Այս փուլում արդեն որեւէ թերություն ներելի չի լինի. Մետաքսե Հակոբյան
Ներքաղաքական
Օկուպացված Աղդամում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «մտադիր չէ որեւէ միջազգային կենտրոնի հետ քննարկել Ղարաբաղի հարցը»: Ավելին` նա ասել էր, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչներն» իրենց քաղաքացիներն են: Նա պնդել էր, թե «Բաքուն չի քննարկի որեւէ միջազգային կենտրոնի հետ, թե ինչպես դասավորի նրանց (Ղարաբաղի հայերի) կյանքը: Իսկ դրան հաջորդեց Պրահայում նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ` Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «քավորությամբ»: Արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը` ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ ԻՐ ԽՆԴՐԻ ՀԵՏ»
— Տիկին Հակոբյան, վերջին օրերին Արցախում բողոքի մեծ ալիք է բարձրանում` ալիեւյան հռետորաբանության եւ դրա վերաբերյալ իշխանությունների ոչ համահունչ արձագանքների հետ կապված: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:
— Մեզ համար նորություն չեն ադրբեջանական հայտարարությունները, որովհետեւ 30 տարի շարունակ Ադրբեջանն իր գործելաոճը չի փոխել եւ անընդհատ հոգեբանական տեռորի ու ճնշումների միջոցով փորձել է տագնապի մեջ պահել Արցախում ապրող հայերին: Սակայն այդ ամենի վերաբերյալ այլ է ընկալումը հիմա: Մինչ 2018 թվականը Արցախում դրան ավելի թեթեւ էին վերաբերում, ուղղակի, լսում էին ու անցնում, որովհետեւ գիտեին, որ ժողովուրդը որեւէ կերպ չի առնչվելու նման հայտարարությունների հետ: Այսինքն՝ վերեւներում, իշխանություններում կան մարդիկ, ովքեր նմանատիպ հարցերը կարգավորում են: Սա ընդամենը դիտվել է որպես հոխորտանք, իսկ ներկայիս պայմաններում ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ մենակ է մնացել իր խնդրի հետ: Շատ դեպքերում, այո՛, սա նաեւ տագնապ ու խուճապ է առաջացնում: Մարդիկ հասկանում են, որ սա պատահական չէ ասված եւ նշանակում է, որ կա՛մ արդեն իսկ ստորագրվել է պայմանագիր, կա՛մ շուտով ստորագրվելու է: Դրա համար էլ այդքան ինքնավստահ է Ալիեւը: Մինչդեռ երբեք մինչեւ 2018 թվականը նման քննարկումներ չեն եղել: Մարդիկ հաճախ ուշադրություն էլ չեն դարձրել այսպիսի հայտարարություններին: Իսկ հիմա, ինչպես ցույց տվեց նաեւ 44 -օրյա պատերազմը, մարդիկ հակված են ավելի հավատալու ադրբեջանական կողմին, Ադրբեջանի նախագահի խոսքերին, քան ներկայիս իշխանություններին` թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի: Սա ցավով եմ ասում, բայց պատերազմի ժամանակ ինչ ասում էր ադրբեջանական կողմը, մասնավորապես՝ Ալիեւը, հիմնականում ստացվում էր այնպես, որ ճիշտ է եւ իրականանում էր, իսկ հայկական կողմը ասելով դրա լրիվ հակառակը՝ ստացվում էր այնպես, որ ստում էր, եւ իրականությանը չէին համապատասխանում իրենց խոսքերը: Մարդկանց մտահոգությունները տեղին են, որովհետեւ այսպիսի հռետորաբանությունը հուշում է, որ ինչ-որ հարց կարգավորվել է կամ լուծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ, այդ պատճառով էլ նման հայտարարություններ են արվում:
— Փաստացի այս պահին Հայաստանում որեւէ փողոցային պայքար, դիմադրություն չկա: Իսկ ի՞նչ է կատարվում Արցախում:
— Չեմ կարող ասել` ՀՀ-ում մեր հայրենակիցները հիմա ինչպես են մտածում, որովհետեւ եթե մեզ համար արդեն բավականին երկար ժամանակ է այս իրողությունը, իրենք նոր են սկսում առնչվել, երբ թշնամին մտել է նաեւ Հայաստանում յուրաքանչյուրի բնակարանը: Չնայած նրան, որ արցախյան պատերազմը եւս յուրաքանչյուրի բնակարանն էր մտել, որովհետեւ մասնակցում էին նաեւ մեր հայրենակիցները Հայաստանից եւ զոհվում էին: Այնպես որ, ուշացած է, բայց, ամեն դեպքում, կարծես, վախ ու տագնապ արդեն զգացվում է Հայաստանի մեր հայրենակիցների մոտ, որովհետեւ իրենք եւս անձամբ առնչվում են այս իրողության հետ: Ինչ վերաբերում է Արցախին, այստեղ որեւէ մեկը չի պատրաստվում համակերպվել: Վստահորեն եմ ասում, որովհետեւ սա է փաստում այն, որ մարդիկ այստեղ են ապրում ու փոքրաքանակ չեն: Ինչպես գիտեք, այստեղ ձեւավորվել է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը: Իհարկե, այն մեկնարկել է ոչ շատ վաղուց, այլ իր ծիլերը սկսել է տալ հուլիսի վերջից եւ ունի ընդամենը մի քանի ամսվա պատմություն: Սակայն այն գնալով թափ է առնում: Չեմ ասի` այն արագությամբ, ինչը կուզեինք, որ լիներ, որովհետեւ այս վերջին մի քանի տարվա մեջ նաեւ Արցախում են ժողովրդին կարողացել ինչ-որ տեղ ե՛ւ հուսախաբ անել, ե՛ւ համոզել, որ անհատից կախված չէ իր փրկությունը, այն լուծվում է շատ ավելի վերեւներում եւ երբեմն նույնիսկ Հայաստանի եւ Արցախի սահմաններից դուրս: Բայց հանդիպումներն ակտիվ քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ կան բավականին շատ մարդիկ, ովքեր վստահ են, որ իրավիճակ փոխողն իրենք են: Այստեղ խնդիրը միայն այն է, որ կարողանանք հավաքվել նմանատիպ մարդկանցով, որովհետեւ այս իրավիճակում շատ են նաեւ բախտախնդիրները, ովքեր փորձում են պղտոր ջրում նաեւ ձուկ որսալ եւ իրենք հենց մեր շրջապատում են, կարող են լինել անգամ մեր շարքերում, ինչը բացառված չէ: Սա հիմնականում չէի ասի, թե վտանգ է, բայց ոչ հաճելի վիճակ է:
«ՉԿԱ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴ, ՈՐԻՆ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է»
— Ի՞նչ է իրենից ենթադրում այս շարժումը եւ ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել առաջիկայում:
— Մենք սեպտեմբերի 3-ին Արցախում տվեցինք շարժման մեկնարկը: Իսկ սեպտեմբերի 29-ին ես խորհրդարանում մեր խմբակցության տեսակետը ներկայացրի` նշելով, որ Արցախի «Արդարություն» խմբակցությունը, իհարկե, նաեւ համանուն կուսակցությունը միանում են «Հանուն Արցախի պաշտպանության» ժողովրդական շարժմանը` մի կողմ դնելով քաղաքական բոլոր ամբիցիաները: Կոչ արեցինք միանալ բոլոր քաղաքական ուժերին, որովհետեւ հիմա առավել քան երբեւէ պարզ երեւում է, որ չկա այլ փրկություն, այստեղ չեն կարող լինել քաղաքական առաջնորդներ, չի կարող լինել քաղաքական որեւէ շարժում, այստեղ պետք է լինի ժողովրդի շարժում: Մեզ դեռեւս օգոստոս ամսին ՀՀ-ից արձագանքեց Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, եւ իրենք եւս հայտարարեցին, որ միանում են շարժմանը: Այս շարժումը սկիզբ է առնում Արցախից, բայց պետք է համահայկական լինի: Եվ առաջին բաց քննարկումները ցույց տվեցին, որ շարժման համակարգողները հենց ժողովրդի միջից են, որեւէ քաղաքական ուղղվածություն չունեն: Սեպտեմբերի 13-ին սկսված պատերազմը Հայաստանում հետաձգեց շարժման հաջորդ փուլը, որովհետեւ սեպտեմբերի 16-ին լայն ծավալով այն պետք է տեղի ունենար նաեւ Երեւան քաղաքում: Բայց մոտակա օրերին լինելու է: Երեւանում կլինեն ե՛ւ Արցախից, եւ Հայաստանից հասարակական, քաղաքական գործիչներ, երիտասարդության ներկայացուցիչներ: Այսինքն` այնքան մարդ, որ կարողանան տեղավորվել դահլիճում:
— Փաստորեն, զուտ դահլիճային քննարկո՞ւմ է լինելու եւ ոչ թե հանրահավա՞ք:
— Նախ դահլիճային է լինելու, որովհետեւ դեռեւս միավորում ենք մարդկանց, որպեսզի բոլորն իրար կարողանան ճանաչել, գոնե համակարգողների դեմքերն իմանալ, որովհետեւ ամեն համակարգողի հետեւում ամենաքիչը 10 եւ ավել մարդիկ կան, որից հետո կձեւավորվեն 100-յակներ: Այսպես կառուցելով այդ բուրգը` հիմա խնդիր ունենք ինչքան հնարավոր է արագ այն կյանքի կոչել: Այս փուլում արդեն որեւէ թերություն ներելի չի լինի: Ցավոք, «Դիմադրություն» շարժումը չտվեց այն ակնկալվող արդյունքը, որը սպասում էինք, որովհետեւ այս ընթացքում էլի շատ բախտախնդիրներ կային, որոնք փորձեցին շեղել, կեղտոտել, փչացնել այն, ինչը վերածվելու էր համաժողովրդական լայն համախմբման: Այդ պատճառով չպետք է կրկնվեն նույն սխալները: Չպետք է լինեն առաջնորդներ, որովհետեւ իրականում պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ եւ ասենք, որ այսօր չկա որեւէ քաղաքական ուժ եւ քաղաքական առաջնորդ, որին անվերապահորեն հանրությունը վստահում է: Հետեւաբար ժողովուրդը հենց ինքը պետք է լինի առաջնորդը:
— Ո՞րն է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման պահանջը` Հայաստանի եւ Արցախի ղեկավարների հրաժարակա՞նը:
— Ժողովրդի շարժումը չի կարող նման ցածր նշաձող ունենալ եւ նման ցածր բան պահանջել: Շարժումն ամենաքիչը պետք է իր պահանջների ի կատար ածումը պահանջի հենց իշխանությունների կողմից: Կա՛մ իշխանությունները կատարում են այդ պահանջները եւ մնում ժողովրդի հետ, կա՛մ չեն կատարում, եւ արդեն հասկանալի է, որ իրենց կամքով պետք է հեռանան: Հավատացեք, հենց այդ գործընթացի ժամանակ էլ կծնվեն առաջնորդները: Կարող է այդ առաջնորդները լինեն բացարձակ մեզ անհայտ մարդիկ, որոնք ուղղակի ստվերում են մնացած: Դաշտը բաց է, երբ շարժումը ժողովրդական է եւ ոչ քաղաքականացված: Քաղաքական շարժումը կարող է պահանջել իշխանությունների հեռացում եւ ասել` դուք հեռացեք, որ մենք գանք, ավելի լավ կառավարենք: Բայց ժողովրդական շարժումն այլ պատկերացումներով պետք է լինի: Հետագայում, բնականաբար, ցանկացած շարժում վերածվում է քաղաքականի` այն պարագայում, եթե չեն կատարվում առաջադրված պահանջները: Այդ ժամանակ արդեն հստակ ձեւավորված կլինի շարժումը, եւ որեւէ մեկը չի կարող սողոսկել այդտեղ ու իր սեփական շահն առաջ տանել: Կարծում եմ՝ այս տարբերակը միակն է, որը կարող է այսօր փրկել մեզ: Մենք շատ տարբերակներ ենք դիտարկել եւ բոլորի միջով անցել են: Սակայն հիմա, որպես ԱԺ պատգամավոր, քաղաքական ուժի գործադիր անդամ, այսօր հայտարարում եմ, որ որեւէ քաղաքական շարժում ի վիճակի չէ լուծել մեր խնդիրները, եթե այդ շարժման հետեւից չի գնում ժողովրդի մեծամասնությունը: Իսկ այսօր մենք չունենք այդ իրավիճակը: Ուստի` մենք պետք է հակառակը անենք, եւ ինքներս գնանք ժողովրդի հետեւից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ