ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Մարիամ Մկրտչյանը բացառիկ արդյունքով նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը

Սպորտ

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճելը. «Երբ մեկնում էի աշխարհի առաջնության, ընդհանրապես չէի մտածում արդյունքի մասին: Չէի մտածում՝ արդյոք կկարողանա՞մ չեմպիոն դառնալ, թե՞ ոչ …. մտածում էի միայն այն մասին, որ պետք է լավագույնս հանդես գալ և առավելագույն միավորներ վաստակել: Տեղում արդեն մտածում էի միայն հաջորդ պարտիայի մասին և այնպես էր ստացվում, որ տուրից տուր հաղթում էի: Զգում էի, որ իմ հանդեպ վերաբերմունքն էլ փոխվել է, դահլիճում արդեն ավելի ուշադիր էին լինում իմ պարտիաներին, նայում էին, թե ինչպես էի խաղում, քանի որ 1957 թվականից ի վեր ոչ-ոքի չէր հաջողվել 11 անընդմեջ հաղթանակ տանել այս առաջնությունում: Այնպես որ, ինձ համար ևս արդյունքը շոկային էր»:

Մարիամ Մկրտչյանն ասում է՝ բոլոր 11 պարտիաներն էլ հետաքրքիր են ստացվել, իսկ մրցակցությունը բավական բարդ է եղել. «Շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթող ճանաչվել աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում: Ընդհանուր առմամբ բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր էին, իսկ յուրաքանչյուր հաղթանակով ավելի էի մոտենում չեմպիոնությանը: Մրցակցությունն իսկապես մեծ էր, մրցակիցներս ավելի փորձառու էին և նրանք էլ էին պայքարում մրցանակային տեղերի համար, այնպես որ բարդ էր: Նախկինում պատանեկան մրցաշարերի մասնակցության փորձ ունեի, սակայն վերջին տարիներին միշտ մի փոքր խանգարում էր և չէի կարողանում մրցանակային տեղ զբաղեցնել»:

Մարիամ Մկրտչյանի խոսքով՝ աշխարհի պատանեկան առաջնությունում ամենազգացմունքային պարտիան անցկացրել է Ադրբեջանի ներկայացուցչի դեմ սեպտեմբերի 13-ին, երբ իմացել է ՀՀ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին. «Հետևում էինք այն ամենին, ինչ կատարվում էր մեր հայրենիքում: Հենց հաջորդ օրը պետք է մրցեի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հոգեբանորեն շատ ծանր էր խաղին պատրաստվելը, որպեսզի այդ լարվածությունն ու մտքերը չխանգարեն ինձ հենց տախտակի առջև»:

Մարիամ Մկրտչյանն աշխարհի առաջնությունում տարած այս հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանը պահող զինվորներին:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա հունվարին է ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմում, երբ նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը: Ասում է՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ փետրվարից սկսել են մարզումներն ու նախապատրաստական շրջանը. «Բավական լուրջ աշխատանքներ ենք տարել՝ շեշտը դնելով հիմնականում սկզբնախաղերի և խաղային որակները բարելավելու վրա: Վերջին մրցաշարերում արդեն երևում էին այդ փոփոխությունները, ես կիրառում էի մեր նախապատրաստած նորույթներն ու շատ ուրախ եմ, որ ստացվեց լավ հանդես գալ»:

Նշենք՝ հոկտեմբերի 11-ից Մարիամ Մկրտչյանն Իտալիայում մասնակցելու է մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությանը: Ասում է՝ պետք է շարունակի պատրաստվել և լավագույնս հանդես գալ այդ ստուգատեսում:

Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ևս երկուսը վերջին տուրից առաջ հավակնում էին մրցանակային տեղերի, սակայն անմասն մնացին մեդալներից: Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում Էմին Օհանյանը վերջին տուրում պարտվել է Իսպանիայի ներկայացուցչին և 7,5 միավորով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Տարիքային նույն խմբում Արսեն Դավթյանն առավելության է հասել ղազախ Բեկսուլթան Մոլդաղալիի նկատմամբ և 7,5 միավորով գրավել է 9-րդ տեղը: Ալեքս Սահակյանն էլ հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Անտոն Զլատկովին ու վաստակած 7 միավորով գրավեց 18-րդ տեղը:

Մեդալի էր հավակնում նաև մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, սակայն վերջին տուրում պարտվել է և 7,5 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հայաստանն աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցել է 12 մարզիկով:

 
 
 
 
 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ