Որոշել են մեզ պատրաստել նոր զիջումների. Արա Վարդանյան
ԹեմաՄինչ սահմանին թշնամին հերթական սադրանքների է դիմում, եւ ունենք վիրավոր, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խոսում է նրանց հետ «խաղաղության» մասին: Ըստ նրա` սխալվել ենք, «տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը: Ու շարունակվում է այդ քարոզը: Դեռ ինչքան պետք է ընտրենք մահը եւ ոչ թե՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք: Մինչեւ իսպառ բնաջնջու՞մ, որ լոկ մնա՞նք այլ ազգերի պատմության դասագրքերում: Որ կրկին պատմական հայրենիք դավանենք՝ իրականի փոխարեն»: Վերջում էլ եկել է եզրահանգման, թե խաղաղությունն անգին է, ինչին թերեւս դեմ որեւէ մեկը չէ, բայց այլ հարց է, որ դիմացինդ խաղաղություն չի ուզում:
Անդրադառնալով վերոնշյալին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նախ հիշեցրեց, որ շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարության կազմաքանդման գործընթացը, որը վերջին շրջանում նոր թափ է ստացել: Իսկ բնակչությանը նախապատրաստում են նոր զիջումների:
— 44-օրյա պատերազմից հետո` մտքերը հավաքելու եւ նոր հնարավոր հարձակումներին պատրաստվելու փոխարեն` մենք որոշեցինք այլ կերպ վարվել: Մենք պատրաստ ենք նոր զիջումների, մեր ժողովրդի ինքնագիտակցության մեջ ներդրված է պարտվողի հոգեբանությունը: Եվ զարմանալի չէ, որ Արսեն Թորոսյանի նման անձը նման գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում: Ելնելով այդ գրառումից՝ նրանք որոշել են մեզ պատրաստել նոր զիջումների:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
