Արեւմտամետները պատրաստվում են անօրինական գործողությունների՞
Ներքաղաքական
Երեւանում նոյեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը: ՌԴ նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ Հայաստանում կլինի նոյեմբերի 22-ին: Այս երկու իրադարձություններն իսկական հիստերիա են առաջացրել արեւմտամետների շրջանում: Ով որտեղ հասցնում, կոչ ու հորդորներ է հնչեցնում, թե ինչ հակառուսական ակցիաներ անել այդ օրերին:
Մինչդեռ «Իրավունքը» պարզեց, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել միայն «Ծռերի»՝ ԱԺԲ-ի նոյեմբերի 21-ի, 22-ի եւ 23-ի երթ-հավաքները՝ Մատենադարանին հարող տարածք - Մաշտոցի պողոտա - Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց -Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Մատենադարանին հարող տարածք երթուղով:
Փաստացի, ստացվում է, որ մնացյալ նախաձեռնություններն անօրինական են: Օրինակ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ծրագրերի համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆ է հայտարարել, թե՝ նոյեմբերի 23-ին, հավաքվում են Ազատության հրապարակում՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս նշելով. «Հայաստանին «գցած», դավաճանած, Ադբեջանի կողմն անցած Պուտինին ու մյուսներին ցույց տանք մեր հյուրընկալությունը»:
Մեկ այլ ջղագրգիռ հայտարարությամբ էլ հանդես է եկել Եվրոպական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ: Նա գրել է, որ Վ. Պուտինին դիմավորելու համար բաժանում են ԱՄՆ եւ ԵՄ դրոշներ. «նոյեմբերի 22-ին անձնագրերով եկեք»: Իսկ թե ինչո՞ւ է ուզում, որ դրոշ բռնողներն իրենց պասպորտները ցույց տան Տիգրան ձյաձյային, սա թերեւս որեւէ կերպ դեռ չի պարզաբանվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

