Փաշինյանը չի հրավիրում նիստ, բայց դժգոհում է ՀԱՊԿ-ից. Ղազարյան
ԹեմաԼեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ` Աստանայում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում ՀՀ-ն մեկուսացած կարգավիճակում էր: Այս մասին է փաստում այն, որ Նիկոլ Փաշինյանը, բացի մասնակցությունից, որեւէ այլ կարգավիճակով հանդիպումներ չի ունեցել:
— Աստանայում հանդիպել են ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը, ՌԴ նախագահն ու Թուրքիայի նախագահը, այլ երկրների ղեկավարներ եւս երկկողմ հանդիպումներ են ունեցել, իսկ Փաշինյանը՝ ոչ մի: Բազմակողմ ձեւաչափում միայն ԱԳ նախարարն է հանդիպել Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ նախարարների հետ, որի ժամանակ պաշտոնապես դժգոհություն է հայտնել ՌԴ-ից եւ ՀԱՊԿ-ից ակնկալվող աջակցության առիթով: Դրան, սակայն, հաջորդել է ՌԴ ԱԳ նախարարի պատասխանը, որ ՀԱՊԿ-ում նախագահում է ՀՀ-ն, եւ նախագահողը պետք է հրավիրի խորհրդի նիստ, որպեսզի կայացվեն որոշումներ: Փաստորեն, Փաշինյանը չի հրավիրում նիստ, բայց դժգոհում է ՀԱՊԿ-ից, սաբոտաժի ենթարկում կառույցի աշխատանքը: Փաշինյանին բացարձակ չի հետաքրքրում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը եւ ՀԱՊԿ-ին ներկայացված ՀՀ-ի դիմումի ճակատագիրը: Ավելին, ԱՊՀ երկրների գլխավոր օրակարգային հարցերից մեկն այն էր, որ ԱՊՀ-ն դիմում ներկայացնի ՀԱՊԿ-ին՝ կառույցում դիտորդի կարգավիճակ ունենալու համար: Սա կարեւոր է ՀԱՊԿ-ի ուժեղացման համար, որովհետեւ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները նաեւ ԱՊՀ անդամ են, բայց ԱՊՀ անդամ ոչ բոլոր երկրներն են ՀԱՊԿ անդամ, այդ թվում՝ Ադրբեջանը: Եվ երբ ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակի հնարավորություն է տրվում, այդ թվում՝ Ադրբեջանն է որոշակի իմաստով դառնում ՀԱՊԿ աշխատանքների մասնակից: Այս որոշումը ՌԴ-ի համար կարեւոր նշանակություն ունի, բայց ՀՀ-ն «վետո»-ի իրավունք է կիրառել, հարցի քննարկումը հանվել է օրակարգից: Այս դիրքորոշմամբ եւս Փաշինյանն արտահայտեց Ադրբեջանի շահերը, որովհետեւ Ադրբեջանը գուցե չէր ուզում ածանցյալ ձեւով առնչվել ՀԱՊԿ-ին: Ընդ որում` Ադրբեջանի նախագահը տեղում նստած չասաց, որ ինքը դեմ է, բայց եւ նրա փոխարեն իր ցանկությունն արտահայտեց իր հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
