Վաղ թե ուշ իրադարձությունները կստիպեն տարածաշրջանում ռուս զինվորականներին կա՛մ հեռանալ, կա՛մ կռվել
Միջազգային
«Իրավունք»-ի զրուցակիցն է հայտնի միջազգային փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։
-2022 թ. օգոստոսի 30-ին, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն ասել է. «Ներկայումս, անհրաժեշտ քայլեր են ձեռնակվում ժամանակակից բանակի մոդելին, հատկապես Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին ադրբեջանական բանակի ադապտացման համար»: Ադապտացման գործընթացը դեռ ավարտված չէ՞։ Կարելի՞ է վստահաբար ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ղեկավարում էին թուրք գեներալները։
- Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է։ Այսօր համագործակցությունն իրականացվում է բացարձակապես բաց, մինչդեռ ադրբեջանական կողմը հաճախ նշում է, որ ինքն Էլ ինչ-որ բան արժե, ի տարբերություն մեղադրանքների, թե նա, այսպես ասած, թուրքական կցորդ է։ Սկզբունքորեն, ղարաբաղյան վերջին պատերազմն այս ամենը հստակ ցույց տվեց՝ ադրբեջանական բանակն ակնհայտորեն մեծացրել է իր ներուժը, և դա չընդունելը տարօրինակ կլիներ։ Տարօրինակ է, որ հայկական ռազմատեխնիկական զարգացումը կանգ է առել նման հարվածից հետո։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական բանակը ռազմական պահանջվող չափանիշներին հարմարեցնելու գործընթացը հեռու է ավարտվելուց, քանի որ իրականում, ինչպես միշտ, ի տարբերություն հայտարարությունների, դա արագ գործընթաց չէ։ Թուրք փորձագետները, ակնհայտորեն, խորհուրդ են տվել Բաքվի իրենց գործընկերներին նախքան պատերազմի մեկնարկը և դրա ընթացքում, բայց դա նույնպես սենսացիա չէ, հատկապես, որ հետպատերազմյան ադրբեջանա-թուրքական Շուշիի հռչակագիրը ամեն ինչ իր տեղը դրեց` Թուրքիան Ադրբեջանի առաջին, գլխավորն եւ առանցքային դաշնակիցն է: Միևնույն ժամանակ, հետաքրքիր է, որ թուրքական բանակն ինքը դեռ չի մասնակցել իրական ժամանակակից պատերազմին, և դժվար է դրա մարտական պատրաստվածությունը դատել առանձին ռազմական գործողություններով կամ ամսագրերի հրապարակումներով, նույնիսկ դրանք ամենալուրջ մակարդակի են: Ամեն դեպքում, եթե ելնում ենք քաղաքական ռեալիզմի դիրքերից, ապա պետք է ընդունենք ակնհայտը՝ ադրբեջանական բանակը լուրջ թշնամի է, առնվազն նմանատիպ «կշռային» կատեգորիաների մակարդակով։
-Վելիեւը եւս մեկ անգամ նշել է Հեյդար Ալիեւի «Մեկ ազգ, երկու պետություն» խոսքերը։ Կարելի՞ է ենթադրել, որ միութենական կամ միասնական պետություն ստեղծելու Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության մտադրությունը միանգամայն պարզ է դառնում։ Իսկ ինչպե՞ս պետք է դրան նայի Ռուսաստանը։
-Շատ է խոսվում «միասնական» պետությունների ստեղծման մասին, օրինակ, Ռումինիայի ու Մոլդովայի միջեւ, ինչպես նաև` Ռուսաստանի և Բելառուսի: Այնպես որ, ադրբեջանա-թուրքական զույգն այստեղ միայնակ չէ։ Բայց խոսելը մի բան է, իրականությունը բոլորովին այլ բան։ Եթե խոսենք ստեղծված իրավիճակի մասին, ապա Բաքուն ու Անկարան տարաձայնություններ չունեն։ Բայց Թուրքիայի ներսում միշտ ակտիվ հասարակական-քաղաքական գործընթացներ են ընթանում, ուստի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ԱՄՆ-ն ջանքեր չի գործադրի թուրքական գործոնն իր համար ավելի ընդունելի վիճակի և ձևաչափի մեջ բերելու համար։ Վերջին անգամ նման փորձեր տեսել ենք 2016 և 2013 թվականներին։ Եվ սրանից ուղղակիորեն կախված է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վիճակը։ Այս պատճառով էլ Բաքուն փորձում է չկորցնել Մոսկվայի հետ իր կայացած, փորձված կապերը։ Վաշինգտոնն ակնհայտորեն հոգնել է թուրքական ցուցադրական անկախությունից, և այն երկար չի հանդուրժի, հատկապես որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ռուսաստանը մատների արանքով է նայում ադրբեջանա-թուրքական միության վրա, թեև դա անելը գնալով դժվարանում է, սակայն Մոսկվան չի պատրաստվում խզել հարաբերությունները ո՛չ սրանց, ո՛չ էլ նրանց հետ։ Եվ վերջապես, հարկ է նշել այն ինչ Ռուսաստանի Դաշնությունում շատերը փորձում են չնկատել. երկու երկրների այս միավորումը սպասում է իրադարձությունների զարգացմանը հենց Ռուսաստանի շուրջ, որպեսզի կտրուկ մեծացնի իր ազդեցությունը տարածաշրջանում՝ հուսալով, որ այն կարող է դառնալ «անտեր»: Բայց սա քաղաքականություն է, ուստի այստեղ էլ սենսացիոն ոչինչ չկա։
-Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը, դե ֆակտո, իսկ հետո դե յուրե Թուրքիայի ամբողջական ազդեցության տակ, նույնպես կդառնա ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի անդամ։
-Տեսականորեն Ադրբեջանն, իհարկե, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց դրա համար, Արեւմուտքի տեսանկյունից, Բաքվում իշխանության պետք է բերվի այլ քաղաքական կազմավորում, այսինքն՝ բոլորովին այլ մարդիկ։ Առայժմ նման սցենարի հիմքը հասունացած չէ։ Բայց Բաքվի համար դեռ վտանգ կա, քանի որ եթե ԱՄՆ-ն որոշի Ադրբեջանի էներգետիկ ոլորտը դարձնել Եվրոպային սնուցող առանցքայիններից մեկը, ապա այստեղ հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության փորձի վտանգ կառաջանա։ Իրոք, հումքի նման այլընտրանքային, հակառուսական ուղղի ստեղծելու դեպքում և՛ Ադրբեջանը, և՛, ամենակարևորը, Թուրքիան, Վաշինգտոնի տեսանկյունից, պետք է լիովին զերծ մնան բոլոր տեսակի պատահականություններից և Արևմուտքին իրենց պայմանները թելադրելու փորձերից։
-Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի հավանական մուտքը ՆԱՏՕ սպառնալ առաջին հերթին այն երկրների անվտանգությանը, որոնց հետ Ադրբեջանը ցամաքային սահմանակից է. դրանք են Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Իրանը, իսկ Կասպից ծովի կողմից՝ Ղազախստանը և Թուրքմենստանը։
- Առայժմ նման հավանականություն չկա։ Ինչպես արդեն ասացի, Արևմուտքի տեսանկյունից դրա համար պետք է հասունանան կամ ստեղծվեն բավականին կոնկրետ քաղաքական պայմաններ։ Շատ բան կախված է Ուկրաինայի շուրջ այսօրվա գործընթացների զարգացումից։ Իսկ Արևմուտքը իր հաշվարկներից չի հանում հենց Հայաստանը, պարզապես սպասում է հարմար պահի։ Փաշինյանն, առաջին հերթին, Արևմուտքին չի բավարարում իր, այսպես ասած, ինֆանտիլիզմով. եթե մինչ վարչապետությունը նա մեծ մասամբ նման էր հակառուսական քաղաքական գործչի, ապա այժմ ծայրահեղ անվճռական է դարձել այս հարցում։ Ուստի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի վրա մեծ ճնշում գործադրելու կարիք չկա։ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հայտնվելը բավական է, և ցանկացած համադրությամբ՝ սկսած Վրաստանից։ Վաշինգտոնը շտապելու կարիք չունի, քանի որ 2022 թվականն ինքնուրույն շատ բան կկարգավորի: Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրներին, Ղազախստանին և Թուրքմենստանին, ապա այժմ Աֆղանստանը պատրաստ է հանդարտեցնել նրանց, այդտեղից ամեն պահի կարող են բացվել տարածաշրջանն ապակայունացնելու դարպասները։ Ի դեպ, այդտեղից էլ արմատական ուժերը նույն չափով կարող են սպառնալ նաեւ Իրանին։
- Շնորհավորելով թուրքերին Դումլուփինարի ճակատամարտի 100-ամյակի առթիվ՝ Ալիևը, թուրք-ադրբեջանական դաշինքի և Շուշիի հռչակագրի հիշատակմամբ, միանշանակ ասում է, որ Բաքուն միայնակ չի թողնի Անկարային Աթենքի հետ առճակատման մեջ և կկատարի իր դաշնակցային պարտավորությունները։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ոչ մի կերպ չի պաշտոնականացվում Հայաստանի միությունը Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի հետ։ Ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի արձագանքը Ալիեւի նման դարձվածքներին։
- Հայաստանի և այս կամ այն պետության միջև որևէ դաշինք չի կարող իրականացվել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության շրջանակներից դուրս։ Եվ ոչ այն պատճառով, որ Հայաստանն, իբր, լիովին կախյալ է՝ գտնվելով «Ռուսաստանի տակ»։ Պարզապես Հայաստան-Ռուսաստան զույգը մոտավորապես նույն միավորումն է, ինչ Ադրբեջան-Թուրքիա, և չի կարող չհամակարգված, կտրուկ արտաքին քայլեր անել։ Նույնն է, օրինակ, եթե Բաքուն ինչ-որ համաձայնագիր կնքեր ԱՄՆ-ի հետ՝ շրջանցելով Անկարային։ Միջազգային խնդիրների ողջ սպեկտրի վերաբերյալ Բաքվի հայտարարություններն այնքան էլ չեն անհանգստացնում Անկարային և Մոսկվային, քանի որ Անկարան դրանց մասին նախապես գիտի, իսկ Մոսկվան հասկանում է, որ իրականում Ադրբեջանը դեռևս չի հարձակվել ոչ քրդերի, ոչ լիբիացիների, ոչ էլ որևէ այլ տեղ։ Պարզ ասած, Թուրքիան այս հարցում դեռ պահպանում է Ադրբեջանին որպես դաշնակցի՝ փորձելով չդնել վերջինիս այն իրավիճակի մեջ, որից ելք չկա։ Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան կարողանում է կառավարել իր բոլոր օպերատիվ ոլորտները։ Հունաստանն առանձին ուղղություն է, որն արժանի է հատուկ ուշադրության, հաշվի առնելով, որ այնտեղ ամերիկյան բազաները ակնհայտորեն ամրապնդվում են, և դա արվում է այն ակնկալիքով, որ Թուրքիային հանդարտեցնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։
- Արդյո՞ք դա Ռուսաստանը ենթադրում էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակը ղարաբաղյան երկրորդ պատերազմում այնքան կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, որ նա ստիպված կլինի անընդհատ փոխել խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը, և արդյունքում վստահություն չկա, որ 2025 թվականին ռուս խաղաղապահները չեն լքի Հարավային Կովկասը։
-Ռուսական դիրքորոշումները կախված են ռազմաքաղաքական գործոնների մի ամբողջ համալիրից, և ոչ միայն ղարաբաղյան պատերազմի արդյունքներից։ Եվ երբ այդ գործոնները գրեթե միաժամանակ դրվում են միմյանց վրա, իրավիճակը բոլորովին այլ է ստացվում, երբեմն՝ բոլորովին անցանկալի։ Բացի 2022 թվականի իրադարձություններից, հիշեցնեմ, որ նույն 2020 թվականին, երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը, Բելառուսում լուրջ ապակայունացում էր։ Այսինքն՝ ղարաբաղյան գործընթացների վրա ռուսական ազդեցության լծակներն այնքան էլ շատ չեն, և դա կարևոր է հայկական կողմի համար։ Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ չէ, և այս տեսանկյունից նրա հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն։ Ուստի չարժե, որ առանձին հայկական ուժեր իրենց ձեռքով փլուզեն իրավիճակը։ Առնվազն, քանի դեռ նույն Ֆրանսիայում թույլ նախագահներին վերջ չկա։ Կարծում եմ, եթե հանկարծ Ֆրանսիայում հայտնվեր ուժեղ արևմտամետ առաջնորդ, Ռուսաստանը ակնթարթորեն խնդիր կունենար Ղարաբաղի հետ, իսկ Երևանը կգնար դեպի Արևմուտք։ Մինչեւ 2025 թվականը, ինչպես ասում են, շատ ջուր կհոսի, արյուն կհոսի, իսկ Ղարաբաղի շուրջ իրավիճակը էլ ավելի կսրվի։ Վաղ թե ուշ իրադարձություններն իրենք կստիպեն տարածաշրջանի ռուս զինվորականներին, ի լրումն մնացած բոլոր «հրդեհների», կա՛մ հեռանալ, կա՛մ կռվել։ Առայժմ զորախումբը ձգտում է ամեն կերպ խուսափել դրանից։
Սարգիս Սարգսյան
Մոսկվա-Երևան