Այլեւս օրհասկան է գործել ու պարտադրել մեզ համար կյանքի ճանապարհ համարվող միջանցքի գործունեության պահպանման համար անհրաժեշտ մեր պայմանները. «Հանուն Արցախի պաշտպանութան»
Թեմա«Հանուն Արցախի պաշտպանութան» շարժումը հորդորում եւ կոչ է անում Արցախի խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին եւ բազմաթիվ հասարարակական կազմակերպությունների հավատարիմ մնալ 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած հայտարարությանը, որը մեծ ոգեւորությամբ ողջունվել է համայն հայության կողմից:
Մասնավորապես՝
1. Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:
2. Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաեւ դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:
3. Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով:
4. Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:
Ուստի՝ անհրաժեշտ ենք համարում, որպեսզի բոլոր միջոցներով` այդ թվում նաեւ ժողովրդական ճնշման միջոցով ստիպել, որպեսզի ՀՀ իշխանություններն ու վարչապետը պետությունների ղեկավարների մակարդակով, ՀՀ-ն Արցախին կապող նոր ճանապարհի վերաբերյալ նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրեն, որտեղ հստակ նշված կլինի նոր երթուղու վերաբերյալ միջանցքային տրամաբանությունը` այդ թվում նաև միջանցքի իրավական ռեժիմը, պարամետրերը, անվտանգության երաշխիքները, ինչպես նաև Ադրբեջանի վրա հստակ պարտավորություն դրվի՝ միջանցքի անխափանության ու անխոչընդոտության վերաբերյալ:
Անհրաժեշտ ենք համարում նաեւ, որպեսզի նոր միջանցքով անցկացվի Հայաստանի Հանրապեության հետ Արցախի հաղորդակցական և ենթակառուցվածքային ուղիները` գազ, էլեկտաէներգիա, կապ, համցանց: Համոզված ենք, որ մինչև չլինի նոր եռակողմ փաստաթուղթ նոր երթուղու վերաբերյալ, մենք որևէ երաշխիք չունենք, որ այդ ճանապարհը կգործի միջանցքային տրամաբանությամբ ու կարող է անխափան և անխոչընդոտ կապ ապահովել Հայաստանի ու Արցախի միջեւ՝ քանզի այս միջանցքը մեր համար գոյաբանական նշանակություն ունի: Բանավոր որեւէ պայմանավորվածություն չի կարող երաշխիք լինել: Այսօր մենք կանգնած ենք Արցախի փաստացի շրջափակման շեմին, ուստի՝այլեւս օրհասկան է գործել ու պարտադրել մեզ համար կյանքի ճանապարհ համարվող միջանցքի գործունեության պահպանման համար անհրաժեշտ մեր պայմանները:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
