Մի բան ասում են, ուրիշ բան անում են. Վահան Բաբայան
Ներքաղաքական
Հայաստանը դեռեւս 2021 թվականի հունվարից ընդունել է խաղաղության պայմանագրի համար ռուսական առաջարկները, պարզապես դրա մասին չի խոսել` կոռեկտությունից ելնելով: Հիմա էլ այսպիսին է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, որը բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: Ըստ նրա` Վալդայում ՌԴ նախագահի արած հայտարարությունը շատ կարեւոր ու էական է, եւ Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով գրեթե կոնսենսուսային վիճակ է: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:
— Պարոն Բաբայան, ռուսական տարբերակի շուրջ Նիկոլ Փաշինյանն ասում է` եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն: Այսինքն` ստացվո՞ւմ է, որ այս հարցում գնդակն ընդդիմության դաշտում է:
— Զարմանալի է, որ Փաշինյանը գնում է Մոսկվա կամ Սոչի եւ հայտարարություն է անում, որ ինքը կողմ է ռուսական կողմի առաջարկներին: Ավելին` կողմ է դեռեւս 2021 թվականից: Բայց փաստացի ասում է, որ Վաշինգտոնին են փոխանցել խաղաղության պայմանագրի իրենց առաջարկները: Ես չեմ հասկանում` եթե իրենք կողմ են ռուսական տարբերակին ու առաջարկություններին, Վաշինգտոնում ի՞նչ գործ ունեք, որ տեսակետ եք փոխանակում կամ առաջարկներ եք տալիս: Տրամաբանությունից չի բխում, որ եթե դու համաձայն ես ռուսական առաջարկներին, ապա խաղաղության պայմանագրի քո տեքստն ինչո՞ւ ես փոխանցում Վաշինգտոնին: Մի բան ասում են, ուրիշ բան անում են, ինչն ավելի շատ է վտանգում սահմանային անվտանգությունը: Սրանք խնդիրներ են, որոնց մասին մենք ոչ թե պետք է ուղղակի խոսենք, այլ նաեւ ելքեր առաջարկենք: Իշխանականը պարզ է արդեն, բայց, ցավոք, այսօր Հայաստանի ընդդիմադիր քաղաքական օրակարգում չկա կոնկրետ առաջարկ: Չկա սեղանին դրված կոնկրետ առաջարկ, չկա միասնական մոտեցում, չկա նաեւ միասնական առաջնորդ եւ այդ խնդիրներն առաջանում է հենց դրանից: Եթե ընդդիմությունը չունի միասնական ծրագիր, օրակարգ եւ առաջնորդ, հաջողություն չի լինելու: Չորս տարի է` դա ենք ասում:
— Կարծում եք` ընդդիմության` Ձեր նշած երեք նախապայմանը չունենա՞լն է պատճառը, որ առ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկին է:
— Տեսեք, ընդդիմությունն ասում է` բոյկոտում ենք, չենք ուզում իր դեմքը տեսնել: Բայց նա անարգել գալիս է խորհրդարան եւ հարցերի է պատասխանում, իսկ ընդդիմությունն իր հարցերը չի կարողանում նրա երեսին ասել: Հետո ասում են` չէ, գնալու ենք խորհրդարան մեր օրակարգով, որովհետեւ կան կարեւորագույն հարցեր: Չորս տարի է` Հայաստանի մեդիադաշտում մեկ մարդու անվան շուրջ է գնում բոլոր քննարկումները, չկան այլ քննարկումներ: Կա Նիկոլ Փաշինյան եւ իր շուրջ կատարվող խոսակցություններ, մեղադրանքներ, բամբասանքներ, հայհոյանքներ, փոխադարձ վիրավորանքներ եւ այլն: Եթե սա է հիմնական թիրախը կամ խոսակցության առարկան, բա ինչպե՞ս են գնում խորհրդարան ու չեն ուզում հարց տալ: Կա՛մ պետք է բոյկոտես, մանդատներդ դնես ու ասես` ես այստեղ գործ չունեմ անելու, լեգիտիմ չէ այս ամենը, դեմ եմ, կա՛մ էլ պետք է գնաս, բայց քո հարցերն էլ տաս, բանավեճ էլ անես: Սկզբում ասում էին` «օր ու արեւ չենք տալու», թող գնան այդ օր ու արեւը չտան: Ինչպե՞ս է ստացվում, որ գնում են, բայց օր ու արեւ են տալիս: Գնում են «կնոպկա» են սեղմում կամ մի ելույթ են ունենում ու թողում, դուրս են գալիս: Այդպես կիսահղի վիճակ չի լինում: Իհարկե, ընդդիմադիր խմբակցություններում կան հսկայական պոտենցիալ ունեցող անհատականություններ, սակայն այդ մարդիկ միայնակ ուղղակի չեն կարող այդ բեռն իրենց վրա վերցնել: Բայց, կներեք, եթե իրենք շարունակեն այս իրավիճակը, այն մարդիկ ովքեր իրենց ձայն են տվել, չեն հասկանա իրենց գործունեության արդյունքը եւ հետագա անելիքները: Այս առումով` հիասթափությունն ակնհայտ է: Ես կողքից չեմ եկել ու ասում, այս տարիներին ամեն ինչին մասնակցել եմ, ամեն ինչի մասին իմ կարծիքը շատ լավ ունեմ եւ, փառք Աստծո, չունեմ նման խնդիր` իմ կարծիքն ազատ արտահայտելու: Պետք է մարտավարություն փոխել, պետք է միասնականություն ստեղծեն, իսկ եթե չեն անելու, այդ դեպքում` էլ ումի՞ց են ինչ պահանջում:
— Ժողովրդից…
— Այսինքն` ժողովո՞ւրդն է մեղավոր, իհարկե` ոչ: Ժողովուրդը որեւէ մեղավորություն չունի այս հարցում: Ժողովուրդը հազարներով ոտքի էր կանգնել եւ մեծ հույսեր էր կապում ընդդիմության հետ: Շարժումների անունները փոխելով` հարթակում նույն մարդկանց կանգնեցնելով նպատակները, գաղափարներն ու արդյունքները չեն փոխվելու, սա պետք է հասկանալ: Միասնական թեկնածու առաջադրելու խնդիրը պետք է լուծվեր, բայց դա չկա: Շարքային մարդուն փողոցում կանգնացրեք եւ հարցրեք` ասում է չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը լինի, թող հեռանա, բայց հետո հարցնում է` լավ, ո՞վ է լինելու: Պատասխան չկա: Դուք տեսե՞լ եք ընդդիմությունից մի մարդու, որն ասի` պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը եւ ես եմ լինելու: Կարող է դրսում, իրենց «բիսեդկայում» կամ հարցազրույցներում շատերն ինչ-որ «նամյոկներ» անում են, իրենք իրենց թեկնածություններն են առաջադրում, բայց չկա ռեալ, լուրջ ինչ-որ մեկի շուրջ տեղի ունեցող գործընթաց: Լավ, այսօր չի ստացվում իշխանափոխությունը, բայց սա այսպես չի կարող շարունակվել, ինչ-որ մի պահի փոփոխվելու է իշխանությունը, ոչինչ հավերժ չի այս աշխարհում, հետեւապես մենք գաղտնի՞ ենք պահում ով է թեկնածուն: Չկա՞ նման մարդ, մի՞թե հայ ժողովրդի մեջ չկան մարդիկ, ովքեր կարող են ձեւավորել թիմ, կառավարություն եւ այլն: Յուրաքանչյուր նորմալ պետությունում բոլոր քաղաքական ուժերն ունենում են իրենց ցուցակները` առաջնորդներն ու մարդիկ, ովքեր պատրաստվում են պատասխանատվություն ստանձնել:ԱՄՆ-ում այսօրվանից արդեն 2024 թվականի առաջադրումների համար հայտարարություններ է արվում: Բայդենը հայտարարեց, որ մասնակցելու է, Թրամփը` եւս, նույնը Ֆրանսիայում է եւ այլ երկրներում: Իսկ մեր երկրում անհասկանալի է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ