Դպրոցները փակ են, խանութներում ապրանքները դատարկվում են, գազ չունենք.ՕՖԵԼՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի ՕՖԵԼՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
— Այս պահին ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Ստեփանակերտում:
— Ունեմ երկու դպրոցական աղջիկ:Մեկը սովորում է զրո, իսկ մյուսը երկրորդ դասարանում: Ադրբեջանցիները գազն անջատել են, եւ դպրոցներում ջեռուցումը դադարեցվել է: Ուսուցիչները տեղյակ պահեցին, որ դպրոցները փակվում են: Աղջիկներս էլ դպրոց չեն հաճախում: Շատ վատ վիճակում ենք: Ճանապարհները փակ են: Հայաստանից ապրանք չի գալիս, եւ խանութները դատարկվում են: Անորոշ վիճակ է, ու չգիտենք, թե ինչ է սպասվում մեզ:
— Նոր պատերազմի վա՞խ կա…
— Ինձ թվում է` չկա: Մի քիչ առաջ գնացել էի խանութ, վախ չզգացի` հանգիստ վիճակ էր: Ուղղակի սպասում ենք միջազգային միջամտության: Չնայած՝ մեր ձայնը ոչ ոք էլ չի լսում: Եվ հույս էլ չես կարող դնել որեւէ մեկի վրա:
— Մշակութային կյանքն ինչպիսի՞ն է Արցախում:
— Լավ է, որ տիկին Կարինեի նման բարի մարդ կա, որի շնորհիվ գնացինք հյուրախաղերի: Թատրոնում պատրաստվում էին երեխաների համար Նոր տարվա ներկայացման, բայց քանի որ գազամատակարարումը դադարեցվել է, ջեռուցում չկա, արդեն չգիտեմ` կլինի՞ ամանորյա ներկայացումը, թե` ոչ: Ամեն ինչ կապված է կենցաղային խնդիրների հետ:
— Ձեր ամուսինը երկու տարի առաջ անմահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ` թողնելով երկու անչափահաս աղջիկների: Պետական հոգածություն կա՞ զոհվածների երեխաների համար:
— Այո, շատ ծանր վիշտ է ինձ համար ամուսնուս մահը: Նա շատ հայրենասեր եւ ընտանիքին նվիրված մարդ էր: Ամուսնուս ընտանիքը հետ չեկավ Ստեփանակերտ: Տիկին Կարինեի խորհրդով ես նորից վերադարձա եւ անցա աշխատանքի մեր թատրոնում: Ինչ վերաբերում է զոհվածների ընտանիքներին պետական աջակցությանը` պատեազմի ժամանակ, որ Երեւանում էինք, օգնություն տալիս էին: Այստեղ «Զոհվածների միություն» կա, որը պատրաստվում է Նոր տարվա առթիվ երեխաներին նվերներ տալ: Դպրոցի ճաշարանը զոհվածների երեխաների համար անվճար է: Ապրում ենք իմ թատրոնի աշխատավարձով եւ երեխաներիս թոշակով: Այսքանով օգնությունը զոհվածների երեխաների համար սահմանափակվում է: Այս պահին շատ հիասթափված եմ...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ