ԱԼԵԳՐՈՎԱՆ ԿՐԿԻՆ «ՔՑԵՑ» ՀԱՅԵՐԻՆ
Արխիվ 16-20
ՌԴ ժողովրդական արտիստ ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՆ կրկին չեղարկել է երեւանյան համերգը: Այդ մասին տեղեկանում ենք 65-ամյա երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջից, որտեղ մասնավորապես գրված է. «Հարգելի հանդիսատես, մարտի 5-ին Երեւանում կայանալիք համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքներին, հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երեւանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա»,- գրված է հաղորդագրության մեջ:
Սակայն բազմաթիվ վրդովված հայեր նույն հաղորդագրության տակ արտահայտել են իրենց զայրույթը, թե` թող այլեւս չգա, մենք էլ Ալեգրովային չենք սպասում, հիշատակելով, որ Ալեգրովայի համերգն առաջին անգամ չէ, որ հետաձգվում է Հայաստանում:
Այդ նույն մեկնաբանություններից պարզ է դառնում, որ համերգի հետաձգման պատճառը, ոչ թե տեխնիկական է, այլ` համերգի տոմսերը չեն վաճառվել: Իսկ օգտատերերից մեկն էլ դա բացատրում է, թե այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր տարիների ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայերը սգում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Ալեգրովան այդ նույն օրը համերգներ է ունենում: Ավելին` հայ օգտատերերը փաստում են նաեւ. «Վերջապես արթնացավ հայերի սեփական անձը գնահատելը, եւ չգնեցին տոմսեր` 8000 տոմսից գնվել է միայն 500-1000-ը: Հարգելի Իրինա Ալեքսանդրովնա, այս օրվա մասին պետք էր մտածել այն ժամանակ, երբ տարբեր տարիների ապրիլի 24-ին, երբ համայն հայությունը սգում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար, դուք համերգներ էիք տալիս: Երբ անցյալ տարի երեւանյան համերգից առաջ ենթադրաբար հիվանդացաք եւ չեղյալ հայտարարեցիք համերգը, մենք ըմբռնումով մոտեցանք, իսկ ի՞նչ արեցիք դուք: Դուք բեմում ձեզ այնքան անքաղաքավարի պահեցիք, հարձակվեցիք երկրպագուների վրա, թե հեռացրեք տեսախցիկները եւ այլն... Այսպիսի վերաբերմունք ժողովրդական արտիստի կողմից եւ ընդհանրապես... Մի խոսքով, Հայաստանը միշտ սպասում էր ձեզ, իսկ հիմա` ինչպես տեսնում եք, չի սպասում»,- գրել է հայ օգտատերերից Արսեն Մինասյանը:
Ինչեւէ, ռուս արտիստին հրավիրած «Ֆորպոստարտ» ընկերությունը վստահեցրել է, որ չեղարկված համերգի վաճառված բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման եւ հավելել, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչեւ մարտի 5-ը այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել: Այսինքն, կարելի է ենթադրել, որ մարտի 5-ից հետո տոմսերը կհամարվեն անվավեր:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ