Իրական հեքիաթ՝ Փոքր թատրոնում
ՄշակութայինՀենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն Ամանորը և Սուրբ ծնունդը նշում է բազմազան ծրագրերով:
Արդեն երրորդ տարին է՝ կենտրոնի թիմն ու հմուտ մասնագետները հեքիաթային և արվեստով լի միջավայրում սիրով ընդունում են ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին՝ առաջարկելով անմոռանալի փորձառություն ունենալ տոնական օրերին։
Միջոցառումների մեկնարկը տրվել է կենտրոնի թանգարանում: Դեկտեմբերի 23-ից այնտեղ երկու տոնական ցուցադրություն է գործում: Վերաբացվել է շվեյցարացի արվեստագետ Ֆրանց Բրուլհարթի՝ ԳԱԿ սաների համար անցկացրած աշխատարանների արդյունքում ստեղծված աշխատանքների գունեղ ցուցադրությունը։ Ինչպես նաև առանձին ցուցադրությամբ ներկայացվում են ԳԱԿ թանգարանի միջազգային հարուստ ֆոնդում պահվող աշխատանքները՝ մանկական արվեստի նմուշներ աշխարհի շուրջ 84 երկրից։
ԳԱԿ թանգարանը դեկտեմբերի 23-ից հունվարի 9-ը վերածվելու է մեծ արվեստանոցի, որտեղ հնարավոր կլինի կյանքի կոչել բազում հետաքրքիր գաղափարներ, ձեռք բերել նոր հմտություններ և տոնական յուրահատուկ օր անցկացնել։ Իր մեծ ու փոքր այցելուներին կենտրոնն առաջարկում է տարաբնույթ վարպետության դասեր՝ գեղանկարչություն, գեղարվեստական տպագրություն, ամանորյա թխվածքաբլիթների ձևավորում, տոնական խաղալիքների պատրաստում և գունավորում, հայկական զարդանախշերով գոտիների և փոխկապների գունազարդում։
Իրական հեքիաթ է սպասվում կենտրոնի Փոքր թատրոնում։ Բոլորի կողմից արդեն շատ սիրված մուլտհերոսները հրավիրում են թեյախմության՝ տարեմուտի ամենասպասված հյուրի՝ Ձմեռ պապի մասնակցությամբ։ «Թեյախմություն Ձմեռ պապի հետ» ինտերակտիվ ներկայացումը եզակի է իր տեսակի մեջ և անտարբեր չի թողնում ոչ ոքի:
Գեղագիտության ազգային կենտրոնում լինելու են նաև կինոդիտումներ, որոնց հնարավոր է մասնակցել ընտանիքներով: