Գրականագետ Կարո Վարդանյանը նախաձեռնել է Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»-ի վերահրատարակումը
ՄշակութայինԵթե ուզում ես հայրենազրկված պապերիդ կարոտն ու կսկիծը զգալ կաշվիդ վրա՝ պարտադիր չէ դրա համար 21-րդ դարում նորից հայրենազրկվել ու դառնալ գաղթական: Հարկավոր է ընդամենը կարդալ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»-ը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնում գրականագետ Կարո Վարդանյանը, որն էլ նախաձեռնել է «Խոդեդան»-ի նոր վերահրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ «Բուկինիստ» գրախանութում։
Գրականագետն ընդգծում է՝ սա այն բացառիկ դեպքերից է, երբ գիրքը հրատարակվում է ընթերցողի պահանջով:
«Դեռ տարեսկզբին մեր առաջատար հրատարակիչներից մեկը վերահրատարակեց Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքը՝ իմ առաջաբանով: Դաշտենցի դուստրը՝ Անահիտ Դաշտենցն էր հրատարակչին խորհուրդ տվել առաջաբանի համար դիմել ինձ, քանի որ երկու տասնամյակ առաջ Դաշտենցին նվիրված մենագրություն էի լույս ընծայել: Երբ «Ռանչպարների կանչի» այդ վերահրատարակության մասին ծանուցում տեղադրեցի իմ էջում՝ սկսվեց խանդավառ արձագանքների մի իսկական տեղատարափ, որոնց մեջ քիչ չէին ընթերցողների հարցումները, թե «Խոդեդան»-ին երբ ենք անդրադառնալու. չէ՞ որ այդ վեպի վերջին հրատարակությունից անցել է ավելի քան վաթսուն տարի»,-պատմեց Վարդանյանը:
https://168.am/2022/10/29/1787927.html