Ղարաբաղյան շարժման մեկնարկը. իրականություն եւ կեղծիքներ
Թեմա«Ղարաբաղ կոմիտեի» անդամ, Համբարձում Գալստյանը, ով Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելով անգամ, գնաց այդ ժամանակներում ձեւավորված նոր իշխանությանն ընդդիմադիր ճանապարհով, 1992 թվականին սպանվեց Երեւանում: Նրա այրին` Նատալյա Գալստյանը, ժամանակին նամակ էր հրապարակել, որտեղ շեշտել էր, թե ամուսնու սպանության կազմակերպիչներն «ունեն մեկ ընդհանուր անվանում` «Ղարաբաղ կոմիտե»»: Եվ առհասարակ, «Ղարաբաղ կոմիտեի» եւ նրա անդամների անվան շուրջ, սկսած ստեղծման պահից առ այսօր շարունակում են պտտվել առեղծվածային, մութ պատմությունների հետ կապված տարաբնույթ խոսակցություն-մեղադրանքներ: Ի վերջո, ո՞րն էր կոմիտեի հաջողությունն ու մյուս կողմից` գործած մեղքերը. այս ուղղությամբ էլ շարունակվեց մեր զրույցը «Ղարաբաղ կոմիտեի» անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:
-Եկեք Համբարձում Գալստյանի կնոջը հանգիստ թողնենք, որովհետեւ իր ամուսնուն սպանել են, եւ նա ամբողջ աշխարհին է մեղավոր համարում (ինչո՞ւ աշխարհին, միայն «Ղարաբաղ կոմիտեին»- Հեղ.): Նրա կարծիքով, ամուսնու ընկերները որեւէ ձեւով ինչ-որ բան կարող էին անել: Եվ նրա ասածները կարելի է մարդկայնորեն հասկանալ ու պետք չէ քննարկել:
Ինչ վերաբերում է «Ղարաբաղ կոմիտեի» հաջողությանը, չկա նման բան, այլ կար հայ ժողովրդի հաջողություն: Պետք է ընդունենք, որ հայ ժողովուրդն իր պատմության ամենալուսավոր էջն է ունեցել, եւ հիմա այնտեղ պատահաբար Պողոսն է եղել, թե Պետրոսը, կարեւոր չէ: Պայմանական կարող եմ ասել, որ «Ղարաբաղ կոմիտեում» սկզբում 500 մարդ կար, բայց հետո, երբ բոլորին սկսեցին վախեցնել, մարդիկ զգուշավոր դարձան (այսինքն, կոմիտեի 11 անդամները համարձակների համարձակն էին, մյուս բոլորը՝ զգուշավորներ ու վախկոտնե՞ր- Հեղ.): Ընդ որում, կային երկու տիպի մարդիկ, եւ նրանց մեջ բացարձակ անվախներ չկային: Անկեղծ ասեմ, ես էլ վախեցա, երբ կանչեցին ու սպառնացին, որ կձերբակալեն, բայց վախեցա ու մնացի: Մինչդեռ կային մարդիկ, որ վախեցան ու գնացին:
Իսկ այն, ինչ համարում եք «մեղքեր», ես կասեի, որ դրանք սխալներ էին ու այդ թվում` ամենակոպիտ սխալն ու հետագա անհաջողությունների պատճառն այն էր, որ «Ղարաբաղ կոմիտեն» չպետք է գնար իշխանության (տեսնես Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ կպատասխաներ Աշոտ Մանուչարյանի այս մտքերին- Հեղ.): Ճիշտ է, շատ դժվար էր այն ժամանակ պատասխանատու իշխանություն կազմելը եւ շատ բնական էր, որ շարժումը հաղթեց ընտրություններին, եւ կոմիտեից էլ ինչ-որ մարդիկ պետք է լինեին իշխանության կազմում: Բայց, կարծում եմ, մեկ-երկու առանձին ուղարկված մարդ, իսկ մնացած իշխանությունը պետք է ձեւավորվեր նրանց կողմից, ովքեր արդեն քաղաքական կուսակցություններ էին կազմում: Փաստորեն, շարժումը եւ ժողովուրդը, միավորված «Ղարաբաղ կոմիտեով», պետք է մնար այդ ամեն ինչից դուրս:
– Ինչո՞ւ այն ժամանակ դեմ չէիք, որ «Ղարաբաղ կոմիտեն» գնա իշխանության:
– Մենք ուղղակի այն ժամանակ չգիտեինք, թե ինչ կլինի: Բայց ձեզ ասեմ, որ «Ղարաբաղ կոմիտեն» իշխանություն գնալ, թե չգնալու որոշումը կայացրել է ձայների 5/4 հարաբերակցությամբ: Ինը հոգով էինք քվեարկությունն իրականացրել, պարզապես, հիմա չեմ հիշում, թե ովքեր էին (իսկ մյուս երկուսին այդ կարեւորագույն հարցում ինչո՞ւ են շրջանցել- Հեղ.): Միայն կարող եմ հաստատ ասել, որ Վազգեն Մանուկյանը նույնպես կտրականապես դեմ էր, որ «Ղարաբաղ կոմիտեն» գնա իշխանության:
– Դեմ լինելով, Դուք ի՞նչ էիք առաջարկում:
– Համարում էինք, որ շարժումը պետք է վերցնի իշխանությունը, բայց «Ղարաբաղ կոմիտեն» ժողովրդի հետ միասին պետք է դուրս լինի դրանից: Արդյունքում, կառավարությունները կփոխվեն, իսկ ժողովրդի միասնականությունը, որը մեծագույն հարստություն էր, պետք է պահպանեինք: Մինչդեռ, փաստորեն, ժողովրդին դուրս դրեցինք կառավարումից (եւ դա նույնպես «Ղարաբաղ կոմիտեի», ավելի կոնկրետ, դրա որոշ անդամների ձեռքով արվեց- Հեղ.): Եվ այդտեղ առաջ եկավ մի խնդիր, որը բնորոշ էր աշխարհի բոլոր երկրներին: Երկիրը կորցնում էր իր ինքնուրույնությունը, որովհետեւ կուսակցությունները, իշխող պաշտոնյաները հեշտ մանիպուլյատիվ են եւ մխրճվում են արտաքին աշխարհի թելադրանքի մեջ: Այդտեղից էլ սկսվում է մեր ողբերգությունը:
– Կարծում եք՝ նախընտրելով իշխանությունը, «Ղարաբաղ կոմիտեի» որոշ անդամներ դարձան գործակալնե՞ր:
– Չեմ ասում, որ մարդիկ գործակալներ էին դառնում, բայց առաջնորդվում էին արտաքին աշխարհի գաղափարներով, իրենց թվում էր, թե ամեն ինչ լավ է, եթե այդպես անեն (այսինքն, պատկերացում անգամ չունեին պետական կառավարումից ու չնայած դրան, վերցրին պետության ղեկը- Հեղ.): Ի վերջո, երբ մտածում ենք բոլորով, մեկն ասում է` այդտեղ այս վտանգը կա, իսկ երբ մտածում եք մենակ կամ երկուսով, կարող ենք սխալվել: Եվ այդպիսի սխալներ շատ կատարվեցին: Մենք ընդունում էինք պետական համակարգի կառուցման մասին որոշումներ, որոնք մեռնող էին: Այն անցյալում արդյունավետ եղել էր ինչ-որ երկրների համար, որը կոչում էին դեմոկրատիա եւ այլն, բայց մեզ մոտ ուրիշ տիպի համակարգեր էին պետք: Եվ այդ «ուրիշ տիպին» մենք արդեն սկսել էինք ստանալ «Ղարաբաղ կոմիտեի» միջոցով: Այն հնից եկող, բայց ապագային ուղղված համակարգ էր, որը ամբողջական կառավարում պետք է իրականացներ: Այսքանով սահմանափակվենք:
(Շարունակելի)
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
