Ես հիմա ոստիկանություն զանգահարե՞մ. Երեւանի ավագանու նիստը թեժ էր
ԹեմաԵրեւանի ավագանու նիստը երեկ մեկնարկեց ոչ սովորական հունով: «Լույս» խմբակցության անդամ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ դիմեց նիստը վարող փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանին` խնդրելով ու պահանջելով, որ նիստը սկսելուց առաջ անվտանգության աշխատողներին կանչի դահլիճ եւ ստուգեն, թե արդյոք այդ պահին դահլիճում զինված մարդիկ չկան նստած: Խնդիրն այն է, որ նախորդ նիստին ընդդիմադիր ավագանու անդամների աչքից չէր վրիպել Երեւանի ավագանու իշխող իմքայլական անդամ Արման Անտոնյանի գրպանի տարօրինակ պարունակությունը: Սակայն քաղաքապետի գործուղման ընթացքում նրա պարտականությունները կատարող Լեւոն Հովհաննիսյանը չլսելու տվեց Անի Խաչատրյանի հորդորները, ինչն անարձագանք չմնաց:
Անի Խաչատրյանը պնդեց. «Պարոն Հովհաննիսյան, ես հիմա ոստիկանություն զանգահարե՞մ, թե՞ ստուգենք մեր անվտանգությունը»: Եվ մինչ քաղաքապետի առաջին տեղակալը կփորձեր ստեղծված իրավիճակի տակից դուրս գալ` մեջ ընկավ ՔՊ-ականների սրտի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ եւ վստահեցրեց. «Խնդիրը լուծված է, պետք չէ նյարդայնանալ, ստուգված է, խնդիր չկա: Բոլորս գիտենք՝ ինչ հարց է, պարոն Անտոնյան, ձեզ է վերաբերում, խնդրում եմ՝ ուղիղ արձագանքեք: Հստակ ասեք, որ զենք չունեք ձեզ մոտ: Այս դահլիճում բոլորը հասկանում են, որ զենքով չեն կարող մտնել»: Չուշացավ նաեւ ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ արձագանքը, ով անմեղսունակի դեմքի արտահայտությամբ` ասաց. «Բոլորն էլ գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
