Ղարաբաղյան շարժման մեկնարկը. իրականություն եւ կեղծիքներ
ԹեմաՕրերս «Իրավունքը» ներկայացրել էր «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Խաչիկ Ստամբոլցյանի տեսակետն առ այն, որ «Ղարաբաղ կոմիտեում» ստեղծման պահից մինչեւ վերջ մեծ թիվ էին կազմում ԿԳԲ-ի եւ հայաստանյան կառույցի ղեկավար Մ. Յուզբաշյանի հետ կապված անձինք: Ինչպե՞ս կարձագանքեն «Ղարաբաղ կոմիտեի» անդամներն այդ մեղադրանքներին:«Ղարաբաղ կոմիտեի» անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՑ, մինչ Խ. Ստամբոլցյանի մեղադրանքներին անդրադառնալը, նախ խնդրեցինք պատմել այն մասին, թե ի վերջո, ինչպե՞ս ստեղծվեց կոմիտեն:
- Նախեւառաջ` ասեմ, որ «Ղարաբաղ կոմիտեն» մի քանի կազմ է ունեցել: Առաջին կազմը, որտեղ ավագ սերնդի ներկայացուցիչներն են, ինչպես՝ Բագրատ Ուլուբաբյանը, ակադեմիկոս Աղանբեկյանը, Զորի Բալայանը, դեռ կոմիտե չէր կոչվում: Երբ Խորհրդային Միությունում սկսվեց, այսպես կոչված, վերակառուցումը, նրանք բարձրացվող հարցերն ակտուալիզացրին, եւ դրանով սկսեցին զբաղվել սկզբում տասնյակ մարդիկ Հայաստանից եւ Ղարաբաղից: Իսկ հետո արդեն հարյուրավոր մարդիկ ներգրավվեցին: Եվ նրանց թվում, երիտասարդ սերնդից շատ ակտիվ էր Իգոր Մուրադյանը, որն էլ Մանվել Սարգսյանի հետ միասին ստանձնեց կազմակերպչական դերը: Ըստ էության, երկու հիմնասյուն կար, որի վրա հայաստանյան շարժումը խարսխվեց եւ շատ ավելի պատրաստված մտավ գործի մեջ. մեկը էկոլոգիական շարժումն էր, մյուսը՝ մտավորականությունը, որը 1988թ.-ին արդեն մեկ տարի հավաքվում էր Գրողների միությունում ու բացխոսության հնարավորություն էր ստացել: Փաստորեն, հարյուրավոր մտավորականներ լիդերի դեր էին խաղում, եւ նրանց քննարկումների օրակարգը հարստացվեց եւս մեկ հարցով, որը ներմուծվեց այդ երիտասարդների կողմից, բայց որին մասնակցում էին նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչները: Արդյունքում, արձագանքելով Ստեփանակերտում ծավալված քայլերին, էկոլոգիական շարժումը շատ արագ վերածվեց ղարաբաղյան օրակարգի, եւ Հայաստանում ձեւավորվեց ղարաբաղյան շարժումը: Շարժումը առաջնորդող կառույցը սկզբում կազմկոմիտե էր կոչվում, բայց դժվարանում եմ այդ կազմկոմիտեի ամբողջական կազմն ասել: Միայն ընդգծեմ, որ այնտեղ մտավորականների բավական լայն շրջանակ կար, եւ նրա փաստացի կոորդինատորը Իգոր Մուրադյանն էր:
- Այդ ժամանակ Դուք արդեն այդ կազմկոմիտեի մե՞ջ էիք:
- Ինքս եւ այսօր մեր իմացած «Ղարաբաղ կոմիտեի» մի շարք անդամներ այդ ժամանակ կազմկոմիտեի աշխատանքներին ներգրավված էինք: Իսկ հետագայում, հանրահավաքները երբ ավարտվեցին, ձեւավորվեց առաջին «Ղարաբաղ կոմիտեն»:
- Առաջին «Ղարաբաղ կոմիտեն» ձեւավորվեց առանց հիմնադիր Իգոր Մուրադյանի՞: Ինչո՞ւ:
- Իգոր Մուրադյանը սկզբից այդ կազմկոմիտեի մեջ էր: Հետագայում ավելացան եւս երեք հոգի եւ հայաստանյան հատվածը դարձավ հինգ հոգի: Կար նաեւ ղարաբաղյան հատված, որի մեջ մտնում էր Էմիլ Աբրահամյանը, Արթուր Մկրտչյանը եւ էլի մի շարք մարդիկ: Այսօր արդեն բաց է եւ հրապարակվում է նրանց անունները, իսկ այն ժամանակ փակ էին պահում, որովհետեւ Ղարաբաղում նրանց կարող էին կալանավորել, հալածել: Իսկ հայաստանյան հատվածի կազմը բաց էր: Նրանց թվում էր Իգոր Մուրադյանը, Մանվել Սարգսյանը, եւ ավելացան ապագա «Ղարաբաղ կոմիտեից» Վազգեն Մանուկյանն ու Համբարձում Գալստյանը, որոնց հրավիրել էր Իգոր Մուրադյանը: Փաստացի, հինգ հոգանոց «Ղարաբաղ կոմիտե» գոյություն ուներ: Բայց նաեւ ընդհանուր կազմկոմտեն էր գործում. նշածս հինգ անդամներն էլ այդ կամզկոմիտեի մեջ էին եւ զբաղվում էին տարբեր հարցերով՝ հանրահավաքներով, ստորագրահավաքներով: Հետո եղավ մի խնդիր, ինչից մենք զերծ էինք պահում հայաստանյան հատվածին: Նկատի ունեմ այն, որ առաջնորդվում էինք հետեւյալով՝ չանել որեւէ հակաադրբեջանական քայլ՝ խաղաղ բնակչության հանդեպ, շեշտելով, որ ջարդարարներ չենք: Իսկ եթե Ադրբեջանում ջարդարարներ կան, մենք պատժում ենք նրանց, ոչ թե խաղաղ բնակչությանը: Բայց Միխայիլ Գորբաչովը հանդես եկավ ելույթով եւ ասաց, որ շուտափույթ պետք է լուծվի Ղարաբաղի հարցը, եւ պետք չէ մոռանալ ադրբեջանական գործոնը. նկատի ուներ Սումգայիթը եւ նման այլ դեպքեր: Այսինքն՝ նրանք դահիճ են, մարդասպան են, բայց պետք է ինչ-որ իմաստով նրանց հետ հաշվի նստել: Եվ հաջորդ հանրահավաքին Իգոր Մուրադյանը շատ զայրացած ելույթ ունեցավ եւ ասաց. «Շամփուրներով կգաք հաջորդ հանրահավաքին, մենք կստեղծենք հայկական գործոնը»: Իսկ դրանից հետո տեղի ունեցավ մի շատ ծանր միջադեպ, որի արդյունքում Ի. Մուրադյանը դուրս մնաց այդ կազմից եւ ձեւավորվեց նոր «Ղարաբաղ կոմիտեի» կազմը: Մանվել Սարգսյանն էլ չցանկացավ մնալ, որովհետեւ Մուրադյանի հետ մոտ ընկերներ էին, թեպետ նրա հետ կապված խնդիր չկար:
Ի դեպ, տեղի ունեցած միջադեպի մասին մեզ հետ զրույցում Աշոտ Մանուչարյանը լռեց: Սակայն մեզ հաջողվեց որոշակի մանրամասներ պարզել այլ հավաստի աղբյուրներից: Ըստ այդմ, Իգոր Մուրադյանի վերոնշյալ ելույթից հետո, նրան հրավիրում են Վազգեն Մանուկյանի տուն, որտեղ հաճախ էին հավաքվում կոմիտեի անդամները: Այդտեղ անվանի մտավորականներից մեկը՝ Վ. Մանուկյանի աները՝ ավագ Իշխանյանը դուրս է գալիս եւ ասում Ի. Մուրադյանին. «Քեզ ո՞վ է թույլ տվել իմ ազգին ջարդարար դարձնել» ու ապտակում է նրան: Այս սկանդալն է լինում Իգոր Մուրադյանի կոմիտեից դուրս գալու հիմնական պատճառը:
(Շարունակելի)
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
