«Դուք չպատժեցիք Ձեր հինգ հազար մեղավորին` Աստված Ձեզանից կտանի Ձեր հինգ հազար արդարին». Գանձասարի վանահայրը ապաշխարհության եւ մեղքերի հատուցման մասին
Հանդիպում
Արցախը հայկական պահելու բանաձեւի, հանուն հայրենիքի ոչնչի առաջ չծնկելու եւ հայի հոգեւոր ոգու մասին զրուցել ենք Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանքի վանահայր Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հետ, ով նախ բանաձեւեց Արցախը հայկական պահելու իր բանաձեւը.
-Արցախը հայկական պահելու բանաձեւը տասնամյակների ընթացքում գործած սխալների խոստովանությունն է, պետք է յուրաքանչյուրս իր մեջ քաջություն գտնի ու խոստովանի իր սխալները, մենք պետք է հաշվետու լինենք մեր արած սխալների համար: Մենք պետք է դարձի գանք ու ապրենք այն սուրբ գաղափարներով, որոնցով ապրել են մեր նախնիները: Մենք պետք է կարողանանք կրկին միասնաբարար մտածել ու պայքարել` այդ ճանապարհին պատրաստակամ լինելով սեփական կյանքը զոհելու, ինչպես որ զոհեցին մեր քույրերը եւ եղբայրները:
Եվ, որ ամենակարեւորն է անգամ մտքով չմտածել հայրենիքը լքելու մասին, ամենօրյա տքնաջան աշխատանքն է մեզ պահելու հայեցի: Բոլորին մտահոգում է, թե ինչպիսին է լինելու վաղվա մեր օրը, ես միանշանակ պատասխանում եմ, եթե ամեն օր աշխատենք մեզ վրա եւ հավատանք ինքներս մեր ուժերին, ապա վստահ եմ հաղթանակները լինելու են մեզ հետ: Շատ կարեւոր է, որ ոչ միայն խոսենք, այլ սրտով եւ մտքով գործենք, լինենք ոչ թե դիմացին քննադատող, այլ ինքներս մեզ առաջին հերթին քննադատենք: Եկեք յուրաքանչյուրս մտածենք, թե հայրենիքի այս մեծ սրբազան կառույցի մեջ, որտեղ ենք թերացել, ինչ դեր ենք ունեցել հայրենիքի մի մասի կորստի հարցում, իսկ որ թերացել ենք յուրաքանչյուրս մեր չափով` դա միանշանակ է:
«Ազգային հաղթանակը իրենց վերագրած անհատները պետք է երկյուղեն Աստծո դատաստանից»
-Տեր Սահակ, որ պահին, մեր հավատքը սասանվեց:
-Շատ լավ հարց տվեցիք, որին թույլ տվեք պատասխանել Սուրբ գրքի հետեւյալ խոսքերով, որտեղ ասվում է. «Դուք չպատժեցիք Ձեր հինգ հազար մեղավորին` Աստված Ձեզանից կտանի Ձեր հինգ հազար արդարին»: Եթե մենք չլինեինք անտարբեր շատ ու շատ հարցերի շուրջ եւ իսկապես գնահատեինք մարդուն ըստ արժանվույն, մեր վիճակը այլ կլիներ: Իսկ այն վիճակում ինչի մեջ մենք հայտնվել ենք` հայտնվել ենք մեր մեղքի, մեր սխալի պատճառով: Մենք դա պետք է հասկանանք ու այլեւս դաս քաղել: Մենք պետք է կարողանանք աշխարհի տարբեր ծայրերում ապրող համայն հայության ուժը, աստվածային շնորհը մեկտեղել եւ դարձնել մեկ ուժ, մեկ բռունցք, ինչպես եղավ 1988թ,-ին: 1988թ. արցախյան շարժումը դա հարյուրամյակների աղոթքի, մտածումի արդյունք եղավ, եւ ազգային ոգու գնով արձանագրած որեւէ հաղթանակ որեւէ մեկը չպետք է վերագրեր իրեն: Աստված մեզ զոհողության գնով հաղթանակ էր պարգեւել, եւ այդ հաղթանակը պետք է ոչ թե անձերի վերագրվեր, որոնց միջոցով նույն այդ հաղթանակը մսխվեց, այլ ազգին: Ազգային հաղթանակը իրենց վերագրած անհատները պետք է երկյուղեն Աստծո դատաստանից:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ