Պրեմիերա Կամերայինում․Արա Երնջակյանը ներկայացնում է «Ծննդյան վկայականը»
ՄշակութայինՈ՞րն է հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությունը, որո՞նք են գլխավոր նպատակները, ի՞նչ ուղղությամբ պիտի առաջ շարժվել և որո՞նք են հիմնական խոչընդոտներն այդ ճանապարհին՝ այս հարցերի շուրջ կարելի է երկար մտորել, քննարկել, բայց արդյո՞ք դրանց պատասխանները սահմանված են ու ընդունելի են բոլորի համար։
Երևանի պետական կամերային թատրոնում այս թեմաների շուրջ զրույցները տարել են մինչև հայ ազգի ծնունդ և բերել հասցրել մինչև մեր օրեր՝ պատմական փաստերը, վկայությունները և դրանց շուրջ քննարկումներն ամփոփելով նոր ներկայացման մեջ։ Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանի բեմադրած «Ծննդյան վկայական» ներկայացման պրեմիերային ներկա է եղել նաև BRAVO.am-ը, լուսանկարել է բեմում ու հետնաբեմում, ինչպես նաև զրուցել հեղինակի ու դերասանների հետ՝ լսելու նրանց մտքերն ու մեկնաբանությունները։

«Սա մի վերլուծական խոսակցություն է հանդիսատեսի հետ, որտեղ փորձում ենք հասկանալ՝ ով ենք մենք։ Խնդիրն այն է, որ մենք հիմա շատ ծանր ու անորոշ իրավիճակում ենք գտնվում, անվստահություն կա բոլորիս մեջ։ Դա շատ վատ հետևանքների կարող է բերել և բերում է, շատերը գնում են երկրից։ Ես հիշում եմ՝ ժամանակին մենք հպարտանում էինք, որ հայ ենք, ամեն կերպ ու մի քիչ էլ մեծախոսությամբ ներկայացնում էինք, որ մեր ջուրն ամենալավն է, մեր կոնյակն ամենալավն է և այլն։ Հիմա դրա հակառակն է՝ մյուս ծայրահեղության մեջ ենք ընկել։ Բայց իրականում հայը մնում է հայ, մենք երեկ էլ էինք նույնը, այսօր էլ, և վաղն էլ ենք նույն հայը լինելու։ Դրա համար միտք առաջացավ հասկանալ՝ ով ենք մենք, ինչպես ենք հայտնվել այս երկրագնդի վրա և ինչ առաքելություն ունենք ի վերջո։ Այդպիսի շատ բարդ ու անհամեստ հարցադրումներ են»,- կեսկատակ ասում է ռեժիսորը՝ Արա Երնջակյանը։
Բեմադրության մեջ ընդգրկված են դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Ներսես Մարկոսյանը, Ժորա Մարտիրոսյանը, Անի Լուպեն և Սոնա Մաթևոսյանը․«Եթե ներկայացումը քիչ թե շատ հետաքրքիր է հանդիսատեսի համար, ապա դա հիմնականում դերասանների խաղով է պայմանավորված (ժպտում է,- հեղ․)։ Բոլոր բացասական մասերն իմն են, դրա պատասխանատվությունը ես եմ կրում միանշանակ»,- անկեղծանում է ռեժիսորը։
https://bravo.am/news/76723
