, որ հիմնական շեշտը ոչ միայն միջազգային հանրության վրա է դրված, այլ առավել եւս ՀՀ մեր քույրերրի եւ եղբայրների կամքի եւ հաստատակամության վրա, ինչպես նաեւ պահանջ է առ Հայաստանի իշխանություններ, որ չպետք է Արցախի հանրապետության եւ նրա 120 հազար բնակիչներին թողնել միայնակ: Կարծում եմ՝ սա կոմպլեքս գործողություններ են, որոնք պետք է օր ու գիշեր կատարել՝ չհոգնելով, չհիասթափվելով:
— Դեռ ինչքա՞ն կարող է Արցախը շրջափակման մեջ դիմակայել՝ հաշվի առնելով, որ խնդիրներ կան նաեւ էլեկտրաէներգայի հետ կապված:
— Բազմապիսի խնդիրներ կան՝ սկսած զուտ կենցաղային մակարդակի հարցերից վերջացրած առողջապահականով ու սոցիալ-տնտեսականով, որոնք գնալով ավելի են սրվում: Սակայն կարելի է ասել, որ շրջափակման ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբը, կարծես թե, որոշակի գործուն մեխանիզմներ է փորձում իրականացնել Արցախի հանրապետությունում, որպեսզի կարողանան որքան հնարավոր է մեղմեն այս խնդիրները: Բազմաթիվ միջոցառումներ եւ գործողություններ է նախատեսված, որոնց մասին պարբերաբար իրենք տեղեկացնում են: Կարեւորն այն է, որ արցախցին հասկանում է, թե ինչի համար է հայտնվել այս դժվարությունների մեջ եւ պատրաստ է հանուն իր պայքարի, հանուն իր որոշման այս ամենի միջով անցնել: Դժվարությունները միգուցե մի քիչ կմեղմանան կամ մի քիչ կավելանան, մենք դեռեւս պատրաստ ենք գտնվել այսպիսի դժվարությունների մեջ՝ հանուն մեր պայքարի հաղթական ավարտի: Սա մենք որոշել ենք 1988 թ.-ից եւ կարծում եմ՝ այդքան էլ անսպասելի չէր այս իրավիճակն արցախցու համար:
— Ինչպե՞ս եք տեսնում Արցախը Հայաստանին կապող կենսական միջանցքի բացման հնարավորությունը, եթե չկան որեւէ բանակցություններ, համենայնդեպս, Մոսկվայում նախատեսված հանդիպումներից Փաշինյանը հրաժարվեց: Տեսակետներ կան, որ, ի վերջո, պետք է ճանապարհը բացել ուժի կիրառմամբ:
— Այս պահի դրությամբ՝ այո, իրոք, չկան բանակացություններ: Կարծում եմ՝ ճանապարհը դեռեւս երկար ժամանակ կփորձեն Ադրբեջանի այդ հրոսակախմբերը փակ պահել, որպեսզի կոտրեն արցախցու կամքը: Ճանապարհի փակելն այդ ամբողջ ռազմական հանցագործության օղակներից մեկն է, եւ սա շարունակությունն է դեռեւս 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված 44 օրյա պատերազմի: Հետեւապես, մտածել, որ ճանապարհը բացելով մեր խնդիրները վերանալու է, կարծում եմ՝ տեղին չէ: Պետք է պատրաստ լինենք այսպիսի բազմաթիվ խնդիրների: Մեծ հաշվով Արցախի հանրապետության նկատմամբ Ադրբեջանի պատերազմն արդեն երկու տարուց ավել է շարունակում է եւ դեռ կշարունակվի: Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա, այստեղ կարեւորն այն է, որպեսզի արցախցին հաստակակամ լինի իր որոշմանը եւ ճանապարհի բացելու գինը չլինի որեւիցե զիջում կամ հետքայլ: Եվ ճանապարհի բացումը պետք է անպայման լինի մեր պայմաններով, հակառակ դեպքում՝ ցանկացած որեւէ այլ կողմի միջոցով ճանապարհ բացելը կլինի այդ ճանապարհը բացողի պայմանները: Իսկ ավելի մանրամասն, թե ինչպիսի տակտիկական միջոցներով պետք է այն իրականացնել, այդ մասին խոսելը դեռեւս վաղ է՝ հաշվի առնելով, որ իշխանությունները պետք է որոշում կայացնեն, քան թե մենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ