«ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՔ ՊՐԵՄԻԵՐԱ ԿՈՒՆԵՆԱՄ». ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ:
— Սեպտեմբերից սկսվում է նոր թատերաշրջանը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ի՞նչ նոր պրեմիերաներ են սպասվում:
— Նոր թատերաշրջանը պետք է սկսենք երկու պրեմիերայով: Առաջինը` սեպտեմբերի 10-ին Դերենիկ Դեմիրճյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված «Քաջ Նազարն է»: Երկրորդը՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Երազների աշխարհում» պիեսի բեմադրության պրեմիերան կկայանա սեպտեմբերի 16-ին:
— Նախկինում անդրադարձել եք «Քաջ Նազարի՞ն»:
— Այո, բայց այս անգամ այն նորովի է ներկայացվելու հանդիսատեսին: «Քաջ Նազարը» բեմադրել եմ ավելի քան 20 տարի առաջ Պատանի հանդիսատեսի թատրոնում, բայց Պարոնյան թատրոնի տարբերակը լրիվ ուրիշ է եւ բացարձակ կապ չունի նախկին բեմադրության հետ:
— Իսկ ինչո՞վ է տարբերվում:
— Փակագծերը չեմ ուզում բացել: Եկեք, նայեք եւ կտեսնեք: Այնպես չի, որ հատուկ նստել, մտածել եմ ուրիշ տեսակ անելու մասին: Ինչպես իմ ենթագիտակցությունը հուշել է, այդպես էլ բեմադրել եմ: Ընդամենը կասեմ, որ տեքստը բացառապես Դեմիրճյանի տեքստն է, եւ բացի կրճատումներից՝ պիեսում ոչ մի խմբագրում չկա:
— Քաջ Նազարի դերում ո՞վ է հանդես գալու:
— Իշխան Ղարիբյանը, որին ընդունեցինք թատրոն հենց այդ դերակատարման համար եւ, բնականաբար, նա կմնա թատրոնում:
— Հրազդանի թատրոնում եւս պրեմիերա է սպասվում, կմանրամասնե՞ք:
— Այո, զուգահեռ Հրազդանի թատրոնում էլ բեմադրություն արեցի: Պրեմիերան սեպտեմբերի 5-ին կկայանա: Բեմադրել եմ մեր շատ սիրված, հարգված դրամատուրգ Սամվել Խալաթյանի «Թվացյալ երկրի բնիկները» պիեսը: Այնպես որ, սեպտեմբերին երեք պրեմիերա կունենամ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
