Մահացել է Դավիթ Ղարիբյանի հայրը. հոգեհանգիստը՝ հունվարի 16-ին
ՄշակութայինԽոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել, պրոդյուսեր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻ հայրը՝ «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի երկարամյա ղեկավար ԼԵՎՈՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ:
Լեւոն Ղարիբյանը ծնվել է Երեւանում, 1952 թ.: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, դասավանդել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատել է ՀԽՍՀ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության գիտամեթոդական կաբինետում, Երեւանի սննդի արդյունաբերության տեխնիկումում` որպես փոխտնօրեն:
ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում ստեղծել է հետազոտական լաբորատորիա, եղել է «Իկար» կոոպերատիվի գիտատեխնիկական եւ ինովացիոն հարցերի գծով փոխնախագահ, ստեղծել եւ ղեկավարել է «Հորիզոն 21» ինովացիոն ՍՊԸ-ն: Աշխատել է Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանում` որպես տեղեկատվության եւ տեխնիկայի բաժնի վարիչ:
2002 թ.-ից եղել է Գիտատեխնիկական ինֆորմացիայի եւ տեխնիկական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտի Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի տնօրեն: 2009 թ.-ից ղեկավարել է ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը:
Ի դեպ, COVID-19 համավարակի ժամանակաշրջանում Լևոն Միխայիլի Ղարիբյանն իր գիտական գործունեությունը ծավալելիս անդրադարձել է այնպիսի կարեւոր խնդրի, որը վերաբերում է միջավայրի մաքրությանը։ Գիտական աշխատության նպատակն է եղել հայտնագործել այնպիսի մեթոդ, որը հնարավոր է օգտագործել կենցաղային միջավայրների մաքրումն ապահովելու համար։ Այդ մեթոդի կիրառումը վերաբերում է միջավայրերի (կոմերցիոն տարածքների, տների եւ այլ տիպի տարածքների) եւ գույքի, առարկաների (ինչպիսիք են` ավտոմեքենաներ, խոհանոցային տեխնիկա, օդորակիչներ եւ այլ կենցաղային տեխնիկա) օզոնային մաքրման գործընթացին: Մեթոդը ներառում է մի քանի տեխնիկական գործողություն, որոնց միջոցով ապահովվում է մաքրման բարձր արդյունավետություն՝ օգտագործելով տարբեր սարքավորումներ՝ բացի օզոնային գեներատորից։
Լեւոն Ղարիբյանն իր հետազոտությունների արդյունքում եզրակացրել է, որ մաքրման այս մեթոդի կիրառումը կրճատում է ժամանակը, բարձրացնում մաքրության աստիճանը և երկարացնում սարքերի կյանքը։ Այն վերացնում է վիրուսները, բակտերիաները, բորբոսը, սնկերը, ալերգիաները, տոքսինները, մանրեներին, ինչպես նաեւ վերացնում է տհաճ հոտերը եւ վտանգավոր տարրերը։ Նա ակտիվ աշխատանքներ էր տանում, որպեսզի օզոն քլինինգսը ճանաչելի դառնա ամբողջ աշխարհին, որպեսզի փրկվի աշխարհն այս ախտոտվածությունից եւ բերի նոր շունչ, մաքրություն ու առողջություն։ Սա է նա պատգամել նաեւ որդուն, ով հոր հետ միասին եւ վստահ ենք նաեւ, որ հիմա՝ ի հիշատակ նրա, շարունակելու է իրականացնել Լեւոն Միխայիլիչի երազանքը: