ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Արվեստը խաղաղության գաղափարի գլխավոր զենքն է. Արա Ալեքյան

Մշակութային

Կյանքի բոլոր ոլորտներում ինքնատիպությունն է գործի վրա թողնում հարատեւության դրոշմը: «Իրավունքի» զրուցակիցը հայ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ ԱՐԱ ԱԼԵՔՅԱՆՆ Է, ում տարբերվող քանդակները ցուցադրվում են եվրոպական մի շարք քաղաքներում եւ հիացմունք պատճառում արվեստասերներին:

Որպես քանդակագործ՝ ուրույն ստեղծագործական ձեռագիր ունեք: Ինչպե՞ս կարող եք բացատրել Ձեր ինքնատիպության հիմնական պատճառը:

— Ամեն մարդ ի բնե արդեն ինքնատիպ է, եւ այս առումով մասնագիտությունը բոլորովին կապ չունի: Իսկ երբ արդեն թեքվում ենք մասնագիտական ուղղությամբ, տեսնում ենք, որ այս ասպարեզում միայն այն արվեստագետն է դառնում ինքնատիպ, սեփական ձեռագիրն ունեցող, ով կարողանում է ինքն իրեն գտնել իր արվեստի մեջ՝ ունենալով իր գույնը, իր տեսակը, իր ձեւը: Այսպիսի մի պարզ օրինակ բերեմ. կան նկարիչներ, քանդակագործներ, որոնք միաժամանակ խիստ տարբերվող ոճերով ու գործերով են ներկայանում: Արվեստասերներին երբեմն կարող է զարմանք պատճառել այս հանգամանքը, թե ինչպե՞ս է մարդը կարողանում այդքան տարբերվող գործեր ստեղծել: Իրականում, այստեղ զարմանալի ոչինչ չկա, այդ արվեստագետներն ընդամենը ստեղծագործական փնտրտուքի շրջանում են գտնվում:

— Ձեր ստեղծագործության հիմքն ու հումքը երկաթն է՝ մասնավորապես երկաթի թափոնները: Ինչպե՞ս եք կարողանում կենդանի շունչ տալ Ձեր երկաթե կենդանիներին:

— Դա ավելի շատ ոգեշնչման հետ է կապված: Եվ հետո, ես միայն կենդանիների արձաններ ու քանդակներ չեմ պատրաստում, ունեմ նաեւ մարդկային կաղապարներով քանդակներ՝ Փարաջանովի կիսանդրին, Թագավորն ու Թագուհին, Ադամն ու Եվան եւ այլ գործեր: Ճիշտ է, հաճախ ինձ ասում են անիմալիստ, բայց ես բացի սոսկ անիմալիստ լինելուց՝ նաեւ մարդկային ֆիգուրաներ եմ կերտում:

— Ունենալով անհատական ինքնատիպ ոճ՝ այնուամենայնիվ, ստեղծագործական առումով ազդվե՞լ եք որեւէ մեկից:

— Ամենքն էլ ինչ-որ մեկից ինչ-որ ձեւով ազդվում են՝ ստեղծագործական առաջին քայլերն անելիս: Ես էլ բացառություն լինել չեմ կարող: Ես շատ բաներ սովորել եմ իմ լուսահոգի դասախոսից՝ Արա Հարությունյանից: Այո, նաեւ ստեղծագործական առումով նկատելի ազդեցություն է ունեցել նա ինձ վրա: Ուզում եմ շեշտել, որ նա երբեւէ երկաթից գործեր չէր պատրաստում, ուղղակի նրանից անբացատրելի էներգիա էր փոխանցվում մեզ: Ավելի շատ կարելի է ասել հոգեւոր ներդաշնակության վրա էր նրա ազդեցությունը: Ժամանակի ընթացքում, երբ ես արդեն իմ որոշ կոմպոզիցիաներն էի պատրաստում եւ ներկայացնում նրան, տեսնում էր ու հասկանում, որ ես բոլորովին տարբերվող ընկալում ունեմ՝ նյութի հետ կապված: Սկզբում մեծ տեղ էի տալիս կարկասին: Գործերս երկար զննելուց հետո` նա ինձ հուշեց, որ փորձեմ այդ ամենն անել կամ զոդման եղանակով, կամ հենց երկաթի միջոցով: Հետո ասաց՝ «Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչպես ես պատկերացնելու իմ ասածները»: Իսկ ես իմ պատկերացրած ձեւով սկսեցի աշխատել երկաթի հետ: Առաջին երկաթե գործս, որ բոլորովին կապ չունի այսօրվա քանդակներիս հետ, մի պարուհու քանդակ է: Այն մինչեւ հիմա պահում եմ մեր տանը: Բավականին բարդ էդ որպես առաջին լուրջ գործ: Երկաթը հալեցնում էի, կաթիլ-կաթիլ ավելացնում, որ ստանամ իմ ուզած կաղապարը: Կարճ ժամանակ անց հասկացա, որ ստեղծագործելու այս տեխնիկան էլ ինձ չի բավարարում: Եվ սկսեցի աշխատել անմիջապես երկաթի հետ ու մինչեւ հիմա այդ արվեստի մեջ եմ: Հենց դրա համար էլ շնորհակալ եմ Արա Հարությունյանին, որ ժամանակին ինձ ճշմարիտ ուղղորդումներով ցույց տվեց այդ ուղին՝ ինքն էլ չպատկերացնելով, որ դա կօգնի ինձ հասնել նրան, ինչի մասին միշտ էի երազել:

— Ի՞նչն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:

-Իմ արվեստը, իմ ընտանիքը, երեխաներս, կինս: Ի վերջո, ներշնչանքն այնքան հանկարծահաս կարող է ծնվել: Պարտադիր չէ, որ ինչ-որ քանդակագործի կամ նկարչի գործեր տեսնես ու դրանից ներշնչվես, երբեմն, թեկուզ ռադիոյով լսած երաժշտությունը կարող է դառնալ ամենամեծ ներշնչանքը՝ այդ պահի, այդ վայրկյանի համար:

Ինչպիսի՞ գործեր ունեք: Ո՞րն է Ձեր ամենասիրելի ստեղծագործությունը:

— Ունեմ մոնումենտալ գործեր՝ երկու Ձի, մեկ Արջ եւ մեկ Ցուլ՝ Բրյուսել քաղաքի տարբեր պուրակներում, ունեմ հսկա Սարդ Կլին քաղաքում, որը ցուցադրվեց Դյուսելդորֆում, Բլագովեշենսկ քաղաքում է տեղադրված ամենամեծ Ցուլը, ներկայումս մեկ Ցուլ եւ մեկ Արջ ցուցադրության են եվրոպական տարբեր քաղաքներում, իսկ մնացած գործերս, որոնք սալոնային են, դրսում ցուցադրելի չեն, դրանք էլ դրված են պատկերասրահներում, որոնք ցուցադրվում են, վաճառվում, այս պահին լիարժեք բոլոր նման գործերիս աշխարհագրությունը չգիտեմ: Միակ աշխատանքս, որ հիմնական տեղադրված է Երեւան քաղաքում, «Շողակաթ» հեռուստաընկերության մուտքի մոտ դրված Կինոխցիկն է: Դա պատվեր էր: Ինչ վերաբերում է ենթահարցին, կասեմ, որ ամենասիրելի ստեղծագործություն չունեմ, բոլորն էլ շատ եմ սիրում: Իհարկե, ունեմ շատ հաջողված գործեր եւ նաեւ այնպիսիք, որ կուզենայի եւս մեկ անգամ անդրադառնալ, որոշ մասեր փոփոխել: Կան գործեր, որոնց նայելիս՝ ուղղակի զարմանում եմ ինքս ինձ վրա, թե ինչպես եմ կարողացել այդպիսի քանդակ կերտել: Փարաջանովի մասին իմ շատ գործերի կողքին շուտով կավելանա եւս մեկը՝ չափերով ամենամեծը, թռիչքի մեջ, կրակների մեջ: Դարձյալ շատ ինքնատիպ եւ հետաքրքիր աշխատանք է ստացվում: Հավանաբար, մեկ ամսից պատրաստ կլինի: Դեռ չեմ ավարտել, բայց արդեն սիրում եմ այդ աշխատանքը:

— Պարոն Ալեքյան, ըստ Ձեզ, ո՞րն է Ձեր քանդակների, արձանների առանձնահատկությունը:

— Իմ արվեստի ամենաառաջին առանձնահատկությունն այն է, որ շատ տարբերվող ձեւով եմ անցկացնում իմ քանդակների բացումը: Դե ընդունված է, չէ՞, որ քանդակների կամ արձանների բացումների ժամանակ հիմնականում մեզ մոտ կիրառելի է սպիտակ սավանների ավանդույթը: Մոնումենտալ քանդակս՝ Ձին, ամբողջությամբ փաթաթեցի թղթերի մեջ ու այրեցի: Հենց կրակների մեջ արեցի իմ քանդակի բացումը: Շատ տպավորիչ էր ստացվել, ներկաները հիացել էին: Բացի դրանից, իմ գործի առանձնահատկություններից մեկն էլ իմ ստեղծագործության հումքն է՝ այս դեպքում երկաթի թափոնները: Իհարկե, ես նաեւ բրոնզից ու մարմարից գործեր ունեմ, բայց որպես առանձնահատկություն, միանշանակ երկաթն է:

— Մի առիթով շեշտել եք, որ երկաթի մեջ Դուք սեր եք դնում: Ի՞նչ եք կարծում, մարդկային սրտերը ջերմանու՞մ են Ձեր գործերից:

— Յուրաքանչյուր արվեստագետ իր չափով սեր է դնում իր գործի մեջ: Այլ հարց է, թե ինչպես են մարդիկ ընկալում այն: Օրինակ՝ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում տեղադրված հսկա Սարդի քանդակը շատերին է գրավում, բայց գտնվում են նաեւ մարդիկ, ովքեր խիստ բացասաբար են ընկալում քանդակի իմաստը:

— ՀՀ կառավարության՝ արդեն ուժի մեջ մտած որոշմամբ չեղարկվում են մի շարք պետական կոչումներ, այդ թվում՝ եւ վաստակավոր նկարչի պետական կոչումը: Որպես ՀՀ վաստակավոր նկարիչ՝ այս կապակցությամբ ի՞նչ կասեք:

— Անկեղծ ասած՝ կողմ եմ ՀՀ կառավարության այդ որոշմանը: Չեմ ընդունում այդ կոչումները, դրանք խորհրդային տարիներից եկած ավանդույթի շարունակությունն են: Այսօր կան մարդիկ, որոնք վաստակավորի կոչում չունեն, բայց տաղանդավոր ու նշանավոր անհատներ են: Շատ ավելի պարզ բան կարող եմ ասել` երբ ինձ շնորհեցին վաստակավոր նկարչի կոչում, դրանից իմ շնորհքը ո՛չ ավելացավ, ո՛չ էլ պակասեց: Այսինքն՝ ինձ համար ոչինչ էր: Երբ արտասահմանում իմ գործերով հետաքրքրվում են, գնում են, երբեք չեն հարցնում արդյոք որեւէ տեղ սովորե՞լ եմ, ի՞նչ կոչում ունեմ: Արտասահմանում այլ է: Նրանք նայում են աշխատանքը, հասկանում են՝ արվեստագետն ի՞նչ խոսք ունի, ապագա ունի՞, թե՞ ոչ: Հետո կարող են անգամ հավակնոտ բիզնես առաջարկներով դիմել: Այս ամենը շատ հարաբերական է: Երբ ես ստանում էի վաստակավորի իմ կոչումը, կային նկարիչներ, որ ուղիղ տեքստով հարցնում էին, թե ո՞ւմ եմ դիմել, որպեսզի ստանամ այդ կոչումը: Մինչդեռ ինձ ուղղակի շնորհել էին այն: Զավեշտ է, հասկանու՞մ եք: Նույնիսկ կոչումներն են կողմնակալորեն բաժանում:

— Ի՞նչ կա Ձեր գործերում, որ պակասում է աշխարհին: Ո՞րն է քանդակագործի Ձեր ուղերձը այսօրվա աշխարհին:

— Իմ ուղերձը միայն ու միայն խաղաղությունն է: Արվեստը խաղաղության գաղափարի գլխավոր զենքն է: Մենք՝ արվեստագետներս, մեր գործերով աշխահին ու մարդկանց խաղաղության մաղթանք ենք հղում: Իմ բազմաթիվ գործեր արտերկրում են: Կարծում եմ՝ դա էլ իմ բաժին մի պտղունց աղն է հսկա կաթսայում եփվող կերակուրի համար, որ պիտի իր զորությունը հաղորդի այդ կերակուրին: Երբ իմ գործերի տակ մարդիկ տեսնում են Ալեքյան ազգանունը, արդեն հպարտանալու առիթ է: Փաստորեն, որպես հայ, իմ ազգի համար կարողացել եմ ինչ-որ բան անել: Իմ գործերում մեծ սեր կա, ինչը պակասում է աշխարհին: Այդ ամենից զատ, նաեւ գերդրական էներգետիկա ունեն իմ գործերը: Քանդակագործի համար աչք շոյող տեսարան է, երբ տեսնում է, թե ինչպես են մարդիկ մոտենում իր քանդակներին, ձեռք տալիս, ուսումնասիրում տարբեր կողմերից: Շատ անգամ եմ տեսել, թե ինչպես են երեխաները խաղում «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղադրված հսկա Սարդի հետ, կախվում ոտքերից, փորձում բարձրանալ: Երբ արվեստագետին հաջողվում է իր գործերով անմիջականության մթնոլորտ ստեղծել, արդեն մեծ բավականություն է պատճառում ե՛ւ արվեստասերներին, ե՛ւ հեղինակին: Իմ գործերով սեր ու դրական էներգիա եմ փոխանցում մարդկանց, նրանցից էլ ինքս եմ ստանում առանձնակի ջերմություն ու ներշնչանք:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված