Անուշ Ասլիբեկյանի գրառումը` մանկական ներկայացումների մասին
ՄշակութայինԹատերագետ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ, արվեստագիտության թեկնածու ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆՆ անդրադառնալով ամանորյա մանկական ներկայացումներին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՖԲ ԳՐԱՌՈՒՄ ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մանկական ներկայացումները մնում են իմ մասնագիտական ուշադրության կենտրոնում, հասկանալի պատճառով:Արդեն երեք մանկական ներկայացում ենք դիտել, երկուսը Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Չառլին և շոկոլադի գործարանը», «Բրեմենյան երաժիշտները» և Սունդուկյան թատրոնի «Մոխրոտը»։ Առաջին հայացքից «Չառլին» ուրախացրեց. շքեղ կոստյումներ, էֆեկտներ, լույսեր ու ձևավորում, ընտիր դերասաններ, երիտասարդական խումբ, գեղեցիկ գործիքավորմամբ երգեր, ռիթմ, դինամիկա։ Հեքիաթ֊վիպակը չկարդացած կամ ֆիլմը չդիտած երեխաները շատ կտպավորվեն։ Բայց այ հեքիաթին ծանոթ երեխաները հիասթափված դուրս եկան թատրոնից, էֆեկտները լավ են, եթե ասելիքի հետ համահունչ են, այս ներկայացման հիմքում ընկած գրական հենքը պարզապես գլխատված էր, դրամատուրգիական ամենակարևոր թեմատիկ ու գաղափարական հանգույցները չկային, գլխավոր հերոսի գիծը բացակայում էր, մի խոսքով՝ սիրուն ներկայացում, անգրագետ բեմականացմամբ (ինսցինիրովկա): Արդյունքում ամեն բան ջուրն է ընկնում, առանց կուռ դրամատուրգիայի ներկայացումը փլվում է՝ թղթե գունավոր դղյակի պես։ Սա ևս մեկ ապացույց, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի՝ ռեժիսորը ռեժիսուրայով, դրամատուրգը՝ գրական հենքով։ «Բրեմենյան երաժիշտները» խորհուրդ չեմ տա դիտել որևէ տարիքային խմբի, բեմադրիչը պարզապես չէր հասկացել ինչի մասին է այս գործը, մեկնաբանված էր իբրև մի դմբո մանկական հեքիաթ՝ ինչ֊որ մշակույթի պալատի սիրողական խմբակի ջանքերով։ Աղքատիկ բեմ, թույլ ռեժիսուրա, դերասաններից ոմանք հավես չունեին շարժվելու՝ մասնավորապես արքան, մյուսներն էլ, դե շնորհալի են, բայց համընդհանուր դիլետանտիզմի մթնոլորտում նրանց արածն իմաստ չուներ։ Երանի մի օր «Բրեմենյան երաժիշտները» հայ բեմում մյուզիքլ դառնա՝ իր ողջ շքեղությամբ, անկրկնելի երգերով, ասելիքի սրությամբ՝ իբրև ազատության մասին մանիֆեստ, և ես գրեթե գիտեմ ով կարող է դա բեմադրել։ Այն ռեժիսորը, որն արդեն որերորդ անգամ ապացուցում է, որ ինքը գիտի, թե ինչ են ուզում տեսնել երեխաները թատրոնում, որը կարող է թե՛ փոքրիկ բեմում հիացմունք պատճառել, թե՛ Սունդուկյան թատրոնի բեմի մասշտաբները ապրեցնել իրական հեքիաթով ու հրաշքով։ Ով մանկական ներկայացումներին չի վերաբերվում իբրև ամանորի շեմին փող սարքելու «խալտուրա»՝ չհասկացող տարիքի մարդկանց համար, այլ նվիրվում է ամբողջ հոգով, պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ։ Նախորդ տարիներին հիացմունք էին պատճառել Լիլի Էլբակյանի բեմադրությամբ «Մարդուկ֊ջարդուկը», «Սառցե սիրտը», «Գտնված երազը» (կներեք անհամեստության համար, իմ մատը խառն էր էստեղ մի փոքր, բայց ես կարևորում եմ ռեժիսուրան), այս տարի էլ «Մոխրոտը»։ Լիարժեք մանկական ներկայացում՝ մյուզիքլի բոլոր օրինաչափություններով, ճաշակավոր, ռեժիսորական գրագետ լուծումներով, բեմական զարմանալի ձևավորմամբ, գեղեցիկ երգերով ու պարերով, տաղանդավոր երիտասարդներով, ասելիքի հստակ շեշտադրմամբ։ Ռեժիսորը հեքիաթի դասական, ավելի շուտ՝ դիսնեյյան գեղագիտությանը միաձուլել էր նաև ժամանակակից երաժշտության ռիթմերն ու ժանրերը՝ հիփ֊հոփից մինչև ջազ ու սոուլ։ Մոխրոտի դերակատարուհին՝ Ջուլիա Մովսեսյանը, հայտնություն էր։ Հիացմունք էին պատճառում անիմացիոն լուծումներով էֆեկտները։ Ընդգծենք նաև ստացված մասայական տեսարանները։ Ներկայացումը նոր խոսք է հայ բեմի մանկական ներկայացումների համատեքստում։ Որոշ առարկություններ կան՝ թարգմանական, լեզվականը առաջին հերթին (սա առկա է գրեթե բոլոր թատրոնների բեմերում, այստեղ գոնե մինիմում էր), խանգարում էին սխալ, օտարամուտ շեշտադրումները։ Չկար Մոխրոտի հոր թեման, քույրերի և խորթ մոր դերաբաշխման հետ էլ կարելի է ինչ֊որ տեղ չհամաձայնել (թեև Անաիսը ինձ հետ այս կետում համաձայն չէ, նա հիացած էր հատկապես խորթ մայրիկի խաղով), սա էլ գուցե ռեժիսորական միտո՞ւմ է, նման մեկնաբանություն, դեռ կխոսենք։ Ընդհանուր առմամբ ներկայացումը ամբողջական է, տպավորիչ ու ստացված, և հանգիստ խորհուրդ կտամ 5-12 տարեկան երեխաների ծնողներին իրենց երեխաներին չզրկել այս հաճույքից, գուցե ավելի մեծերն էլ սիրով դիտեն։ Անաիսը ներկայացումը բնութագրում է՝ ֆանտաստիկ ու զարմանահրաշ: Դեռևս այսքանը։ Դերասանների ու մյուսների անունները չեմ գրում, որ չծանրաբեռնեմ ընթերցողին, չէ՞որ սա ընդամենը Ֆբ գրառում է։ Շարունակելի...»։