Վառվառա Շմիկովա․ Այն, ինչ իմն է, ինձնից երբեք չի փախչի
ՄշակութայինԻնչը կարող է ավելի հաճելի լինել, քան շաբաթ օրվա առավոտը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ռուս դերասանուհի Վառվառա Շմիկովայի հետ անցկացնելը: Մեծ նկարչի արվեստանոցում Bravo.am-ի համար խոսեցինք ամեն ինչից՝ բամբասեցինք կանացի թեմաներով, հասկացանք սիրո կարեւորությունը, հիշեցինք նրա ֆիլմերի նկարահանումների հուզիչ ընթացքը, անդրադարձանք Հայաստանի ու Սարյանի մոգական ուժին:
- Վառվառա, Ձեզ հետ հանդիպել ենք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում՝ իմ, ինչպես պարզվեց, նաեւ Ձեր սիրելի վայրերից մեկում: Ինչպե՞ս եք այն բացահայտել Ձեզ համար:
- Առաջին անգամ մարտին եմ եղել այստեղ, Երեւան էինք եկել եւ առաջին 2 օրը բնակվում էինք Սարյան փողոցում, չէինք կարող չլինել թանգարանում: Ինձ անչափ դուր է գալիս նկարչի տեսլականը, գույները, նա հեքիաթային Հայաստան է բացում քո առաջ: Սա պարզապես թանգարան չէ, տան հաճելի տպավորություն է թողնում ու շատ ջերմ է: Հիանալի է, որ այսօր նորից Սարյանի թանգարանում ենք:
-Իսկ նրա աշխատանքներից ո՞րն եք ամենաշատը հավանում:
- Իմ ամենասիրելի նկարը «Քայլող կինն» է՝ ձեռքին մատուցարան: Այդ նկարով հեռախոսի պատյան ունեմ:
- Հայաստանում արդեն 3-րդ անգամ եք, ի՞նչն է Ձեզ նախորդ 2 անգամներն ու այս ամռանը բերել Երեւան:
- Առաջին անգամ մեր թատրոնի՝ «Իյուլանսամբլի» հետ 2019-ին հյուրախաղերի էինք, մեր վարպետ Վիկտոր Ռիժակովը մտերիմ է Ռուբեն Բաբայանի հետ, այցելել ենք Պատանի հանդիսատեսի թատրոն ու այնտեղի երեխաների համար վարպետության դաս անցկացրել: Ապա ներկայացում ենք խաղացել Ստանիսլավսկու անվան թատրոնում: Առաջին տպավորություններս այնպիսին էին, ասեք Եվրոպայում լինեինք: Մինչ այդ շատ անգամներ եղել էի Վրաստանում, ու թվում էր՝ Երեւանը նման կլինի Թբիլիսիին0: Միշտ նման մրցակցային կարծրատիպ կա, թե այդ երկու երկրներից որն է ավելի լավը, բայց զարմանալիորեն ինձ համար այդ մրցույթում հաղթեց Հայաստանը: Թեեւ շատ եմ սիրում Վրաստանն ու այնտեղ շատ հարազատ մարդիկ կան, առաջին հարսանիքս էլ այնտեղ ենք անցկացրել:
- Միգուցե երկրորդն էլ Հայաստանում կազմակերպե՞ք (ծիծաղում ենք - հեղ.):
- Հնարավոր է, քանի որ անչափ հավանում ենք Հայաստանը, բայց պետք է հասկանալ, թե բարեկամներին ու հյուրերին ինչպես ենք բերելու այստեղ: Մարդիկ շատ բացսիրտ են, պատրաստ միշտ օգնել, բախտներս այդ առումով շատ է բերել: Առաջին անգամ 2 օրով էինք եկել, բայց քանի որ Մոսկվայում գործեր չունեինք, մեկ շաբաթ մնացինք, մեքենա վարձեցինք ու ինքներս էին շրջագայում, եղանք Դիլիջանում ու Սեւանում: Այնքան էինք ամեն ինչ հավանել, որ ցանկացանք ամռանը նորից գալ: Ամուսինս՝ Դանյան այստեղ չէր եղել, նա էլ սիրահարվեց Երեւանին, ինչպես եւ որդիս՝ Կորնեյը, նա չի էլ ուզում մեկնել, քանի որ այստեղ ամեն ինչ երեխաների համար է: Հաճելի է, որ փոքրիկների նկատմամբ այդքան ուշադիր ու հոգատար վերաբերմունք կա:
- Այնպես ստացվեց, որ ներկա եղաք նաեւ «Ոսկե Ծիրանին» ու դիտեցիք Ձեր մասնակցությամբ «Չայկովսկու կինը» ֆիլմը:
- Պատահաբար իմացա, որ այստեղ գտնվելուս ընթացքում կինոփառատոնի օրերն են եւ ցուցադրվելու է Կիրիլ Սերեբրեննիկովի ֆիլմը, միանգամից հավատարմագրում ստացա: Անհավանական հաճելի զուգադիպություն էր, քանի որ ֆիլմը Ռուսաստանում արգելված է ու չեն ցուցադրում, իսկ Կաննում չէի եղել, երջանկություն էր այն Երեւանում դիտել:
- Դիտումից հետո երկար չէի կարողանում քնել, գլխումս տարատեսակ մտքեր էին պտտվում, Դուք ի՞նչ տպավորություններ ունեիք:
- Կիրիլ Սեմյոնովիչին էլ գրեցի, որ ֆիլմից հետո ծանր տպավորություններ ունեմ, միանշանակ ինձ հուզում է Չայկովսկու կնոջ պատմությունը, ու այն, ինչ ֆիլմում արել է Ալյոնան (գլխավոր դերակատար Ալյոնա Միխայլովան - հեղ.) փշաքաղեցնող է, դա դերասանուհու ու ռեժիսորի մեծ վարպետության արդյունքն է: Բայց այն նաեւ միանշանակ պատմություն չէ, իր տրամադրությամբ մի քիչ համընկնում է այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է աշխարհում: Հումորային լավ ու սուր պահեր էլ կային ֆիլմում, բայց ամբողջական տարբերակն ավելի երկար է, եթե այն դիտեինք, բոլորիս համար էլ ավելի ծանր կլիներ: Ես Սերեբրեննիկովի ֆիլմերի մեծ երկրպագու եմ, բայց դրանք դիտելն այնքան էլ հեշտ չի, նրա գործերում այլաբանություն կա մեր ժամանակի հետ, ինչը դրանք ավելի հետաքրքիր է դարձնում: Իսկ քանի որ ես այդպիսին եմ, ինչպես հայտնի ասացվածքում է՝ «Հետաքրքրասեր Վառվառայի քիթը շուկայում պոկել են» (ծիծաղում ենք - հեղ.), չեմ կարողանում կտրվել ու վախենալու դրվագների ընթացքում ավելի կլանված եմ լինում:
- Դուք էլ կաք ֆիլմի դրվագներից մեկում՝ Չայկովսկու քույրն եք, Ձեր ու Կիրիլ Սերեբրեննիկովի համատեղ 2-րդ աշխատանքն է, առաջինը «Պետրովները գրիմպովն» էր, որում Ձեզ միանգամից էր հաստատել՝ Ինստագրամի միջոցով: Իսկ այս անգամ ինչպե՞ս հայտնվեցիք ֆիլմում:
-Եթե ճանաչում եք Կիրիլ Սեմյոնովիչին, ապա գիտեք, որ նրա ֆիլմերում շատ են իր ուսանողները, թատրոնի դերասանները, գործընկերները, նա իր թիմն ունի, ու ինձ բախտ է վիճակվել նրանց թվում լինել: Այս անգամ քաստինգի եմ մասնակցել, միանգամից գրիմով ու կոստյումով եմ խաղացել՝ մոմերի լույսի տակ: Սերեբրեննիկովը շատ զգոն ռեժիսոր է ու մարդ, նա օգնում է ու ուղղորդում դերասաններին: Նկարահանումից հետո հիստերիկայի մեջ էի, բավական բարդ տեսարան էր 14 րոպե տեւողությամբ ու ամբողջը մեկ դուբլով է արվել: Նկարահանումներն արդեն մի քանի ամիս է ընթացքի մեջ էին, բոլորը 19-րդ դարի մթնոլորտով էին ապրում, երբ ես՝ 21-րդ դարի մայրիկս, երեխային տարել եմ մանկապարտեզ, իմ մեքենայով հասել տեղ, ու միանգամից կադրում հայտնվել: Դրա համար էլ իմ խոսքում կային մոսկովյան շեշտադրումներ, ու թվում էր, որ վատ իմաստով շատ եմ տարբերվել, սովորաբար ինքնաքննադատորեն եմ վերաբերվում ինքս ինձ: Երբ Կիրիլն ասաց. «Ստոպ, նկարած է», դրանից հետո 2 ժամ անդադար արտասվում էի՝ արցունքն աչքերիս զգեստափոխվել եմ, ամուսնուս հետ մեքենայով տուն գնացել ու պառկել բազմոցին: Կարծում էի՝ ամեն ինչ վատ է ստացվել, բայց հնչյունավորման արվեստի շնորհիվ ոչ մեկ չզգաց դա:
-Իսկ ինչո՞ւ է նա, ձեր կարծիքով, որոշել նկարահանել Չայկովսոկու կնոջ մասին:
- Սերեբրեննիկովն առհասարակ շատ է սիրում մարդուն: Չայկովսկուն, ինչպես մեր երկրում շատ հանճարեղ մարդկանց դեպքում է, սովոր են միայն մեծարել: Ֆիլմում շատ հետաքրքիր է նրան նայել ոչ թե որպես մեծ կոմպոզիտորի, այլ Պետենկայի, որն անտանելի էր: Երբ մենք էլ նոր ներկայացում ենք անում, կերպարներին ուսումնասիրում ենք բոլոր կողմերից: Խաղում ենք ոչ թե Պուշկին հանճարին, այլ ինչպիսին էր նա, ինչ բնավորություն ու վարք ուներ, այդպես էլ մոտենում ենք ցանկացածին:
- Ալյոնա Միխայլովայի հետ նախկինում նկարվել եք ու ճանաչում էիք, Անտոնինայի դերում ի՞նչը հավանեցիք նրա խաղում:
- Ինձ շատ դուր եկավ ամպլիտուդը, որում նա կա ֆիլմում, որքան թեթեւ էր սկզբում, եթերային, լրիվ գրական հերոսուհի ու թե ինչպես է կյանքը նրան լրիվ փոխում՝ դարձնելով մռայլ ու մութ, անչափ հետաքրքիր էր այդ փոփոխությանը հետեւել: Հպարտ եմ Ալյոնայի համար:
- Ասել եք, որ «էպիզոդիկ դերերի թագուհի եք», գլխավոր դեր ստացել եք միայն 28 տարեկանում: Դժվա՞ր էր սպասել, թե գիտեիք, որ միեւնույն է՝ Ձեր ժամանակը գալու է:
- Երեւի թե չէի էլ մտածում այդ մասին, ես թատրոն ունեի, որն այն ժամանակ անհամեմատ շատ էր իմ կյանքում, հիմա միայն 2 ներկայացման մեջ եմ ներգրավված: Ժամանակ էլ չունեի, որ նստեի ու այդ մասին մտահոգվեի: Բայց կստեմ, եթե ասեմ՝ չեմ մտածել գլխավոր դերի մասին, որոնք թատրոնում էլ չունեի: Բայց այն թիմային աշխատանք է, ներկայացումը 1,5 ժամ է տեւում, ու ամբողջությամբ տրվում ես պրոցեսին, հաճույք էի ստանում իմ աշխատանքից: Կյանքը կարճ է, որ նստես ու տանջվես որեւէ դերի համար, ամեն ինչ լինում է իր ժամանակին: Վստահ եմ, որ այն, ինչ իմն է, ինձնից երբեք չի փախչի:
- Ու եկավ «Չիկի»-ի ժամանակը, որում Դուք գլխավոր դերերից մեկում եք: Այն բոլոր դերասանուհիներին հայտնիություն բերեց, ինչպե՞ս նրա մի մասը դարձաք:
- Էդիկին (ռեժիսոր Էդուարդ Հովհաննիսյան - հեղ.) ես ճանաչում էի, նա էլ է իր շուրջը հավաքել տաղանդավոր մարդկանց ՝օպերատորներ, հագուստի նկարիչ, դերասաններ, ընկերների խումբ է ձեւավորել: Դերերի համար քաստինգ չի եղել, ինքն է ընտրել բոլորիս: Սկզբում Իրինա Գորբաչովայի մոտ է գնացել, հետո՝ Իրինա Նոսովայի, մենք հանդիպել ենք Մոսկվայում գարեջրի շուրջ ու սեղանի թենիս էինք խաղում: Երբ ասաց, որ նման մտահաղացում ունի, միանգամից ասացի, որ նրա հետ եմ:
- Բայց պատկերացնո՞ւմ էինք, որ այդքան հաջողված նախագիծ կդառնա:
- Երբ տեսնում ես, թե որքան մեծ քանակությամբ տաղանդավոր մարդիկ են հավաքվել մի տեղում ու թե ինչպիսի դերասանուհիներ են խաղում, հասկանում ես, որ ռումբ է լինելու: Իհարկե, նկարվելու ընթացքում մտքերն այլ բանով էին զբաղված, բայց տպավորություն կար, որ լավն է ստացվելու: Այն բոլորիս բարձրացրեց, ինդուստրիայի համար էլ մեծ գործ արեցինք, «Չիկի»-ի պես սերիալ մինչ այդ չկար:
- Իսկ ինչպե՞ս Լյուդային ստացաք, նա վառ է, գեղեցիկ, կերպարում զգացվում է նաեւ Ձեր էներգիան, նրան ի՞նչ եք տվել Ձեզնից:
- Էդիկը սցենարը 6 տարի է գրել ու վերջին 3 տարվա ընթացքում համապատասխանեցրել է մեզ: Հենց այնպես չէ, որ Ալյոնայի դերակատարը նման հարաբերություններ ունի տատիկի ու պապիկի հետ, կամ էլ իմ Լյուդան հենց այդպիսին է: Հերոսուհիներից ամեն մեկը կապ ունի մարմնավորած դերասանուհիների հետ: Չեմ կարող ասել, որ Լյուդան ես եմ, բայց նրա մեջ շատ բան կա ինձնից, մանկականություն, բայց որոշ պահերի նա էլ կարող է ամեն ինչ իր ձեռքը վերցնել: Սերիալում ցույց տվեցինք իրական մարդկանց անկեղծ հույզերը: Էդիկը ռիսկի գնաց՝ կադրում հայտնված մարդկանց 80 տոկոսը Պրոխլադնոյի բնակիչներն էին: Նրանք իրենց էներգիան ու պարզությունն են բերել սերիալին:
- Միանգամից չէ, որ կարողացել եք նայել սերիալը, շատ եք հուզվել ու արտասվել, ի՞նչն էր պատճառը:
- Որովհետեւ առաջին մեծ դերս էր, բացի այդ էլ ընթացքում ամեն ինչ չէ, որ հարթ էր եղել: Յուրաքանչյուր սերիան ցուցադրվում էր չորեքշաբթի, իսկ Էդիկը մեր պրոդյուսերի հետ մոնտաժման սրահից դուրս էին գալիս այդ գիշերվա ժամը 4-ին: Բարդ մարաթոն էր նրանց համար, դրա համար բոլորս շատ էինք անհանգստանում: Առաջին երկու սերիան նայել եմ համարյա թե մատներիս արանքով, առաջինի ժամանակ անընդհատ աչքերիս արցունքներ էին, իսկ հետո անչափ հետաքրքիր էր հետեւել աղջիկների կյանքին ու հարաբերությունների զարգացմանը: Շատերն էին գրում ու 2-րդ եթերաշրջանի մասին հարցնում, մենք խոսել ենք այդ մասին, բայց այդքանով Էդիկի ասելիքն արդեն ավարտված է: Եթե շարունակություն գրի, լրիվ այլ բան կստացվի, եթե առաջինի դեպքում 6 տարի պետք եղավ, միանգամից չի ստացվի: Բայց եթե մեզ նոր բան առաջարկի, համոզված եմ՝ բոլորս նրա հետեւից կգնանք:
- Սաշա Մոլոչնիկովը երիտասարդ ռեժիսոր է, էներգիայով լի, խենթ, բայց փորձերին շատ լուրջ է վերաբերվում: Նա ներկայացման համար հավաքել է իր պես խենթ դերասանների: Փորձերն իմ սերն են, վայելում եմ այդ ընթացքը: Բոլորս սիրահարվեցինք միմյանց, տոնի պես էինք գնում, մեզ հետ բերում էինք շոկոլադ, կոնֆետներ, ջուր, ծխախոտ՝ ում մտքովն ինչ անցներ, անչափ հետաքրքիր էր:
- Իսկական աստղային կազմ է հավաքվել՝ Դուք, Վիկտորիա Տոլստոգանովան, Սվետլանա Խոդչենկովան, Եկատերինա Վառնավան, Մարիա Կարպովան:
- Այո, բայց դա չէր զգացվում, բոլորս շատ հասարակ մարդիկ ենք, բացի այդ էլ չեմ սիրում աստղ ձեւակերպումը: Մի անգամ փառատոններից մեկի ընթացքում խնդրեցի ինձ այդպես չանվանել: Իմ պատկերացմամբ, աստղը Ալլա Պուգաչովան է: Իսկ ներկայացման բոլոր դերասանուհիները՝ Կատյան, Վիկան, Սվետան առաջին հերթին հիանալի մարդիկ են, մեծ պրոֆեսիոնալներ եւ նրանց ոչ մի կարգավիճակ էլ պետք չի:
- Իսկ իրարից ինչ-որ բան սովորո՞ւմ եք կամ փորձերի ընթացքում օգնում:
- Իհարկե, առանց դրա չի լինում: Երբ խաղընկերոջդ սիրում ես, ուշադիր ես, դա էլ է օգնում: Երբ փորձերի ժամանակ նայում էի, թե ինչպես է աշխատում Վիկան, նրա առաջին մենախոսությունը հիանալի է, կամ ինչպես է Կատյան փորձում, նա սպանող մեքենա է, նույնն էլ Մաշան ու Սվետան են, բոլորի դերերն էլ տարբեր են, դրա համար ինձ հետաքրքիր էր հետեւել նրանց: Նայում ես, լցվում, բացի այդ էլ բոլորիս հումորի զգացումը հիանալի է, ծիծաղից մեռնում էինք, դա մտերմացնում է, միավորում ու օգնում: Բայց ամենագլխավոր պայմանը, որ որեւէ ներկայացում ստացվի, սերն է ու սերը:
- Ինչպե՞ս է ամեն մի դեր օգնել, որ նորովի բացահայտեք ու ճանաչեք ինքներդ Ձեզ:
- Ամեն աշխատանքի հետ հանդիպում ես նոր մարդու, որի մասին առաջ պատկերացում էլ չունեիր: Որոշ առումով հոգեթերապիայի է նման ու սկսում ես որոշակի հարցերի պատասխաններ գտնել: Ինձ համար անհասկանալի էր՝ ինչպես կարելի է պարզապես կին խաղալ: Չեխովի մոտ էլ այդպես է «Պլատոնովը ցավում է»-ի մեջ, մյուս կերպարները երկար բնութագրեր ունեն, իսկ իմ Սաշայի դիմաց միայն գրված է՝ կին, ու վերջ: Իսկական ընդվզում էր մոտս, թե ինչպես է դա հնարավոր, բայց ընթացքում հասկացա, որ հիանալի է պարզապես կին լինել: Ես անցել եմ դերի լրիվ մերժումից մինչեւ լիակատար ընդունումը: Սկզբնական փորձերի ժամանակ զայրանում էի, կատաղում, ոչինչ չէր ստացվում, քանի որ ես՝ Վարյան չէր կարողանում ասել. «Ես տնային տնտեսուհի եմ ու հպարտ եմ դրանով»: Ախր, լիովին համաձայն չէի այդ մտքի հետ, բայց անցավ մի ընթացք, հասցրի ամուսնալուծվել, ու երբ Սաշան նորից կանչեց խաղալ այդ դերը, արդեն նոր հարաբերություններ ունեի, 180 աստիճանով այլ մարդ էի դարձել ու ամեն ինչ ստացվեց:
https://bravo.am/news/76704
