«Ցերեկվա կառուցածը, գիշերը քանդվում է»
Ներքաղաքական
Աշխատանքային այցով նախորդ շաբաթ Հայաստանում էր գտնվում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Նա առանձնազրույց ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ապա համատեղ ասուլիսով հանդես եկան, այնուհետեւ տեղի ունեցավ ժամանած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը: Ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության` քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Եվ մինչ Հունաստանի ԱԳ նախարարը հայերի ականջը շոյող ու աջակցող հայտարարություններ էր անում Հայաստանում, Հունաստանում բացահայտել են Եվրամիության վարած իրական արտաքին քաղաքականության ողջ կեղտոտ սավանը:
Պարզվում է` գրեթե նույն ժամանակահատվածում, երբ Հունաստանի ԱԳ նախարարը գտնվում էր Հայաստանում, Սոֆիայում ջերմ հանդիպում են ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ Ադրբեջանի ագրեսոր նախագահ Իլհամ Ալիեւը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի քավորությամբ: Ահա սա է «Նոր ժողովրդավարությունը», ինչպիսին իշխող Հունաստանի կուսակցության անունն է: Անգամ հունական լրատվամիջոցների աչքից չի վրիպել իրենց երկրի նման երկդիմի քաղաքականությունը, եւ նրանք, զուգահեռելով Հունաստանի ԱԳ նախարարի եւ վարչապետի համապատասխան հանդիպումները Արարատ Միրզոյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, գլխագրերում նշել են. «Ցերեկվա կառուցածը, գիշերը քանդվում է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ