⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ղարաբաղյան շարժման մեկնարկը. իրականություն եւ կեղծիքներ

Թեմա

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ, այսօր ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով` 1988-ի փետրվարի 20-ի առաջին մեծ հանրահավաքն ուներ մեկ նպատակ` Ղարաբաղը փրկել Ադրբեջանից: Իսկ «Ղարաբաղ կոմիտեն» համակարգված ձեւով իրականացնում էր հանրահավաքների կազմակերպման եւ մնացյալ հարցերի քննարկման ու լուծման գործընթացը: Բայց ի վերջո, ինչպե՞ս ստացվեց, որ կոմիտեի անդամները, լինելով խիստ տարբեր անձինք, հենց իրենք ստանձնեցին Ղարաբաղյան շարժման ղեկը: Ա. Հակոբյանը մասնավորապես նշեց.

- Մեր աչքի առջեւ էր Նախիջեւանի ճակատագիրը, որը կորցրինք որպես հայկական տարածք: Նախիջեւանի գրեթե կեսը միշտ հայություն է եղել, բայց խորհրդային շրջանում այն գնալով պակասեց, իսկ վերջում վերացավ` Գորբաչովի հռչակած ազատությունների շրջանակում ուժեղացած ազգայնական միտումների հետեւանքով: Այդ հայաթափության գործընթացը վերաբերում էր նաեւ Ադրբեջանի հայկական մնացած շրջաններին, եւ այս խնդիրը տեսանելի էր գոնե այն մարդկանց համար, ովքեր չէին խուսափում դրանից տեղյակ լինել: Արդյունքում, այդ անհանգստացնող խնդիրներն օր օրի ավելի լայն շրջանակներ էին ընդգրկում, եւ մենք փորձում էինք լուրջ պայքարի պատրաստել ժողովրդին: Իսկ 1988-ի փետրվարի 20-ի մեծ հանրահավաքը սկիզբ դարձավ շուրջօրյա հանրահավաքների, որոնք շարունակվեցին մինչեւ փետրվարի վերջը: Դրան զուգահեռ Արցախում եւս անընդհատ հանրահավաքներ էին տեղի ունենում, քանի որ հասկանալի էր, որ միայն նամակներ գրելը եւ Մոսկվա ուղարկելը բավական չէր: 
Պարզ էր նաեւ, որ հանրահավաքներում, բնականաբար, պետք է լինի ինչ-որ ուղղորդող-ղեկավարող մարմին: Դրա համար, թեպետ բավական ժամանակ էր արդեն (1987 թ. երկրորդ կեսից), ինչ գործում էր մեր կազմակերպիչների խումբը՝ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, բայց փետրվարի 21-ի երեկոյան հրապարակում ընթերցվեց մեր «կազմկոմիտեի» անդամների անունները, որպեսզի ժողովուրդը հասցեական իմանար, թե ովքեր են նրանք, ինչն արդարացի էր ու արդյունավետ: Իմ հիշելով՝ ցուցակում 22 հոգի էինք. բացի կոմիտեի այսօր հայտնի անդամներից, այնտեղ կային բազմաթիվ այլ մտավորականներ, այդ թվում` Սիլվա Կապուտիկյանը, Հենրիկ Իգիթյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վաչե Սարուխանյանը եւ այլք: Պարզ է, ցուցակը մեծ էր, եւ այն աշխատեց այնքանով-որքանով, որովհետեւ բոլորը չէին, որ այդ կազմկոմիտեում ծանրաբեռնված աշխատում էին, թեպետ համարվում էին կոմիտեի, այսպես ասած, մշտական անդամներ: 
Իսկ հետո` մարտ-մայիս ամիսներին, ձեւավորվեց 11 հոգուց բաղկացած այն «Ղարաբաղ» կոմիտեն, որն այսօր գիտենք: Արդեն մարտի կեսերին պարզ էր, որ կոմիտեում իրականում գործ ունենք 12 անձի հետ: Այնուհետեւ մայիսի 21-ի հանրահավաքում Իգոր Մուրադյանը դուրս հանվեց կոմիտեի կազմից եւ դարձանք 11 հոգի: Այդ 11-ի ձեւավորվելուց հետո կոմիտեի աշխատանքն, ըստ էության, դրվեց ավելի համակարգված, ինչ-որ տեղ պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Պետք է ասել, որ դրանից առաջ, հատկապես կազմկոմիտեի աշխատանքների շրջանում, միշտ խնդիր եղել է, որպեսզի մեզ չվախեցնի մոսկովյան կենտրոնի, երեւանյան կենտկոմի, ԿԳԲ-ի գործակալների, հոգեկան հիվանդների գոյությունը: Մինչդեռ դավադրությունների տեսությունից սնվող այդպիսի վախը կարող էր բերել նրան, որ ոչինչ չանեինք: Ամեն դեպքում, մեզ հաջողվեց չվախենալ ոչ մի բանից եւ հետեւողականորեն ղեկավարել համազգային շարժումը Հայաստանում: Ի դեպ, ասեմ, որ թեպետ նշում ենք Հայաստանը, բայց Արցախի հետ միասին էր իրականացվում ողջ գործընթացը, որովհետեւ Արցախի մարմինները նույնպես էապես ենթարկվում էին «Ղարաբաղ կոմիտեին», թեպետ ավելի ճիշտ կլինի ասել` սերտ համագործակցում էին: Պատմաբաններս հաճախ հայտնի եզրույթ ենք օգտագործում` «հավասարների մեջ առաջինը», եւ դա Հայաստանի «Ղարաբաղ կոմիտեն» էր: 

– Ի դեպ, տարբեր տեսակետներ են հնչում, թե ինչու Իգոր Մուրադյանը, որը համարվում է «Ղարաբաղ կոմիտեի» հիմնադիրը, դուրս մղվեց կոմիտեի կազմից: Ո՞րն է իրականությունը:

– Այդ ամենը շատ սովորական բան էր, համենայնդեպս, այն ժամանակ ոչ մեկս արտառոց չէինք նայում դրան, այդ թվում եւ Իգոր Մուրադյանը: Մոտեցումների կտրուկ տարբերություն կար, որը փոխադարձ հասկանալի էր. այդքանը: Նա կազմից դուրս գալուց հետո էլ շարունակեց մնալ շարժման առաջամարտիկ եւ անում էր այն, ինչ իրենից էր կախված,  մենք էլ անում էինք մերը: Մենք, նախեւառաջ, բաց համաժողովրդական շարժման ղեկավարումն էինք իրականացնում: Սակայն այդ բացի տակ կար նաեւ փակը, այսինքն` այն, ինչը որ գաղտնի էր արվում` հատկապես զենքի, բուն ինքնապաշտպանության հետ կապված: Եւ այդ գործընթացին Իգորն էապես մասնակցում էր: Այնպես որ, ընկերությունը մեր մեջ մնացել էր, օրինակ, հիշողությանս մեջ է, երբ ես պատասխանատու էի Գետաշենի եւ Մարտունաշենի պաշտպանության համար եւ Շահումյանից անընդհատ խմբեր ու մարդիկ էինք ուղարկում այդ գյուղերը, դա հաճախ արվում էր Իգոր Մուրադյանի հետ համատեղ:

(Շարունակելի)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ