«ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը հատել է եզրագիծը
ՄշակութայինՀոկտեմբերի 8-ին իր աշխատանքն ամփոփեց «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնը։ Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր “The next 20 years will be better!” «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը:
Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հյուրընկալեց 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
Երևանյան 14 բեմահարթակներում ցուցադրվեց ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն էր, որի ցուցադրությունը մեծ հաջողություն ունեցավ:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները: Հիմնական ծրագրից բացի փառատոնի ընթացքում անցկացվեցին վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):
«Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» խորագրով միջազգային գիտական նստաշրջանի շրջանակներում, «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային թատերական 20-րդ փառատոնի հետ համագործակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատերագիտություն» («Studia Teatralne Europy rodkowo-Wschodniej», խմբագիր՝ Անդրեյ Մոսկվին, 2021, N 2, Վարշավա) եռալեզու գիտական հանդեսի շնորհանդեսը: Հանդեսի այս համարի կենտրոնում հայ թատրոնն է, շապիկին` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարը և «FOKUS: ARMENIA» գրությունը։ Հանդեսում գիտական հրապարակումներով հանդես են եկել Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ), Նարինե Սարգսյանը (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ), Անուշ Ասլիբեկյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Սառա Նալբանդյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Նազենիկ Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Անահիտ Բեքարյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ): Փառատոնի շրջանակում ներկայացումներ ցուցադրվեցին նաև Գյումրիում և Վանաձորում:
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը:
2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Հոբելյանական փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
