Գործող թիմը չունի որեւիցե ունակություն խնդիր լուծելու․ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը միջանցքի եւ բիրիքով «օժիտ» դառնալու մասին
Հանդիպում
«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ-լեյտետնանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ, ում հետ հանդիպել եւ զրուցել ենք Ստեփանակերտում:
- Պարոն Բաբայան, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում արցախյան հարցի հանգուցալուծումը, երբ այսօր յուրաքանչյուրն իր տարբերակն է առաջ քաշում: Ի վերջո, ո՞րն է Արցախը հայկական պահելու Ձեր տեսլականը:
- Առաջին հերթին աշխարհաքաղաքական այդ ամբողջ վայրիվերումներում, որ կատարվում են, Արցախը պետք է իր պաշտպանության խնդիրը լուծի եւ իրավական դաշտում, միջազգային դատարաններով պաշտպանի այն ամբողջ արխիվային փաստաթղթերի փաթեթն ու օրինական օրենքները, որով հռչակել է ինքն իրեն անկախ: Եվ պետք է տնտեսությունը զարգացնել, որպեսզի մարդկանց կյանքի որակը բարձրանա ու նրանք կարողանան իրենց հողի վրա ապրել: Նրանք, ովքեր համարում են, որ մարդիկ տեղափոխվում են Արցախից միայն նրա համար, որ պատերազմ է, ես չեմ ընդունում: Մարդկանց երկու տեսակ կա. մեկը, որ համարում է, թե վտանգ կա պատերազմի, մյուսն՝ ընդհանրապես չի կարողանում ընտանիքը պահի: Սրանք խնդիրներ են, որոնց լուծումն ընդհանուր փաթեթով պետք է գտնվի: Իրավական դաշտում մենք ունենք բոլոր փաստաթղթերը: Երբ ես դեռ Արցախում անվտանգության քարտուղար էի, այդ ժամանակ էինք մշակում դրանք եւ ամբողջ փաթեթում 60-ից ավել արխիվային փաստաթուղթ կա: Վստահ եմ եւ անգամ բարձրաձայնել եմ, որ ադրբեջանցի էլ լինի միջազգային դատարանի դատավորը, մեկ է հօգուտ մեզ է դատը գնալու: Ուղղակի, պետք է մեր մասնագետները հավաքվեն եւ կարողանան հստակ պատրաստվել, որպեսզի այդ փաստաթղթերը ներկայացնեն միջազգային դատարաններում: Ադրբեջանը 30 տարի է, ինչ ասում է, թե հայերը նրանց քշել են իրենց հողերից: 1989 թվականի մարդահամարով 315 հազար մարդ է տեղահանվել, իսկ Արցախի եւ ընդհանրապես Սովետական Ադրբեջանի տարածքից տեղահանվել է մոտ 700 հազար ավելի հայ: Հիմա ես առաջարկում եմ իրավական փաստաթղթերի հետ մեկտեղ մի էլեկտրոնային կայք բացել, դիմել մեր բոլոր համայնքներին, որպեսզի կազմակերպեն եւ այդ բոլոր տեղահանվածներն իրենց ծննդականով, դիմումներով, անձնագրերով ներկայացնեն, թե իրենց ինչպես են տեղահանել, ինչ է եղել, որպեսզի այդ ամբողջը փաթեթներով ներկայացվեն միջազգային դատարանում: Պետք է բարձր մակարդակով իրավաբաններ աշխատեն այս ուղղությամբ:
Երկրորդ՝ պետք է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ վարել, որովհետեւ տարածաշրջանային եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ փոքր ժողովուրդներին իրար դեմ հանելով՝ խնդիր են լուծում գերտերությունները: Ադրբեջանցիները եւ հայերը պետք է վերջնականապես հասկանան, որ իրենց փորձելու են օգտագործել: Հետեւապես, կա՛մ այս խնդիրները ոչ թե միակողմանի, այլ երկու կողմին էլ բավարարող լուծում պետք է ունենա, կա՛մ մենք դառնում ենք ինչ-որ մեկի շահերը պաշտպանող: Սա եթե Ադրբեջանը հասկանա, կարողանալու ենք ուղղակի Ստեփանակերտ-Բաքու բանակցություններով խնդիրը լուծել:
«ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ, ԱՄՈ՛Թ Է, ԹԱՐԳԵՔ, ԹԵ ՀԵՍԱ ՓՐԿԻՉԸ «ՊԱՌԱՇՈՒՏՈՎ» ԻՋՆԵԼՈՒ Է»
- Բայց Ադրբեջանի կողմից այդ ազդակները տեսնո՞ւմ եք, որ նրանք ի վիճակի են այդ ամենը հասկանալ, եւ խնդիրը լուծել Ստեփանակերտի հետ բանակցությունների միջոցով:
- Չեմ տեսնում, որովհետեւ Ադրբեջանն իրեն համարում է հաղթող եւ ինքնավստահ է, ինչպես մենք էինք ժամանակին համարում, որ հաղթող էինք եւ մենք էինք որոշում: Բայց, ցավոք, երկուսս էլ սխալվել ենք եւ շարունակում են այդ նույն սխալը տանել առաջ: Ես չեմ տեսնում հնարավորություն, որ մենք Ադրբեջանի հետ պետք է ապրենք: Ամեն դեպքում, Արցախը լինելու է անկախ: Տարբերությունն այն է, որ եթե այս ամենը հասկանան, այն կլինի առանց արյունահեղությունների եւ կգտնենք փոխշահավետ լուծում: Օրինակ, Վրաստանը գիտակցելով, որ Աբխազիայում եւ Օսեթիայում արյունահեղություն է լինելու՝ ճիշտ է, չի ճանաչել նրանց անկախությունը, բայց դրա հետ մեկտեղ չի էլ պայքարում այդ տարածքների համար՝ հասկանալով, որ գերտերությունների շահեր կսպասարկի դրանով: Հիմա Ադրբեջանը սա կարողանալո՞ւ է հասկանալ եւ ընկալել, թե՞ համարում է, որ իր մոտ ստացվել է: Ես չեմ համարում, որ իր մոտ ստացվել է: Արցախի բոլոր քաղաքական ուժերը՝ ե՛ւ հին, ե՛ւ նոր, ժողովրդի ճակատագիրը հանձնել են, թե ինչ-որ մեկը մեզ փրկելու է: Սա ամենավտանգավորն է, բայց ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի իշխանություններն այդ քաղաքականությունն են վարում, թե մեր ձեռքին ոչինչ չկա, ոչինչ չենք կարող անել, ուրիշ տեղից է որոշվելու: Նման ձեւ մտածողները, եթե շատ մեղմ ձեւակերպենք, առնվազն ապուշ են: Մինչդեռ ես լուծումը տեսնում եմ: Ինչ վերաբերում է մեր պաշտպանության խնդրին, Արցախն իր պաշտպանությունը միշտ կարողացել է իրականացնել: Անգամ 1700-ական թվականներին Պարսկաստանի մաս է կազմել, բայց Արցախի հայությանը տվել են ինքնուրույն ուժային կառույց պահելու իրավունք: Խնդրեմ, վերցրեք, արխիվներով նայեք: Այսինքն՝ ով մեզ փորձում է համոզել, թե մենք էլ ոչինչ չենք կարող անել, Ադրբեջան-Թուրքիա միասին ուժեղ են, Ռուսաստանն էլ իրենց կողմն է, Եվրոպային էլ գազ է պետք եւ այլն, վստահեցնում եմ՝ այդպես չէ: Կարող են նման ցանկություններ ունենալ, բայց մենք հնարավորություն ունենք այդ ամենը փոխել 360 աստիճանով, եթե ցանկություն ունենք, եթե ուզում ենք անկախ ապրել: Մենք որեւիցե հարեւանի վատը չենք ուզում, բայց եթե որեւիցե հարեւան մեր վատն է ուզում, ուրեմն՝ չի կարող մեզ ստիպել պարտության մատնվել:
- Իսկ ժողովրդի մեջ տեսնո՞ւմ եք այդ կամքը, որպեսզի շարունակեն պայքարել…
- Ժողովրդի մեջ 20-30 տարի կրթության համակարգը զրոյացնել, անգրագիտության հասցնել, թույլ չտալ մարդիկ զարգանան, ազատ ապրեն ու մտածեն, հիմա էլ վերեւից մի քանի չոբան դնեն ու ասեն՝ ժողովուրդը ոչ մի բանի ունակ չէ, կամք ունի՞, թե՝ ոչ, այսքանից հետո հարց է առաջանում՝ այդ վարածդ քաղաքականությունով ինչպե՞ս է կամք ունենալու: Իհարկե, ժողովրդի ղեկավարը պետք է կամք ու «դուխ» տա, բացատրի, լուծումներ ներկայացնի: Եթե որեւիցե լուծում չեն ներկայացնում ապագայի, ինչի՞ մասին են խոսում, կարո՞ղ եք ինձ բացատրել, ի՞նչ ժողովրդի մասին են խոսում: Առավոտից իրիկուն ասում են՝ ժողովո՜ւրդ, պարտվեցինք, չենք կարող՝ գերտերությունները, աշխարհաքաղաքական զարգացումները, այս մեկը, մյուսը… Մեզ զենք չեն տալիս, էս չեն անում, էն չեն անում: Այսինքն՝ մեզ տանում են հանձնման: Վե՛րջ տվեք, ամո՛թ է, թարգեք, ատամներդ սեղմե՛ք, ուղեղներիդ զոռ տվեք ու գնացեք ձեր խնդիրների լուծմանը, ձեր փոխարեն՝ ձեր խնդիրները ոչ ոք չի լուծելու: Այլապես դուք լինելու եք ստրուկ՝ կապ չունի Արցախ, թե Հայաստան, չլուծեցիր առաջինի խնդիրը, երկրորդին են հասնելու: Մենք պարտավոր ենք լուծել: Իսկ այն քաղաքական ուժերը, անհատները, որոնք համարում են, թե աշխարհաքաղաքական զարգացումներին հո դեմ չենք գնալու, ուզում եմ դրանց աչքերը բացել եւ ցույց տալ, որ այսօր աշխարհում ուժն է ծնում իրավունքը: Էլի եմ ասում՝ ուղեղներիդ զոռ տվեք, որ հասկանաք: Այդ դիլետանտները աշխարհաքաղաքական զարգացումներից թող չխոսեն ու մեզ չասեն, թե դուք չեք կարող, թույլ եք, պետք է համակերպվեք աշխարհի գերտերությունների թելադրանքին: Ասում են՝ Եվրոպան գազ է գնում Ադրբեջանից, Ռուսաստանը շահեր ունի Թուրքիայի հետ, ԱՄՆ-ն ուզում է Ռուսաստանին հանել տարածաշրջանից, Ռուսաստանն էլ ուզում է Թուրքիային ու Ադրբեջանին պահել, բա մենք այստեղ ոչի՞նչ ենք: Եթե ոչինչ ենք, ինչո՞ւ են մեր հետ խոսում, ինչո՞ւ են այս ցիրկը խաղում մեր շուրջ: Ուրեմն՝ մեզնից մի վտանգ ներկայացնում ենք, դրա համար էլ խոսում են: Դրա համար էլ մեր քայլերը պետք է անենք ու մեր բաժինը ստանանք: Սա է քաղաքականությունը: Սրա համար եմ խնդրել, կոչ արել մարդկանց վերադառնալ իրենց հայրենիք, որպեսզի կարողանանք համախմբվել, խնդիրների լուծման մեխանիզմներ գտնել: Մնում է հասկանալ՝ ընդհանրապես ուզո՞ւմ են, թե՞ չեն էլ ուզում:
- Հաճախ են ասում, թե 90-ականներին ավելի ծանր վիճակում էինք, բայց կարողացանք հաղթանակած, գլուխներս բարձր, պատվով անցնել այդ ճանապարհը: Ինչո՞ւ այսօր չենք կարողանում:
- Այն ժամանակ եւ այսօր ու վաղը, միշտ էլ կարող ենք այդպես համախմբվել, բուրգը ղեկավարող մեկ ընդհանուր թիմ պետք է լինի, ոչ թե անհատական խոսենք: Այն մարդիկ, որոնք հասցրել են այս վիճակին՝ այսօրվա գործողից սկսած, չեն ուզում ընդունել մի պարզ ճշմարտություն, որ իրենց ուղեղի պարունակությունը, ծալքերը ունակ չէ այս խնդրի լուծման համար: Ես դա ապացուցել եմ, եթե որեւիցե մեկը հակադրվում է, խնդրեմ, նստենք բանավեճի: Եթե չունեն լուծում, ես առաջարկում եմ իրավական այն ճանապարհը, որը ներկայացրեցի: Թող իրենք էլ ասեն, թե ինչպես են իրենք պատկերացնում լուծումը: Իսկ այն, թե ձեն մի հանեք, սուս-փուս նստեք, գերտերությունները հարցերը կլուծեն, հետո կտեսնեն՝ օժիտ կտա՞ն մեկին, մեզ կկռվացնե՞ն իրենց խնդիրները նորից լուծեն, սա խոսում է այն մասին, որ գործող թիմը չունի որեւիցե ունակություն խնդիր լուծելու: Վե՛րջ՝ կա՛մ այս մարդիկ փոխում են իրենց տեսակետը եւ խնդիրը լուծում են, կա՛մ հեռանում են, գալիս են նորերը, որոնք այս խնդիրը լուծում են:
- Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է, որպեսզի հասնի նաեւ, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքին: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի հանգուցալուծումը:
- Որեւիցե մեկը չի կարող այդ միջանցքը ստանալ, եթե փորձեն, կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը: Դա կլինի Իրանի կործանումը եւ ընդհանրապես Թուրքիայի դերի աշխարհաքաղաքական հզորացումը, ընդ որում՝ ոչ թե փոքր-ինչ, այլ շատ լուրջ: Ամբողջ Կասպյան ավազանի հարստությունով, Իրանի 30 տոկոս տարածքով եւ Հյուսիսային Կովկասով բոլորը թուրքալեզու ժողովուրդ են: Սա լուրջ խնդիր է: Իսկ երբ այս ամենը թողած՝ երեխու պես ասում են, թե վաղը միջանցքը տալու են, ասեմ, որ անգամ ցանկության դեպքում հայաստանյան որեւէ իշխանություն չի կարող նման խնդիր լուծել: Մոռացե՛ք, դա նույնն է, որ հրահրեք երրորդ համաշխարհային պատերազմ: Ես առաջարկել եմ ինչպես այս հարցում հասնել փոխզիջման: Կա Մերձբալթիկայի տարբերակը. Ռուսաստանն անցնում է Մերձբալթիկայով Կալինինգրադ: Մի քիչ էլ մշակել է պետք այս հարցը ու այս տարբերակով գնալ փոխզիջման: Բայց դրա դիմաց Ադրբեջանն էլ Արցախի հարցում պետք է գնա լուրջ փոխզիջման: Սա է ճանապարհը, հիմա կանեն, թե չեն անի, կձկձգեն, նոր արյունահեղություն կլինի, թե ինչ կլինի, ժամանակը ցույց կտա: Բայց այս ամենը բերելու է լուրջ խնդիրների: Իզուր չէ, որ Իրանն այսօր 50-հազարանոց բանակ է դրել սահմանի վրա, զորավարժությունները վերջացել է, բայց տեղաշարժ չի անում: Իզուր չէ նաեւ, որ Իսրայելից բոլորը լցվել են Ադրբեջանի տարածք: Սա շատ լուրջ եւ վտանգավոր իրավիճակ է: Իսկ մեր ազգն ասում է՝ հեսա փրկիչը գալիս է, «պառաշոտով» իջնում է ինչ-որ մեկը: Առաջարկում եմ մեր ժողովրդի ինտելեկտուալ զանգվածին շատ լուրջ հետեւություններ անել: Չի կարելի իրար պաշտպանելով՝ ցեխ շպրտել, թե այս մեկն է հանձնել, մեկը բռնել է, մյուսը բերել է: Ամբողջ ազգի ճակատագրի հետ եք խաղում, ուղղակի, չի՛ կարելի, իրավունք չունեք: Շռայլություն է սա: Եթե այնքան անուղեղ եք, որ չեք գիտակցում, թե ինչ է կատարվում, կամ գիտակցում եք, միտումնավոր եք անում, պատվիրված հոդվածներից սկսած՝ վերջացրած մնացածներով, մի օր դրա համար պատասխան եք տալու: Մի անգամ պատասխան տվեցիք այդ կապիկությունների համար, հիմա ես ձեզ խոստանում եմ՝ մի անգամ էլ ավելի կոշտ եք պատասխան տալու: Ցավում եմ, որ մեր ազգում այդպիսի մտածելակերպով մարդիկ կան, թե ինչքան վատ, այնքան լավ: Հետեւապես, իշխանությունը կա՛մ պետք է խելքի գա, կա՛մ հեռանա՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Այն բացատրությունները, թե փող ունենք, չենք կարողանում զենք առնենք, զենք չեն ծախում, այդ ստերից էլ պետք է ձերբազատվել:
Ստեփանակերտ-Երեւան
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ