«Կատուներս, երբ տեսնում են Նիկոլին հեռուստացույցով` վեցն էլ շարքով սենյակից դուրս են գնում». ՀՈՒՍԻԿ ԱՐԱ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է բանաստեղծ ՀՈՒՍԻԿ ԱՐԱՅԻ հետ:
— Արցախի հանրահավաքից ի՞նչ տպավորություններ ունեք:
— Սպասելի էր Արցախի հուժկու հանրահավաքը: Եվ արցախահայությունն իր վճռական խոսքն ասաց այդ հանրահավաքով, որ չի կարող Արցախը լինել Ադրբեջանի կազմում: Արցախը պետք է ինքնորոշվի, ինչպես ինքնորոշվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւի հիման վրա, եւ աշխարհը պետք է հարգի ու ընդունի Արցախի ժողովրդի կամքը եւ ինքնորոշումը: Եվ նաեւ ասացին, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն իրենց անունից բանակցել: Այսինքն` այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում: Դրա իրավունքը արցախահայությունը չի տվել Հայաստանի որեւէ իշխանավորի: Դրան գումարած` պետք էր այդ նույն օրն էլ Երեւանում լիներ նման համապատասխան զուգահեռ հանրահավաք: Իհարկե, նոյեմբերի 5-ին է, բայց այդ օրը պետք է լիներ, որպեսզի այստեղից էլ մենք` ՀՀ բնակիչներս, մեր կամքը, վճռականությունն արտահայտենք եւ նույնն ասենք՝ ե՛ւ մեր իշխանություններին, ե՛ւ ամբողջ աշխարհին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախը պետք է ինքնորոշվի, անկախությունը, ի վերջո, ճանաչվի եւ, ինչպես միշտ՝ երեք հազար եւ ավելի տարիներ եղել է հայկական տարածք` մնա հայկական տարածք:
— Ներկայիս իշխանության ղեկավարման ընթացքում հավատո՞ւմ եք, որ Արցախի հարցի վերաբերյալ կլինեն հայանպաստ լուծումներ:
— Ոչ, մենք Սոչիում տեսանք, որ Ալիեւն այն կետերը, որոնց հետ համաձայն չի եղել, հանել է տվել փաստաթղթից, ընդհուպ՝ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, որը ասում է` ես 44-օրյա պատերազմով լուծել եմ: Ոչինչ չասող փաստաթղթի տակ են ստորագրել Նիկոլ Փաշինյանը եւ Ալիեւը: Դա ոչինչ է: Ինչպես ասում են վերլուծաբանները` դրանով միայն կարելի է ժամանակ շահել: Այս իշխանությունները չեն կարող բանակցել: Նա ծեծ է կերել Ալիեւից, չի կարող նրա առջեւ նստել, ինչ-որ բան պահանջել, արդյունքի հասնել: Սրանք քանի կան Հայաստանում, չի կարող լինել խաղաղություն: Վտանգված է Արցախի եւ Հայաստանի գոյությունը, արցախահայության եւ Հայաստանի հայության լինելիությունը: Մեկ օր առաջ սրանց հեռացումը իրավիճակ կփոխի: Պետք է այնպիսի մեկը բանակցի, որը ծեծ չի կերել, չի պարտվել, պատերազմ չի բերել... Եվ շատ լավ կլինի այնպիսի մեկը բանակցի, որը շան ծեծ է տվել ե՛ւ Հեյդար Ալիեւին, ե՛ւ Իլհամ Ալիեւին: Այդ դեպքում մենք միայն կարող ենք որեւէ արդյունք ունենալ: Վլադիմիր Պուտինն էլ ասում է` Հայաստանն ինչպես որոշի, Ադրբեջանն ինչպես որոշի, ես դրա կողմն եմ: Նա նաեւ թաքնվել է Պուտինի հետեւը եւ ասում է՝ Իլհամիկ, ես չեմ, Պուտինն է: Մեր ժողովուրդը ե՞րբ պետք է վերջապես հասկանա, որ սրընթաց գնում ենք դեպի կործանում: Արցախ, Արցախից հետո Հայաստան, եւ վերջանում ենք: Սա է ամբողջ իրավիճակը: Սա իմ կատուներն էլ են հասկանում, բայց մեր ժողովրդի որոշ զանգված կա, որ իմ կատուներից անհասկացող են: Վեց կատու ունեմ, եւ կատուներս, երբ տեսնում են Նիկոլին հեռուստացույցով, վեցն էլ շարքով սենյակից դուրս են գնում՝ իրենց արհամարհանքն արտահայտելով:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ