Այս մեկուկես, երկու ամիսն ինչի՞ վրա է ծախսվել. Արմեն Բադալյան
ԹեմաԸստ քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ` որքան էլ տարօրինակ լինի, գագաթնակետը «Դիմադրություն» շարժման եղել է ապրիլի 24-ին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ մեծ երթ կազմակերպեցին դեպի Ծիծեռնակաբերդ: Նրա գնահատմամբ` այդ ժամանակ թվում էր, թե շարժումը մեծ աջակցություն է ունենալու:
— Բայց մայիսի 1-ից սկսվեցին քաղաքացիական անհնազանդության ակցիաները, եւ այդտեղից էլ սկսվեց շարժման դոփումը տեղում: Տպավորությունն այնպիսին էր, թե մեկ շաբաթվա կամ 10 օրվա գործողությունների ծրագիր էր: Այդ ժամանակ լրատվամիջոցները, տարբեր ակումբներ ներկայացնում էին ապագայի անելիքները, սակայն տեսանք, որ «Դիմադրության» շարժումը ականջալուր չեղավ, չհետաքրքրվեց զարգացման այդ ծրագրերով եւ գնալով թուլացավ: Եկավ հունիսի վերջ, հուլիսի կեսը, եւ արդեն հասկանալի էր, որ այլեւս անհնար է վրանային քաղաքը պահել: Վրանները հանվեցին, եւ շարժումը դադարեցվեց, ավելի ճիշտ, այսպես ասած, ընդմիջում վերցվեց: Քաղաքական տրամաբանությունը հուշում էր, որ քաղաքական ընդմիջում վերցնելով՝ շարժման ղեկավարները պետք է ուսումնասիրեին ընթացքում նկատված սխալներն ու վրիպումները, փորձագիտական գնահատականները, առկա քննադատությունը եւ համապատասխան գործողություններ իրականացնեին: Մասնավորապես, ես ու մի քանի փորձագետներ մի երկու-երեք ամիս առաջ նշել էինք, որ շարժումը պետք է վերածվի ինստիտուցիոնալ կառույցի: Այսինքն, նախ պետք է հստակ դառնար, թե «Դիմադրության» շարժումը որպես կառույց իրենից ինչ է ներկայացնում: Բայց այդպես էլ հասկանալի չեղավ, թե ինչ է: Հասկանալի է, որ այն ղեկավարում է ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանը: Սկզբում կար ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հետո չկար, ՀՀԿ-ականները կան, բայց նրանք մի քանի գործիչներ են: Այսինքն, ինչ կապ ունեն իրար հետ, կազմակերպչական ինչ կառուցվածք ունեն, ինչ ղեկավար մարմին ունեն, այդպես էլ պարզ չդարձավ:
— Բայց ի հակադրություն դրա` չե՞ք կարծում, որ իշխանությունն էլ անհասկանալի վիճակում է:
— Հասարակությունը տեսնում է մի կողմից իշխանություն, որը ինստիտուցիոնալ կառույց է՝ կառավարություն, Ազգային ժողով, գործադիր, ՔՊ, որը դե ֆակտո նիստեր է անում, այլ ոչ թե դե յուրե ոստիկանություն, կրթական համակարգ եւ այլն: Այս բոլորը դիտվում են, որպես ուժ, ՔՊ ենթակայության տակ գտնվող մարմիններ եւ ՔՊ-ական կառույցներ: Հասկանալի է, որ դրան պետք է հակադրվի նույնպես ինստիտուցիոնալ հակառակ ուժ, որպեսզի հակակշռի ու ներկայացնի խնդիրների այլընտրանքային լուծումներն ու մեկնաբանությունները: Դրա համար եմ ասում, որ կարիք կար հստակեցնելու, թե որ քաղաքական ուժերն են մտնում «Դիմադրության» շարժման մեջ, ով՝ ինչի համար է պատասխանատու: Երբ դու հստակ ու ճիշտ չես ներկայացնում քո մտադրությունները, միշտ ի հայտ է գալիս չհասկացվածությունը: Ընդմիջում վերցնելուց առաջ «Դիմադրության» շարժումը, ասում էր, թե քննարկումներ, վերլուծություններ պետք է անեն ու թեժ աշուն էր խոստանում, սակայն սեպտեմբերի 2-ի հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե հիմա են պատրաստվում քննարկումներ անել: Այդ դեպքում հարց է առաջանում, թե այս մեկուկես, երկու ամիսն ինչի՞ վրա է ծախսվել: Սեպտեմբերի 2-ը պատահական օր չէր, Արցախի անկախության օրն էր: Բայց ինչ տեսանք. հանրահավաքի բավականին քիչ մասնակից կար: Սա նշանակում է, որ «Դիմադրության» շարժումը մեկուկես ամիսն ուղղակի վատնել է:
