«Հրապարակ». Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 10-ին Բերդ համայնքում ավագանու նիստ է նշանակված, սակայն ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի 1-ին, 2-րդ եւ 36-րդ համարները, ինչպես նաեւ Բերդի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը կալանավորված են։
Ցուցակի 1-ին համարը` գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, արդեն 11 ամիս է՝ կալանավայրում է եւ հենց կալանավայրից է հաղթել ընտրություններում, իսկ 2-րդ համարը` Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, կալանավորվեց վերջերս հարուցված քրեական գործի շրջանակներում, ըստ որի՝ Սամվել Հովսեփյանը, Լեւոն Առաքելյանը եւ ցուցակի 36-րդ համար Հասմիկ Մելիքյանը հարկադրել են Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ԺՊ Աստղիկ Առաքելյանին, որ հօգուտ «Զորավոր համայնքի» քարոզչություն իրականացնի։ Հարուցված քրեական գործի հիմքում Աստղիկ Առաքելյանի ցուցմունքն է, ինչպես նաեւ գաղտնալսվել է Հասմիկ Մելիքյանի խոսակցությունը, սակայն Սամվել Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանի կարծիքով՝ նույնիսկ այդ ձայնագրությունը չի կարելի ապացույց համարել։
Հարցրինք՝ ի՞նչ նպատակ ունի քաղաքական հետապնդումը, ՔՊ-ն Բերդում ուզում է իշխանությո՞ւն զավթել, ինչպես դա եղավ Վանաձորի պարագայում, երբ հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը մինչ այժմ կալանավորված է, իսկ նրա փոխարեն Փաշինյանը համայնքապետի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին` Ակային։ «Ես չեմ բացառում այդ տարբերակը, ուղղակի գործի իրավական մասից կարող եմ խոսել։ Ձեր ասածը բացառված չէ՝ հաշվի առնելով, որ «Զորավոր համայնք» դաշինքի 1-ին համարը կալանքի տակ է, 2-րդ համարն արդեն կալանքի տակ է։ Գուցե, եթե քվորում չապահովվի, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, գուցե ամեն ինչ դրան է գնում, չեմ բացառում, որ այդ ամենը կա, ուղղակի եկեք ես գնահատականներ չտամ»,- ասաց պաշտպանը։
Ինչ վերաբերում է Հովսեփյանին կալանավորելու հիմքերին, ապա դատարանը կալանավորման հիմք է համարել Հովսեփյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը․ «Այսինքն, հաշվի առնելով իր պաշտոնեական դիրքը, լիազորություններն ու լծակները, վարույթն իրականացնող մարմինը ենթադրում է, որ Հովսեփյանն ազդեցություն կգործադրի իր ենթակայության տակ աշխատող անձանց նկատմամբ»։
«Հրապարակը» փորձեց զրուցել նաեւ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Առաքելյանի հետ, ում ցուցմունքի վրա է խարսխված այս գործը։ Նրան հարցրինք, թե Հասմիկ Մելիքյանը, Լեւոն Առաքելյանն ու Սամվել Հովսեփյանը, ովքեր իր ցուցմունքի հիման վրա կալանավորված են, ինչպե՞ս են փորձել իր վրա ճնշում գործադրել, արդյոք իրեն սպառնացե՞լ են, բռնությո՞ւն են կիրառել։ Սակայն Աստղիկ Առաքելյանը չպատասխանեց մեր հարցին՝ ասելով, որ իրեն հարմար չէ խոսել, տեղ պիտի մտնի, ու հայտնի էլ չէ, թե երբ կարող է խոսել։ Ապա անջատեց հեռախոսը։
Սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներով՝ «Զորավոր համայնք» դաշինքը մոտ 1500 ձայն ավելի է ստացել ՔՊ-ից։ Եվ մանդատները բաշխվել են այսպես․ «Զորավոր համայնք»՝ 11, ՔՊ՝ 8, «Արժանապատիվ սերունդ»՝ 2 մանդատ։ Մանուչարյանը կալանավորված է, ուստի չի կարող ներկա գտնվել եւ քվեարկել ավագանու նիստում, որտեղ համայնքապետ պետք է ընտրվի։ Կալանավորվեց նաեւ համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, ով ավագանու ցուցակի 2-րդ համարն է։ Այսինքն՝ Քննչական կոմիտեի միջոցով ուժերի հարաբերակցությունը դարձրին 9/10։
Եթե Հովսեփյանին չձերբակալեին, Մանուչարյանը կարող էր ինքնաբացարկ հայտնել, ցուցակից նոր մարդ կմտներ, եւ 11 ձայնով կընտրեին համայնքապետ։ Իսկ այսպես ամեն ինչ արվում է, որ իշխանությունը խլեն հաղթած ուժից։ Հոկտեմբերի 10-ին նշանակված է ավագանու առաջին նիստը, ԶՀ-ն, ըստ ամենայնի, չի ներկայանա նիստին, եւ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանա։ Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից, որը կողմ կքվեարկի իրենց թեկնածուին, եւ համայնքապետ կդառնա ՔՊ-ականը։ Հակառակ պարագայում՝ եթե այս սցենարը գլուխ չգա, 20 օրից Նիկոլ Փաշինյանն իր ուզած մարդուն կնշանակի համայնքապետի ԺՊ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
