Արցախում դեռեւս դիմակայում ենք ադրբեջանցիների հերթական սադրանքներին. ՄԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆ
ՄշակութայինԱրդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանը բնապահպանական մոնիթորինգի շինծու պատրվակով ամբողջությամբ փակել է Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ տրանսպորտային մայրուղին, անջատվել է Արցախի գազամատակարարումը: Իսկ թե ինչ վիճակում են այս պահին գտնվում Արցախում, «Իրավունքը» պարզել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, արցախյան պատերազմի մասնակից ՄԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆԻ հետ ունեցած զրույցից:
— Պարոն Դավթյան, արդեն որերորդ օրն է, ինչ ադրբեջանցիները փակ են պահում միակ ճանապարհը: Այս պահին Ստեփանակերտում ի՞նչ իրավիճակ է:
— Սխալ կլինի, որ ասեմ Ստեփանակերտում կյանքը բնականոն հունի մեջ է գտնվում, քանի որ կա փակ ճանապարհ, գազամատակարարման անջատում: Բայց Արցախում դեռեւս դիմակայում ենք ադրբեջանցիների հերթական սադրանքներին: Որոշ դպրոցներ փակվեցին, բայց, միեւնույնն է, մարդիկ հույս ունեն, որ ամեն ինչ հետագայում կկարգավորվի, եւ ընկճված չեն: Բայց եթե երեք-չորս օր էլ շարունակվի, իհարկե, իրավիճակը կհանգեցնի ճգնաժամի...
— Իսկ ժողովրդի մեջ կա՞ խուճապ:
— Մարդկանց հետ շփվելիս այդպիսի խուճապահար վիճակ չեմ զգացել...
— Նման իրավիճակում հայտնվելուն պատրա՞ստ էիք:
— Ադրբեջանցուց, թուրքից նման պահվածք սպասելի էր: Դա նորություն չէ... Դեռ Խորհրդային Միությունից սկսած ադրբեջանական ձեռագիրը միշտ էլ այդպիսին է եղել: Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին` այնպիսի տպավորություն է, որ բոլորը միայն խոսում են:
— Այսինքն` խոսքեր են, չկա՞ գործ:
— Միգուցե դա իրենց մոտ չի ստացվում (ոչ թե բողոքի կարգով եմ ասում) համենայնդեպս, չի զգացվում, որ ինչ-որ բան է փոխվել: Հետագայում գուցե ինչ-որ իրավիճակ փոխվի:
— Դերասան լինելուց բացի, Դուք նաեւ արցախյան պատերազմի մասնակից եք…
— Այո, ներկայումս կամավորական եմ եւ ամսվա մեջ մեկ շաբաթով գնում եմ դիրքեր, որտեղ ե՛ւ խոսակցություններից եմ հանգստանում (քանի որ միայն անընդհատ խոսում են), ե՛ւ ինչ-որ կերպ դիրքերում եմ օգտակար լինում:
— Իսկ դիրքերում ի՞նչ իրավիճակ է:
— Սահմաններում խախտումներ չկան, հոգեբանական ճնշումներ էլ չկան: Մարդիկ ապրում են սահմանին կից` մի քանի մետրի վրա, բայց խուճապ չի նկատվում: Արցախցին իր հող ու ջրի տերն է:
— Այսինքն՝ երեւանյան խուճապը այնքա՞ն էլ չի արտացոլում Արցախում առկա պատկերը:
— Բնական է, միշտ հեռվից ավելի շատ են ցավում, ավելի շատ են մտահոգված եւ խուճապի մեջ: Ցանկացած բանն էլ այդպես է, այլ է խրամատում լինես, այլ է Մարտունուց կամ Ստեփանակերտից կարծիք ունենաս: Խրամատում ավելի ռեալ է: Պարզ է, լսելով, որ Արցախում անջատել են գազամատակարարումը կամ փակել են Հայաստանից Արցախ տանող միակ ճանապարհը` Հայաստանում եւ Սփյուռքում ավելի կմտահոգվեն:
— Մշակութային կյանքն ինչպե՞ս է ընթանում Արցախում:
— Թատերական առումով` վերջերս Արցախի թատրոնը` Կարինե Քոչարյանի նախաձեռնությամբ, հյուրախաղերով գտնվում էր Մոսկվայում: Տիկին Կարինեի բռնած գործը` Արցախի թատրոնի թիկունքին կանգնելը, հարգանքի է արժանի: Դա իր գաղափարն էր, որ Արցախի թատրոնը ներկայանա աշխարհին: Դրանով ցույց տալով, որ Արցախը կա եւ գոյություն ունի: Կարող է Մոսկվայում կամ Բեռլինում մտածում են, որ Արցախն այլեւս չկա, բայց մենք` մեր թատերական շփումներով, ապացուցում ենք, որ Արցախը կա եւ միշտ էլ կլինի: Դրա համար եմ ասում, որ հեռվից ավելի են խուճապի մատնվում: Մեր հյուրախաղերի գնահատականն էլ հենց դա է, որ փորձում ենք մեր խաղով ներկայացնել Արցախը: Թատրոնում մեր աշխատանքները գրեթե չեն կանգնում: Հիմա պատրաստվում ենք Նոր տարվա ներկայացմանը:
— Այսինքն՝ այդուհանդերձ, տոնական որոշակի տրամադրություններ կա՞ն Արցախում:
— 2020 թվականից հետո տոնական ասելը դժվար կլինի, բայց մարդիկ հուսով են վաղվա օրվա հանդեպ ու ապրում են իրենց առօրյայով, ինչը փաստ է:
— Երեւանի տոնական շքեղ զարդարանքը` այն էլ այս օրերին, Դուք ճի՞շտ եք համարում:
— Իհարկե` ոչ, բայց երեւի իր ձեւի մեջ դա էլ պետք է լինի, որովհետեւ տվյալ հարցի մյուս կողմն էլ կա... Պետք չէ աշխարհին այդքան ընկճված երեւալ: Լիաթոք ուրախանալ չի ստացվի, բայց եթե մյուս տեսանկյունից նայենք, պետք չէ տարիներ շարունակ ոչ մի բան չանել ու լաց լինել: Գտնում եմ, որ մեր տխուր վիճակը պետք չէ աշխարհին ցույց տալ: Դա նույնն է, որ ասենք` մենք սգի մեջ ենք, ինչու «Մանկական Եվրատեսիլը» կայացավ Հայաստանում...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ