Ղարաբաղյան շարժման մեկնարկը. իրականություն եւ կեղծիքներ
Թեմա«Ղարաբաղ կոմիտեի» անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ պատմածը կոմիտեի ստեղծման մասին, ինչ խոսք, բավականին տարբերվում է այդ մասին այլ տեղեկացված աղբյուրների վկայություններից: Բայց մինչ այդ հակասություններին հասնելը, նախ շարունակենք պարոն Մանուչարյանի խոսքը: Նրան խնդրեցինք պարզաբանել «Ղարաբաղ կոմիտեի» ոչ պաշտոնական անդամ Խաչիկ Ստամբոլցյանի վերջերս մեզ ներկայացրած այն պնդումը, թե կոմիտեում, ստեղծման պահից մինչեւ վերջ, մեծ թիվ էին կազմում ԿԳԲ-ի հետ կապված անձինք: Ասվածն ամենեւին էլ չզարմացրեց Ա. Մանուչարյանին, բայց մի քանի հռետորական հարց հնչեցրեց:
- Եթե մտածենք, որ ԿԳԲ-ի ներկայացուցիչներ կային «Ղարաբաղ կոմիտեում», ուրեմն՝ ԿԳԲ-ն իր համար երկրում իրավիճակը անկառավարելի՞ էր դարձնում: «Ղարաբաղ կոմիտեն» աշխատում էր, որպեսզի ոչ թե սովետական պետական ատյանները կառավարեն երկիրը, այլ՝ ժողովուրդին դարձնեն ինքնուրույն, եւ նրանք դառնան իշխանություններին թելադրողը (իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե ստեղծման պահին «Ղարաբաղ կոմիտեն» միայն մեկ նպատակ ուներ՝ Ղարաբաղի Հայաստանին միացումը: Համենայնդեպս, այդ սկզբնական ժամանակներում հայտնի «Լենին, պարտիա, Գորբաչով» կոչը չէին վկայում, թե հակախորհրդային այլ նպատակներ կային- Հեղ.): Այս դրվագում, փաստորեն, անհեթեթություն կա. ԿԳԲ-ն կա՛մ ուզում էր Խորհրդային Միության պետական համակարգը դուրս դնի, եւ ժողովուրդներն ինքնուրույն կառավարեն իրենց գործերը, կա՛մ, պարզապես, այդպես չէ, ինչպես ներկայացվում է:
Ինչ վերաբերում է ԿԳԲ-ի հետ անընդհատ կապերին, հիշեցնեմ, որ եղավ մի շրջան, երբ միտինգները դադարեցրինք, որովհետեւ Գորբաչովը խոստացավ ղարաբաղյան հարցը լուծել ու մի ամիս ժամանակ խնդրեց: Նա Սիլվա Կապուտիկյանի եւ Զորի Բալայանի հետ հանդիպեց, նրանք էլ եկան, դիմեցին ժողովրդին, թե մեկ ամսով դադարեցնում ենք միտինգները: Դադարեցնելու հենց հաջորդ օրվանից մեզ սկսեցին հրավիրել ԿԳԲ եւ սպառնալիքներ էին հնչեցնում, որ անմիջապես կկալանավորեն մեզ ¥ու չկալանավորեցի՞ն, տարօրինակ չէ՞- Հեղ.¤, իսկ «Ղարաբաղ կոմիտե» բառակապակցությունն արգելված էր օգտագործել: ԿԳԲ-ն զբաղված էր հալածանքներով, եւ ասեմ, որ այն ազդեց մարդկանց վրա: Եվ եթե մինչեւ այդ հալածանքները մի 500 մտավորական էր Ազատության հրապարակի հարթակի վրա կանգնած, հալածանքներից հետո մնացին 50-ը: Անկեղծ եմ Ձեզ ասում, ես էլ վախեցա, երբ կանչեցին ու ասացին, որ կձերբակալեն, բայց վախեցա ու մնացի, իսկ կային մարդիկ, որ վախեցան ու գնացին:
- Դուք նշում եք արդեն փետրվարյան միտինգներից հետո ԿԳԲ-ի եւ «Ղարաբաղ կոմիտեի» միջեւ կապի մասին, բայց Խ. Ստամբոլցյանը պնդում է, որ հենց միտինգների ժամանակ կոմիտեի հիմնադիր Իգոր Մուրադյանն ուղիղ կապ է ունեցել ԿԳԲ-ի հայաստանյան կառույցի ղեկավար Մարիուս Յուզբաշյանի հետ:
- Իրոք, Իգոր Մուրադյանը հաճախակի էր հանդիպում Մարիուս Յուզբաշյանի հետ: Որովհետեւ երբ դեպք էր լինում, որի համար պատասխանատուն ԿԳԲ-ն էր, Մուրադյանը զանգահարում էր նրան, որ պարզի, թե ինչն ինչոց է: Ոչ ավել:
- Ի վերջո, չե՞ք կարծում, որ կարող էին «Ղարաբաղ կոմիտեում» ներդրված լինեին ԿԳԲ-ից մարդիկ, որոնք ինչ-ինչ հարցեր էին լուծում: Ավելին՝ նույն Խ. Ստամբոլցյանը նաեւ Ձեր հասցեին է այդ կերպ արտահայտվել:
- Նախ ասեմ, որ այդ հարցերում գրեթե մասնագետ եմ, քանի որ այնպես ստացվեց, որ հետագայում ազգային անվտանգության համակարգը ղեկավարեցի, եւ այդ համակարգում գործում էին նաեւ այդ մարդիկ: Հետեւաբար, քիչ, թե շատ պատկերացնում եմ խնդիրը եւ ինքս էլ էի սովորել արդեն հաշվարկել արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցներին: Արդեն պաշտոնաթող էի, երբ 1994 թվականին Ազգային ժողովում ես եւ Վանո Սիրադեղյանը փոխադարձ մեղադրանքներ էինք հնչեցնում իրար հասցեի, ու ես ասացի, որ ներքին գործերի համակարգում կան ստեղծված հատուկ ջոկատներ, որոնք անօրեն գործունեությամբ են զբաղված: Եվ այդ քննարկման ժամանակ մեկը հենց այս նույն վարկածը հնչեցրեց կոնկրետ իմ հասցեին (ի դեպ, Խաչիկ Ստամբոլցյանը շատ դեպքերում նման տեղերից է տեղեկատվությունը ստանում եւ խոսում): Ես էլ պատասխանեցի՝ ասելով. «Ձեր բախտը չի բերել, դուք գործ ունեք մի մարդու հետ, ով կարող է ապացուցել, որ, համենայնդեպս, հիմնական երկրներից որեւէ մեկի գործակալը չի»: Եթե ինձ մեղադրեին, որ ես Բուրկինա Ֆասոյի գործակալ եմ, ապացույց չէի ունենա ու ստիպված կլինեի ասելու՝ դե, ապացուցեք: Բայց այս դեպքում կարող էի ապացուցել ու ասացի. «Հենց հիմա կազմեք հանձնաժողով, որը իրավունք կունենա ծանոթանալ խիստ գաղտնի փաստաթղթերին: Գնացեք նախագահական ու ծանոթացեք հակահետախուզական կառույցների կողմից կազմած զեկույցներին, որոնք նրանք որոշակի պարբերականությամբ ներկայացնում էին ՀՀ նախագահին եւ նշում բացահայտված գործակալներին: Ընդ որում, այդ զեկույցներում, որոնց տակ դրված էր իմ ստորագրությունը, կային հիմնական բոլոր երկրներից բացահայտված բարձրաստիճան գործակալներ: Այսինքն՝ սա առնվազն նշանակում է, որ այդ երկրների գործակալ լինելն ինձ համար մի քիչ պրոբլեմային է, մնացածն ինքներդ դատեք…
ԿԳԲ-ի եւ «Ղարաբաղ կոմիտեի» միջեւ կապի մեր հարցադրումներն ակնհայտորեն դուր չեկան Ա. Մանուչարյանին, եւ նա վերջում հորդորեց չշարունակել մեր բացահայտումների շարքը: Այն, իհարկե, պատճառաբանեց, որ մի կեղտոտ բան կգտնվի եւ դրանով կվարկաբեկվի շարժումը: Ապա հավելեց. «Թեկուզ օրական մի քանի անգամ էր Իգոր Մուրադյանը զանգահարում Յուզբաշյանին, բայց մեկ է, նա կոմիտեի նվիրյալներից մեկն է եղել, անկախ նրանից, որ ես այսօր նրա հետ հազար ու մի տարաձայնություններ ունեմ ու շատ դեպքերում անգամ տեսնել չեմ ուզում»:
(Շարունակելի)
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Սկիզբը կարդացե´ք այստեղ:
