Է՞ս եք դուք եղել, արա՛, իսկ ես ձեզ լուրջ էի ընդունում. Մանվել Եղիազարյան
Ներքաղաքական
«Ինչ ճանապարհ էլ ընտրեք, պատրաստ եմ այդ ճանապարհին մինչեւ վերջ կանգնել՝ միայն թե այս իրավիճակից դուրս գանք», - «Արաբո» հայրենասիրական կազմակերպության համաժողովի ժամանակ հայտարարեց համանուն ջոկատի հրամանատար, արցախյան բոլոր պատերազմների մասնակից ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:
«Արաբո»-ն մեկ հարկի տակ էր մեկտեղել բոլոր համախոհներին, ովքեր, ըստ հրամանատարի, գիտակցում են, որ այս երկրում ապրելու համար պետք է եղան ունենալ, իսկ եթե քո դեմ կանգնած է եղանով վայրենի, ուրեմն՝ պետք է հակադիր եղան ունենալ, թե չէ՝ գիշերը քեզ կեղանահարի: Հակառակ դեպքում՝ մենք կնմանվենք այն անասունին, որի ձագին աչքի առաջ մորթում են, մի անգամ բառաչում է, գլուխը թեքում եւ սկսում է նորից արածել: «Իրավունքի» հետ զրույցում Մ. Եղիազարյանն ասաց, որ անտարբերությամբ եւ բամբասանքով տանուլ ենք տալիս Արցախը, ու եթե այսպես շարունակվի, հաջորդն էլ Զանգեզուրն ենք տանուլ տալու:
«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՈՉԽԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ԱՌՅՈՒԾ ԼԻՆԻ, ՔԱՆ ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ՝ ՈՉԽԱՐ»
— Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված իրավիճակը՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին մարտահրավերների առումով:
— Այսպես հիմար ձեւով վարվել Հայրենիքի հետ չի կարելի: Այս Հայրենիքն իմ ու բոլորիս տունն է, բայց ինչ-որ մի կեսախելագար նստել է ու ստորագրելով՝ տալիս է այն սրան-նրան: Ի՞նչ ես ստորագրում, ո՞ւմ ես տալիս: Դրա համար մենք հավաքվել ենք, որպեսզի հարց տանք ինքներս մեզ՝ մենք մենա՞կ ենք, թե՞ միասին, որովհետեւ այս իրավիճակը պետք է շտկվի: Ամեն անգամ ասում են՝ ժողովուրդը մեղք է, սոված է, է՛հ հասկացանք, բայց ժողովրդից շատ ես եմ տանջվել: Ամեն ինչ արել ենք, որ Հայրենիք դառնանք, որ այսօր սարքենք տորթ կամ լեշ ու տանք ուտեն, պրծնե՞ն: Հայրենիքը սիրելը շատ քիչ է, պետք է պայքարես Հայրենիքի համար: Եվ այստեղ ժողովրդի կարծիքը չպետք է հարցնենք, որովհետեւ ժողովուրդը շատ բան չի որոշում, չգիտի՝ ինչ է ուզում: Մենք պետք է գնանք նորից Հայաստանը կառուցելու ճանապարհով:
— Դուք այս համաժողովով ազդարարեցիք պայքարի մասին: Ի՞նչ գործողություններ են հաջորդելու՝ իշխանափոխության հասնելու համար հանրահավաքնե՞ր եք անելու, թե՞ Ձեր գործը սահմանում եք տեսնում:
— Եթե պետությունը չի ուզում մարտնչել, ոչ ոք չի կարող պատերազմել, որովհետեւ նրանք անընդհատ քեզ խանգարելու են, չեն օգնելու: Դրա համար գնալը սահման ու պատերազմելը, առանց իշխանության եւ պետության, միֆ է: Իհարկե, հենց հիմա էլ մեր տղաներից կան սահմանին կանգնած, բայց վաղն այդ տղաներին կարող են ասել, որ մի կմ հետ քաշվեն: Ի՞նչ պետք է անեն, հետ պետք է քաշվեն: Պետք է ամուր երկիր ունենաս, որ կարողանաս երկիրդ տանել մարտի: Ուստի՝ տեղին ասված, որ ավելի լավ է ոչխարների հրամանատարն առյուծ լինի, քան առյուծների հրամանատարը՝ ոչխար: Մենք պետք է առյուծ հրամանատար ձեռք բերենք, որին կվստահի հայ ժողովուրդը եւ կգնա դեպի հաղթանակ: Թող չհավատան, հավատան միայն Աստծուն, բայց թող վստահեն: Իսկ այդպիսի հրամանատարներ մենք շատ ունենք ու, փառք Աստծո, շատ լավ զինվորներ ունենք: Հայ տղամարդիկ ի ծնե զինվորներ են, բայց կազմակերպող չկա:
«ՉԳԻՏԵՄ ՝ ԻՆՉՊԵՍ ԵՎ ԵՐԲ, ԲԱՅՑ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ Է»
— Ինչպե՞ս եք պայքարելու իշխանափոխության հասնելու համար, եւ ո՞վ կարող է լինել Ձեր ասած այդ «առյուծ հրամանատարը»:
— Ես այսօր չգիտեմ ՝ ինչպես եւ երբ, բայց իշխանափոխությունը պարտադիր լինելու է: Ուղղակի, այսօր չունենք այդ մարդը, որի հետեւից գնանք: Ընդդիմադիր դաշտում մարդիկ կան, որոնք ունեն իրենց վարկանիշը, բայց այն բավական չէ, որ ժողովրդին տանեն իրենց հետեւից: Այնպես են խառնել քաղաքական, հասարակական կյանքը, որ ոչ ոք ոչ մեկին չի հավատում, բայց սա ժամանակավոր է: Մի գեղեցիկ օր համախմբվելու են: Պարզ ասեմ՝ մենք ընտրելու ենք չարիքի փոքրագույնը՝ ով ուզում է լինի, թեկուզ ամենամեծ թալանչին լինի, միայն թե նպաստի Հայրենիքի փրկմանը, առաջինը կբարձրաձայնեմ նրա արձանը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռան վրա դնելու մասին:
— Համաժողովի ժամանակ Դուք էլ համախմբման կոչ արեցիք, իսկ ինքներդ պատրա՞ստ եք համախմբվել այլ քաղաքական, հասարակական ուժերի շուրջ:
— Ես զինվոր եմ, ինձ համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ շարք կկանգնեմ: Ինքս ասում եմ՝ առաջնորդեք, մենք գանք ձեր կողքը կանգնենք՝ միայն Հայաստանը կարգի բերելու նախապայմանով, մնացածն ինձ հետաքրքիր չէ: Մենք ոչինչ չենք ուզում, հիմա նորմալ, հայրենասեր մարդը աթոռ ու իշխանություն չի ուզի, որովհետեւ իր սխալներով Հայրենիքը կարող է լրիվ կործանվել: Այսօր վախենալու է իշխանության գալը եւ ոչ էլ մեր մտքով անցել է: Պարզապես, մենք ուզում ենք երկիր ունենալ, դրա համար պայքարելու ենք:
— Փաստորեն, այն, ինչ պետք է աներ ու չի անում Երկրապահ կամավորական միությունը, փորձում է անել «Արաբո՞ն»:
— Այո, Երկրապահը պարտավոր է, ազատամարտի մասնակիցները պարտավոր են վեր կենալ ու ընդզվել: Հարց եմ տալիս՝ է՞ս եք դուք եղել, արա՛, իսկ ես ձեզ լուրջ էի ընդունում: Երկիրը ավերվում է, կործանվում է, քրքրվում է, դուք դեռ տապ եք արել ու նստել: Ամեն մեկը լեզուն իրեն է արել, որովհետեւ մեկին մի երշիկ են տվել, մյուսին` մի սեփականություն, որ ձայները կտրեն, վեր ընկնեն տեղները: Էլ չգիտեն, որ իրենք ավելի մեծ մեղավոր են, քան այն մարդիկ, որոնք ծախում են երկիրը: Դու քո ապրանքին տեր չես կանգնում, բնական է, քո ձեռքից խլելու են, ու այսօր այդ պրոցեսն է գնում: Բայց այսօր ազատամարտի շատ տղաներ ուշքի են գալիս, եւ ինչպես ասում են՝ սպասում են «կամանդի»: Տեսնենք, ավելորդ բաներ չասեմ, ինքս չեմ պատկերացնում, թե ինչպես է սկսվելու ռեւանշը, բայց եթե ցանկություն կա, այն 100 տոկոս կլինի: Կարեւորը՝ մենք վստահ ենք, որ անելու ենք:
«ՀԻՄԱ ԷԼ ՄԻ ՄԱՏԱ ՀԱՐԻ ԿՃԱՐԵՆ, ՈՐԻ ՎՐԱ ԿԲԱՐԴԵՆ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ»
— Պատերազմում զինվորական պաշտոնեական անփութությունների համար քրեական գործեր հարուցվեցին նախ ՊԲ նախկին հրամանատար, այժմ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի, ապա` Արցախի ՊԲ նախկին նախարար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի նկատմամբ, ով զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Պատերազմի ժամանակ մենք եղել ենք Ջրականի առաջնագծում, հետո տեղափոխվել ենք «Մարունի-2», ոչ մի անգամ շտաբում չեմ եղել: Մի անգամ եմ Ստեփանակերտի միջով անցել, երբ գնում էինք Շուշի, ընդ որում՝ նոյեմբերի 8-ն էր, երբ այդ օրը Նիկոլը ստորագրեց ղազագիրը: Այնպես որ, դժվարանում եմ գնահատական տալ: Ամեն դեպքում՝ միշտ պատմության մեջ այդպես է եղել՝ ինչ-որ մի կուրտիզանկա Մատա Հարի է ճարվել, որին դատել են ֆրանսիական պատերազմը տանուլ տալու համար: Այդ Մատա Հարին ֆրանսուհի էլ չէր, դատեցին որպես լրտեսի ու վերջացավ ամեն ինչ: Հիմա էլ մի Մատա Հարի կճարեն, որի վրա կբարդեն ամբողջ մեղքը՝ մինչեւ կգա այն մարդը, որը ստեղծի մի պետություն, որտեղ կողք կողքի կշարի բոլորին ու կասի՝ կենդանինե՛ր, ձեր ստամոքսի համար հազարավոր մարդիկ են զոհվել: Այսօր բամբասում են ամեն ինչի մասին: Էն խեղճ արցախցիների վերաբերյալ ինչ ասես՝ ասում են: Եթե Արցախում կա մի 20 տականք, արցախցիներին ինչո՞ւ են ատում, Հայաստանում չկա՞ն այդ տականքները, վաղն էլ Զանգեզո՞ւրն են ատելու: 44-օրյա պատերազմի ժամանակ 750 զոհ են տվել արցախցիները, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում, որովհետեւ մարդիկ կհասկանան, որ արցախցիներն էլ են կռվել: Այդ խուճապի, անկազմակերպ վիճակի մեջ մարդիկ պատերազմում էին: Մեկ էլ տեսնում ես, որ հեռուստատեսությամբ ինչ-որ մարդիկ ասում են, թե 44 օր պատերազմեցինք ու ոչ մի պետություն մեզ ի պաշտպանություն՝ ձայն չբարձրացրեց: Հարց եմ տալիս ՝գուցե պետությունները գիտեի՞ն, որ մարմնավաճառին տվել են գումարը եւ ինչ ասում են՝ անում է: Դրա համար մեզ չէին պաշտպանում: Մեզ վաճառել են, տղե՛րք: 44 օր ռմբակոծության տակ կանգնած՝ ուղղակի դառնում էինք դիակ: Շատերի դիակները չէինք կարողանում հավաքել, ամեն մեկը մի տեղ մնաց, ով որտեղ է սպանվել, ոչ ոք տիրություն չէր անում: Նռնականետին արկ չկար, որ կրակեինք: Ամեն ինչ արհեստական սարքել էին, որ հայ տղամարդու պատիվը զրոյացնեն: Դե հիմա էլ կբերեն թուրքերին, որոնք իրենց փողերով ման կգան, իսկ սոված-ծարավ հայ տղամարդուն, որը կոպեկ չունի, ոչ ոք չի հարգի: Այսպես՝ կամաց-կամաց մեր ազգային պատկերը կհավասարվի գգետնին, մեզ կոչնչացնեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ